Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը, արձագանքելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայկրոֆտին, թույլ էր տվել դիվանագիտական էթիկայի խախտում՝ անցնելով «դու»-ի և պահանջելով «հայացքը չփախցնել»։ Սաֆրոնկովի կոշտ ելույթն այսօր քննարկման թեմա է դարձել ինչպես ռուսաստանյան, այնպես էլ միջազգային մամուլում։
Ռայկրոֆտը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն աջակցելու և այդ երկրում մարդու իրավունքների խախտման մեջ։
«Նայի՛ր ինձ, հայացքդ մի՛ փախցրու»,- անգլիացի դիվանագետին դիմել է Սաֆրոնկովը՝ նրանից պահանջելով «չվիրավորել Ռուսաստանը» և Բրիտանիային մեղադրելով «զինված խմբավորումների շահերը սպասարկելու մեջ»։
Հայտարարություններից առաջ Ռուսաստանը ութերորդ անգամ վետո էր դրել ԱԽ՝ Սիրիայի հարցով բանաձևի նախագծին, որին աջակցել էր Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Չինաստանը, որը վեց անգամ կիրառել է վետոյի իր իրավունքը Սիրիայի հարցով, այս անգամ ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
Մեկնաբանելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «որևէ վիրավորական բան» նա չի ասել։ Պեսկովի խոսքով՝ Անվտանգության խորհրդում քննարկումների թեմաները վերաբերում են միջազգային հարաբերություններին, և «թուլամորթության դրսևորումը հղի է տխուր հետևանքներով։
«Հետևաբար, ավելի լավ է պաշտպանել մեր հայրենիքի շահերը հենց այսօր, և, եթե հարկ է, բավական կոշտ»,- ասել է խոսնակը։