Քարոզարշավի ժամանակ հեռուստատեսություններին վճարվել է ավելի քան 311 միլիոն դրամ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ կուսակցություններն ու դաշինքները հեռուստաընկերություններին վճարվել են ավելի քան 311 միլիոն դրամ գումար կամ մոտ 640 հազար ԱՄՆ դոլար, այս մասին հոդված է հրապարակել մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Հոդվածը ստորև.

«ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ծախսերի տեղեկագրերը: Դրանց վերլուծությունից պարզ է դառնում, որ հեռուստատեսությունն ամենամեծ պահանջարկ ունեցող մեդիայի տեսակն է Հայաստանում: Նախընտրական շրջանում կուսակցություններն ու դաշինքները հեռուստատեսություններին վճարել են ավելի քան 311 միլիոն դրամ գումար կամ մոտ 640 հազար ԱՄՆ դոլար:

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը վճարովի եթերաժամանակ գնել են տարբեր հեռուստատեսություններից, սակայն եղել են նաև նախընտրելի ալիքներ:

Օրինակ, «Կոնգրես-ՀԺԿ»-ն, ՀՀԿ-ն, «ՕՐՕ»-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքն ամենաշատ գումարը ծախսել են «Շանթ»-ի եթերաժամանակի համար, իսկ ահա «Հայկական վերածնունդ»-ն իր բյուջեի մոտ կեսը տրամադրել Հ3-ի եթերաժամանակին:

Հանրապետական և երևանյան սփռում ունեցող հեռուստաընկերությունները ընդհանուր վաստակել են շուրջ 260 մլն դրամ (259,777,614 դրամ):

Տեղեկագրերից պարզ է դառնում, որ քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում ֆինանսական հոսքերի մեծ մասն հիմնականում ուղղվել են դեպի մարզային հեռուստաընկերություններ:

Քաղաքական ուժերի մարզային հեռուստաընկերությունների ընտրությունից կարելի է հասկանալ, թե վերջիններս որ մարզերի ընտրազանգվածի վրա են հույս ունեցել: Օրինակ, «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավի ողջ ընթացքում եթերաժամանակ է գնել Շիրակի մարզի հեռուստաըբկերություններից: ՀՀԿ-ն օգտագործել է ավելի շատ մարզային (Սյունիք, Լոռի, Տավուշ, Կոտայք) կայանների եթերը: «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատները» կարևորել են Լոռու և Շիրակի մարզի հեռուստաընկերությունների լսարանները:

Մարզային հեռուստաընկերությունների ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 52 մլն դրամ (52,086,758 դրամ)»:

Մեկնաբանել