ԵՊՀ Հայոց պատմության դասագիրքը՝ Արա Սանճեանի համեմատական վերլուծությամբ

Միչիգանի համալսարանի (University of Michigan-Dearborn) Հայագիտության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Արա Սանճեանը համեմատական վերլուծության է ենթարկել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Հայոց պատմության ամբիոնի 2012թ. հրատարակած պատմության համալսարանական դասագիրքը։ «Ովքեր վերահսկում են ներկան, կարող են վերաձևակերպել անցյալը» վերնագրված զեկույցը պրոֆ․ Սանճեանը կարդացել է Լոս Անջելեսում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին։ ՍիվիլՆեթը զեկույցը ներկայացնում է թարգմանաբար։

2012թ. Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի կողմից Հայոց պատմության դասագրքի հրատարակումը անմիջապես բուռն քննադատության արժանացավ իշխանության ընդդիմախոսների կողմից՝ 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների միակողմանի լուսաբանման համար։ Ըստ քննադատների, այն ներկայացնում է բացառապես պաշտոնական տեսակետը և ամբողջ մեղքը գցում ցուցարարների վրա: Նույն դասագիրքը 2015 թ. նաև պաշտոնապես քննադատվեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ 1988 թ. հաջորդող իրադարձությունների կողմնակալ վերլուծության համար։ Բացի այս քաղաքական շարժառիթ ունեցող քննադատություններից, որքանով ես եմ տեղյակ, շատ քչերն են փորձել վերլուծել գրեթե 5000 տարվա պատմություն ներառող դասագրքի այլ կողմերը։ Այս աշխատությամբ ես կփորձեմ որոշ չափով լրացնել այդ բացը:

Հայոց պատմության ամբիոնը ԵՊՀ-ում ամենահներից մեկն է։ Այնուամենայնիվ, մի շարք գաղափարական և քաղաքական պատճառներով, որոնք խոչընդոտների վերածվեցին, ֆակուլտետի կողմից հայոց ընդհանրական պատմության հետազոտության առաջին բազմահատոր դասագիրքը հրատարակվեց միայն 1958-1964 թթ։ Սակայն առաջին փորձի ժամանակ ծրագրված տասներկու հատորներից լույս տեսան միայն ութը, որոնց շուտով հաջորդեց մի փոքր խմբագրված, բայց համապարփակ քառահատոր տարբերակը՝ 1963-1970թթ։ Երրորդ՝ կրկին մի փոքր փոփոխված երկհատորյակ լույս տեսավ արդեն 1975-1979 թթ.։

Խորհրդային ժամանակաշրջանի դասագրքերն արտացոլում էին այն ժամանակվա կոմունիստական վերնախավի տեսակետները։ Հետխորհրդային Հայաստանում ժողովրդավարության, քաղաքական և գաղափարական բազմակարծության իբրև հիմնարար սկզբունքների որդեգրմամբ՝ հայ ժողովրդի պատմությանը թարմ հետադարձ հայացք նետելը անխուսափելի դարձավ: Այդուհանդերձ, հայոց պատմության ամբիոնը չէր շտապում միանալ այդ ջանքերին։ Միայն 2004թ. այն հրատարակեց հայոց պատմության համալսարանական դասագիրք՝ ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ 2012 թ. հրատարակությունը 2004 թ. դասագրքի ընդլայնված տարբերակն է:

Այնուամենայնիվ, դասագիրքն ավելի նեղ թեմաների շրջանակ է ընդգրկում, քան նրա խորհրդային նախատիպերը։ Այն չունի նախապատմական ժամանակաշրջանի, ինչպես նաև մոնղոլներից մինչև 1800թ. ժամանակահատվածում քաղաքական և սոցիալական պատմության մասին գլուխներ։ 19-րդ դարը ևս մասամբ է ներկայացված միայն։ Զարմանալի է, որ այս դարերը, որոնք բացակայում են քաղաքական պատմության բաժնում, հայկական մշակույթի վերաբերյալ գլուխներում ներկայացված են առանձին բաժիններով:

2004-ի դրությամբ ավտորիտար միտումներն արդեն չափազանց ակնառու էին դարձել հետխորհրդային Հայաստանում: Վերջին տարիներին քաղաքական իշխանությունը աստիճանաբար կուտակվում է Հանրապետական կուսակցության ձեռքում։ Վերջինս այժմ ոչ այլ ինչ է, քան երկրի արմատացած օլիգարխիկ կառուցվածքի արտաքուստ ժամանակակից և ձևական, սահմանադրական ֆասադը: Կուսակցությունը դավանում է ազգային-պահպանողական գաղափարախոսություն, և կրթության հանրապետական նախարարը շտապեց պաշտպանել դասագիրքը՝ ի պատասխան 2012թ. հնչած քննադատության։

Դասագիրքը բարձր է գնահատում Հայաստանում պատմագրության բնագավառում 1991-ից ի վեր տեղի ունեցած փոփոխությունները։ Խորհրդային ժամանակաշրջանի իր նախորդների նման, այն ևս չունի ներածություն, որը կմատնանշեր իր գաղափարական և մեթոդաբանական սկզբունքները: Այդուհանդերձ, այն մեջբերում է անում 2012թ․ պաշտոնական մի փաստաթղթից, որ խոստանում է «պետության և մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային ու մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի»: Նույն փաստաթուղթը նաև կանխատեսում է, որ «հայագիտությունը խթանելու է անկախ պետականության ամրապնդումը, նպաստելու ազգային ինքնագիտակցության ուժեղացմանը»:

Այս զեկույցում կփորձեմ մատնանշել 2012թ. դասագրքի հիմնական գաղափարական հիմքերը՝ բովանդակության վերլուծության և դրա խորհրդային նախատիպերի հետ համեմատության միջոցով։ Սա թերևս տեղին գործիք է՝ համեմատելու հետստալինյան Խորհրդային Հայաստանի ամբողջատիրական և Հանրապետական կուսակցության ընթացիկ ավտորիտարիզմի պաշտոնական գաղափարաբանությունները, որոնց հովանավորության ներքո է գործել Հայոց պատմության ամբիոնը։

Դասագիրքը գրված է հիմնականում ազգությամբ հայ ընթերցողների համար։

Խմբագիրն ու տասներեք հեղինակները ունեն նույն կրթական հենքը. նրանց մեծ մասն իրենց բարձրագույն կրթությունն ամբողջությամբ ստացել են Երևանում: Տասնչորսից միայն երկու հեղինակներն են սովորել Մոսկվայում, այն էլ միայն իրենց թեկնածուական ատենախոսության համար։

Եթե խորհրդային ժամանակաշրջանի դասագիրքը ընդգծում էր, որ Հայաստանի պատմական հայրենիքի տարածքը կազմել է 300,000 քառակուսի կիլոմետր, ապա նոր դասագիրքն այդ թիվը հասցրել է 400,000 քառակուսի կիլոմետրի: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի 12,500 քառակուսի կիլոմետր տարածքով, ի լրումն Հայաստանի Հանրապետության 30,000 քառակուսի կիլոմետրի, դասագիրքը դեռ հաստատում է, որ հայկական պետականությունը ներկայում պահպանվել է միայն միջնադարյան Մեծ Հայքի մեկ տասներորդ տարածքի վրա։ Այն նաև հավանության է արժանացնում ինքնիշխան Հայաստանի տարածքի ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը՝ որպես պատմական արդարությանն ուղղված քայլեր:

Խորհրդային դասագիրքը հայ ժողովրդի ձևավորման գործընթացի սկիզբ համարում է մ.թ.ա. 7-րդ դարի վերջը՝ ուրարտական թագավորության անկման ժամանակը, և դրա ավարտը՝ մ.թ.ա. 2-րդ դարի սկիզբը։ Նոր դասագիրքը հայերին ավելի երկար պատմական կենսագրության է արժանացնում։ Հայ ժողովրդի ձևավորման գործընթացի սկիզբ այն համարում է Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջ – 3-րդ հազարամյակի սկիզբը, երբ հայախոս զանգվածը, ըստ հեղինակների տեսակետի, տարանջատվել է այլ հնդեվրոպացիներից։ Իսկ հայ ժողովրդի ձևավորման գործընթացի վերջ դասագիրքը համարում է Ք.ա. 6-5-րդ դարերը։ Ուրարտուն, որը նոր դասագրքում կոչվում է Արարատյան թագավորություն, ներկայացված է պարզապես որպես ընդամենը հերթական մի օղակ հայ ժողովրդի և պետականության շարունակական շղթայում։

Մարքսիզմը, որպես առաջնորդող գաղափարախոսություն, նոր դասագրքում չկա։ Չկա նաև պատմության պարբերացումը՝ ըստ արտադրաեղանակների։ Պարբերացման նոր սխեմա, բացի միմյանց հաջորդող դինաստիաների թվարկումն ու այլ երկրների տիրապետության տակ գտնվելու ժամանակաշրջանները, նույնպես չկա։

Դասագրքում կարմիր թելի նման անցնում է այն փաստարկը, որ Հայկական լեռնաշխարհում գրեթե անընդմեջ պահպանվել է հայոց պետականությունը՝ սկսած Ք.ա. 28-26-րդ դարերի Արատտա պետությունից մինչև Ք.թ. 13-րդ դարի մոնղոլական արշավանքները։ Ուրարտուն, Երվանդունիները` Ք.ա. 330թ․ հետո, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիները և Կիլիկիայի հայկական պետությունը ժամանակակից հայ պատմագրության մեջ վաղուց արդեն դիտվում են որպես ինքնիշխան միավորներ։ 2012թ. դասագիրքը ավելացնում է, որ Երվանդունիները լիակատար ներքին ինքնավարություն էին վայելում ավելի վաղ, քան ընդունված է կարծել, այսինքն՝ մ.թ.ա. 6-4 դարերում, մարերի ու պարսիկների տիրապետության օրոք, և որ պետականության հիմնարար հատկանիշները Հայաստանում կային նաև Ք.թ. 5-9-րդ դարերում՝ սասանյան, բյուզանդական և արաբական տիրապետության ժամանակահատվածում: Ավելին, 11-12-րդ դարերում սելջուկների տիրապետության տակ տարբեր շրջանների հայ թագավորները, իշխաններն ու հոգևորականները շարունակում էին զբաղվել Հայաստանի ներքին կառավարմամբ։ Մեկ այլ ձևավորված ավանդույթի հետևելով՝ դասագիրքը 12-13-րդ դարերի Զաքարյաններին պատկերում է որպես գրեթե հավասար իրենց վրացի վեհապետներին: Ավելին, այն բարձր է գնահատում ապստամբ հայ նախարարների միմյանց հաջորդող կայսրությունների դեմ անկախ պետականությունը վերականգնելու համար մի շարք ձախողված փորձերը:

Մոնղոլական արշավանքներից հետո դասագիրքը դադարում է ներկայացնել Հայաստանի քաղաքական պատմությունը մինչև 20-րդ դարի սկիզբը։ Փոխարենը, այն կենտրոնանում է հայ ազգային-ազատագրական շարժման որոշ դրվագների վրա, այդ ընթացքում՝ Սյունիքում և Արցախում 1720-ական թվականներին հայերի ռազմական հաջողությունները մեկնաբանելով որպես վերականգնված հայկական ազգային անկախություն: Այն նաև գրում է, որ Նադիր շահը Խամսայի մելիքությունների միջոցով ինստիտուցիոնալացրեց Ղարաբաղի վարչական ինքնակառավարումը։

Սակայն, չնայած կրկնվող «պետականություն» եզրույթին, դասագիրքը չի տրամադրում հստակ չափանիշների ցանկ՝ որոշելու, թե արդյոք մենք կարո՞ղ ենք որոշակի մակարդակի քաղաքական իշխանությունը որոշակի տարածքում անվանել պետություն, թե ոչ:

Արդի շրջանը լուսաբանելիս դասագիրքը անթաքույց համակրանքով է ներկայացնում 1918-1920 թթ. անկախ Հայաստանը։ Խորհրդային Հայաստանի վերաբերյալ մոտեցումը միանշանակ չէ, սակայն վերջինս դեռ կոչվում է երկրորդ հանրապետություն, որի ձեռքբերումները, ինչպես նշվում է, հնարավոր դարձրին երրորդ հանրապետության ստեղծումը:

Օսմանյան կայսրությունում զարգացումները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին հանգեցրին ցեղասպանության, հայ ազգային-ազատագրական շարժման կարևոր մասն են։ Չնայած իր կարևորությանն ու արդիականությանը, դասագրքի առավելապես այս բաժինն է ցույց տալիս, որ պատմագրությունը Հայաստանում հիմնականում շարունակում է անհաղորդ մնալ միջազգային նորագույն տեսություններին ու մեթոդաբանությանը։ Ցեղասպանության վերաբերյալ բաժինը թերևս ամենաթույլն է։ Դրա բովանդակությունը շատ չի տարբերվում նրանից, ինչ այս թեմայի շուրջ գրում էին խորհրդային ժամանակաշրջանի պատմաբանները 1950-ականների վերջին:

Նոր դասագիրքն իր խորհրդային նախատիպերի համեմատ զգալիորեն ավելի շատ ու դրականորեն է լուսաբանում Արմենական, Հնչակյան և Դաշնակցություն կուսակցությունների գործունեությունը Օսմանյան կայսրության վերջին շրջանում։ Նույն ժամանակաշրջանում ակտիվ այլ կուսակցությունները, սակայն, հիշատակվում են միայն թռուցիկ կերպով։ Հայ բոլշևիկները չեն հիշատակվում որևէ համատեքստում նախքան 1917 թ. ռուսական հեղափոխությունները։

Դասագիրքը որպես «գաղութատիրական» է ներկայացնում Խորհրդային Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղում և Նախիջևանում: Այն աջակցում է իր իսկ որակավորումով «արդար» և «համաժողովրդական» Ղարաբաղյան շարժմանը, սակայն նվազեցնում է Ղարաբաղ կոմիտեի առաջատար դերը և շարժման՝ աստիճանաբար անկախ պետականության անցման ընթացքում այն քննադատական երանգ է ձեռք բերում Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության քայլերի նկատմամբ: Ի հակադրություն, դասագիրքը Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին 1998-ից հետո որևէ թերացման համար անձնապես պատասխանատու չի համարում ։

Հայաստանի հարևանների թվում ադրբեջանցիները և թուրքերը հետևողականորեն ներկայացվում են բացասական լույսի ներքո: Արևմտյան ազգերից ամենահաճախակի նշված են բրիտանացիները, և կրկին, ընդհանուր առմամբ, բացասական համատեքստում: Վրացիների, քրդերի և ռուսների նկատմամբ վերաբերմունքը խառն է, մինչդեռ հին և միջնադարյան իրանցիները (բացառությամբ պարթևների) հիմնականում պատկերված են բացասաբար մինչև մեր թվագրության 19-րդ դար, իսկ նրանց ներկայիս ժառանգորդները 1991-ից ի վեր պատկերվում են բավական դրական լույսի տակ։

Դասագիրքը, որպես ազգային հաջողության անհրաժեշտ գործոն, ընդգծում է հայկական միասնությունը, որը վեր է շրջանային, դասային և կրոնական տարբերություններից։ Պարբերաբար ընդգծվում է հայկական մշակույթի եզակիությունը՝ հավանաբար ավելի շատ ընդգծելու ազգային համերաշխության կարևորությունը։

Եթե ամբողջ աշխարհում գնալով ավելի շատ տեղ են հատկացնում սոցիալական պատմությանը, ապա 2012 թ. դասագիրքը իր խորհրդային ժամանակաշրջանի նախատիպերի համեմատ զգալիորեն կրճատել է դրա մասին էջերը։ Ընդ որում, նույնիսկ այդ սոցիալական պատմության փոքրիկ մասը ներքնապես հակասական է։ Որոշ ժամանակաշրջաններ ներկայացված են, որոշները՝ ոչ՝ առանց որևէ բացատրության: Վերնախավի կյանքը վերլուծվում է որոշակի ժամանակաշրջանների դեպքում, իսկ միջին և ստորին դասերը միշտ լիովին անտեսվում են:

Սոցիալական պատմության կրճատումը կարող է նաև կապված լինել դասագրքի կողմից ներհայկական որևէ հակամարտության բացարձակ անտեսման հետ։ Կրոնական-աղանդավորական, գյուղացիների և աշխատավորների շարժումները, հատկապես պավլիկյաններն ու թոնդրակյանները, որոնք կարևորվում էին խորհրդային ժամանակաշրջանի դասագրքերում, այժմ ամբողջովին դուրս են մղված։

Դասագիրքը նաև հետևողականորեն խուսափում է գենդերային հարաբերությունների վերլուծությունից: Հայ կանայք որպես առանձին միավոր հիշատակվում են միայն մի քանի առիթներով։

Հայ առաքելական եկեղեցին հետխորհրդային Հայաստանում այժմ պետական կառույցների և օլիգարխների սերտ դաշնակիցն է: Այնուամենայնիվ, դասագիրքը շատ քիչ է խոսում Հայաստանյայց եկեղեցու մասին, երբեմն նույնիսկ ավելի քիչ, քան նրա խորհրդային նախատիպերը։ Անտեղյակ ընթերցողը ներկայացվածից կարող է եզրակացնել, որ Հայաստանում՝ չորրորդ դարում քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանյայց եկեղեցին մնացել է անփոփոխ։ Ոչ մի բացատրություն չի տրվում, թե ինչու են հայերը իրենց անվանում առաքելական։ Չկա որևէ հիշատակում այն մասին, որ վաղ շրջանում հայ կաթողիկոսները ձեռնադրվում էին Կեսարիայում, և ոչ մի ուղղակի հղում չկա որևէ տիեզերական ժողովի, այդ թվում՝ Քաղկեդոնի ժողովին։ Ընթերցողը, կարդալով 7-րդ դարի զարգացումների մասին, հանկարծ տեղեկանում է, որ Բյուզանդիայի կայսրը փորձել է հայերին պարտադրել քաղկեդոնական դավանանքը․ որևէ նախնական բացատրություն չկա, թե ինչ է այդ դավանանքը: Նույնը վերաբերում է հռոմեական կաթոլիկ եկեղեցու՝ հայերին դավանափոխելու փորձերի մասին հետագա բոլոր հիշատակումներին։

Հայաստանյայց եկեղեցու տարբեր նվիրապետական աթոռները երբեմն նշվում են, սակայն շատ քիչ բացատրությամբ, թե ինչպես են դրանք առաջացել կամ դադարել գոյություն ունենալ։

Հայ կաթոլիկների ու ավետարանականների մասին ևս շատ հազվադեպ է նշվում, և կրկին նրանց ծագման կամ ներկայիս կազմակերպական կառուցվածքի մասին որևէ բացատրություն չկա։

Դասագրքի վերաբերյալ վերը նշված եզրակացությունների մի մասը ակնհայտորեն կարող են վիճարկվել ընթերցողների կողմից: Սակայն շատ ավելի խնդրահարույց է այն, որ դասագրքում ընդհանրապես բացակայում են ուսանողների շրջանում քննադատական մտածողության խրախուսման ջանքերը։ Միայն հայոց պատմության վերաբերյալ խոր գիտելիքներ ունեցողները կարող են դասագրքում տարբերակել առաջնային աղբյուրներից բխող փաստերն ու այժմյան պատմաբանների մեկնաբանությունները: Եզակի դեպքերում է ընթերցողը տեղեկանում, ուղղակիորեն կամ բանավեճի միջոցով, որ գոյություն ունեն նաև նկարագրված դեպքի շուրջ այլ մեկնաբանություններ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել