Արման Թաթոյանին օր առաջ պետք է հեռու պահել Մարդու իրավունքների պաշտպանի աթոռից: Խոսելով Սարի թաղի դեպքերից, այս մարդը հայտարարել է, որ ժողովրդի այնտեղ գնալը չէր կարող խաղաղ նպատակ հետապնդել: Այսինքն, նռնակ շպրտող Երանոսյանը խաղաղ նպատակով էր այնտեղ, իսկ անզեն ժողովուրդը գնացել էր պատերազմի:
Այս մարդը՝ Թաթոյան Արմանը, գիտակցական ողջ կյանքը եղել է իշխանության մեջ, վերջին պաշտոնը Պաշտպան լինելուց առաջ արդարադատության փոխնախարարինն էր: Այսինքն, այս մարդը չի կարող երբեւէ ժողովրդին ավելի մարդ դիտել, քան գլխակեր Լեւոն Երանոսյանի գլխակեր եղբորը: Ո՞վ է այս թավշյա գլխակերին խնդրում արդարացնել ժողովրդի ջարդը:
Կարող էր, չէ՞, պարզապես ասել, որ փոքր ինչ կոշտ էր իշխանության հակազդեցությունը Սարի թաղ բարձրացած ժողովրդի հանդեպ կամ իշխանությունը պետք է ամեն միջոց ձեռք առներ, որպեսզի ժողովուրդը Սարի թաղ չբարձրանար: Գուցե իշխանությունն ինքն է թույլ տվել, որ բարձրանան, գուցե հենց իշխանությունն էլ իր մարդկանց միջոցով ժողովրդին ուղղորդել է Սարի թաղ, որպեսզի մարտի 1-ի փոքրիկ «մարզումներ» անցկացնի ժողովրդի վրա: Թաթոյան Արմանն ամեն ինչ գիտի, ընդ որում իրավական ձեւակերպումներից հեռու բնորոշումներով, իսկ կոնկրետ հանցագործությունը, այդ հանցագործության անպատիժ մնալը չի ձեւակերպում զուտ իրավական բառապաշարով: Կարող էր պարզապես լռել, կարող էր ասել, որ Սարի թաղի գործով պահանջում ենք ամբողջական հետաքննություն:
Այս երիտասարդը Մարդու իրավունքներ հասկացության տակ հասկացել է այն, ինչ ամբողջ Հայաստանն է հասկանում կոռումպացված դատաքննություն եւ արդարադատություն հասկացության ներքո: Այս երիտասարդին պետք է հավանաբար հիշեցնել, որ մինչեւ մազերի ծայրը կոռումպացված եւ լեգիտիմ որեւէ մարմին չունեցող Հայաստանում միակ լեգիտիմ երեւույթը ժողովուրդն է: Իհարկե, ինքը ՄԻՊ-ն էլ ոչ լեգիտիմ պաշտոնյա է, քանի որ կեղծված ընտրություններով ձեւավորված խորհրդարանի ընտրյալ է: Եվ հենց նույն պատճառով պարտավոր չէ միակ լեգիտիմ օղակի՝ ժողովրդի շահերը ներկայացնել ընդդեմ իրեն ՄԻՊ դարձրած իշխանության:
Հա, բայց այս երիտասարդը հավանաբար հույս ունի, որ ինքը Մարդու իրավունքների պատմություն է գրում Հայաստանում, որ ապագայում իրեն կհիշեն որպես Մարդու իրավունքների պաշտպանի: Անաստաս Միկոյանին էլ են հիշում: Անձամբ ոչ մեկի գլուխը չի կերել, բայց քանիսի սպանության պատճառ է դարձել այդ մարդը: Հո միայն Ստալինին դատափետելով չէ:
Որովհետեւ,- զգոն եղեք,- Թաթոյան Արմանը տեղավորվել է իշխանության ընդհանուր անպատժելիության կեղեւի մեջ: Ինքը գիտի, որ իր անմարդկային ձեւակերպումների համար պատասխան տվող չէ, ինքը գիտի, որ ժողովուրդը եղանակ ստեղծող չէ, իսկ ապրիլի 2-ի ընտրություններից հետո նույնիսկ նրա նմանին է պարզ, որ մեծ հաշվով կա միայն սեփական արժանապատվությունը ՀՀԿ-ին հանձնած ժողովուրդ: Որ 10 հազար դրամով ՀՀԿ-ին եւս 5 տարվա հանցագործության քարտ բլանշ տված ժողովրդի մասին ամեն ինչ էլ կարելի է ասել:
Թաթոյան Արմանը լավ է հաշվել ժողովրդի արժանապատվության ատամները եւ հասկացել է, որ կարող է նույնիսկ հայհոյել, նրան ոչինչ չի սպառնում, ինչպես ոչինչ չի սպառնում դպրոցների եւ մանկապարտեզների 141 տնօրեններին, որոնք սեփական հանցանքների մասին պատմում են օրը ցերեկով՝ ենթադրելով, որ, քարը տրաքի, իրենց հետ զրուցողը Թաթոյան Արմանի նման մեկն է: Այս մարդուն պետք է հիշել, որպեսզի հանկարծ մի օր այս ՀՀԿ-ական մղձավանջից իրեն թափ տվող Հայաստանի Հանրապետությունում չփորձի խաղալ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի այն պահակի դերը, որը դատարանում ասում էր՝ հա, ի՞նչ, ես հրեա չեմ սպանել, ես միայն հետեւել եմ, որ բանտարկյալ հրեաները ճամբարից չփախչեն: