Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքները

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում հավանության է արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած սահմանադրությունը, որով երկիրը կառավարման խորհրդարանական համակարգից անցում է կատարում նախագահական կառավարման։ Փոփոխությունների օգտին, քվեաթերթիկների 99%-ի մշակման արդյունքում, քվեարկել է մասնակիցների 51,35%-ը, դեմ՝ 48,65%-ը։ Էրդողանը շտապել է ազդարարել հանրաքվեում «Այո»-ի հաղթանակը, մինչդեռ գլխավոր ընդդիմությունը՝ ի դեմս Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀՊ), հայտարարում է համատարած ընտրախախտումների մասին և խոստանում բողոքարկել արդյունքները՝ դիմելով երկրի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թուրքիայում անցած հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մտադրության մասին հայտարարել է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)։ Թուրքական հանրաքվեն կոշտ քննադատել է ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի համատեղ դիտորդական առաքելությունն իր զեկույցում։ Արդյունքներով բավարարված չեն Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ․ Ստամբուլի մի շարք թաղամասերի բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ փողոցներ դուրս գալով կաթսաներով և թավաներով։

CHP-ի բողոքը

«Հանրաքվեի օրինականության շուրջ ընթացիկ քննարկումներին վերջ տալու միակ ուղին այն չեղարկելն է։ Անհրաժեշտ է չեղարկել այս հանրաքվեն»,- հայտարարել է ԺՀՊ-ի փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը։ Նա տեղեկացրել է, որ կուսակցությունը բողոքարկման նյութեր է պատրաստում՝ լրագրողներին ներկայացնելով համատարած ընտրախախտումները հաստատող տեսանյութ։

Քրդամետ HDP-ի բողոքը

«Հանրաքվեի արդյունքները հստակ ազդանշան են, որ չի հաջողվել հասնել հանրային պայմանագրի։ Մեր համանախագահներն ազատազրկված են, հանրաքվեն անցկացվել է արտակարգ դրության պայմաններում։ Բռնաճնշումները ստվերում են քվեարկության օրինականությունը»,- իր հերթին ասել է HDP-ի խոսնակ Օսման Բայդեմիրը։

Հանրաքվեն անցել է անհավասար պայմաններում․ դիտորդներ

«Թուրքիայում ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեն անցել է անհավասար դաշտում, և արշավի երկու կողմերը չեն ունեցել հավասար հնարավորություններ,- արձանագրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽ-ի համատեղ առաքելությունն իր զեկույցում։- Գործընթացի տեխնիկական կողմերը լավ ապահովված են եղել, սակայն քվեարկողներին չի տրամադրվել չեզոք տեղեկատվություն բարեփոխության առանցքային կողմերի մասին»։

«Հանրաքվեն տեղի է ունեցել քաղաքական մի մթնոլորտում, որում իրական ժողովրդավարական գործընթացի համար կարևոր հիմնարար ազատությունները սահմանափակված են եղել արտակարգ դրության պատճառով, և երկու կողմերը չեն ունեցել հավասար պայմաններ իրենց ընտրողներին սեփական դիրքորոշումը հասցնելու համար,- ասել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան։ – Մեր դիտորդական առաքելության արդյունքում պարզվել է, որ «Այո»-ի արշավը գերակա է եղել մամուլում, և դա, ինչպես նաև լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները, լրագրողների ձերբակալություններն ու պարբերականների փակումը, նվազեցրել է քվեարկողների մատչումը տեսակետերի բազմազանությանը»։

Պրեդայի hամոզմամբ՝ արտակարգ դրության սահմանումը խարխլել է օրենքի գերակայությունը։

Թավաներով և կաթսաներով՝ ընդդեմ հանրաքվեի արդյունքների

Թուրքիայի նախագահի լիազորությունների ընդլայնման դեմ բողոքի ակցիաներ են անցել Ստամբուլի Բեշիքթաշ և Քադըքյոյ թաղամասերում։ Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Բեշիքթաշում փողոց էր դուրս եկել մոտ հազար մարդ, Քադըքյոյում՝ մոտ երկու հազար։ Ավելի փոքր ցույցեր տեղի են ունեցել Անկարայում, Իզմիրում, այլ թուրքական քաղաքներոմ։ Անթալյայում բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 13 մարդ։

Բեշիքթաշում բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ «դեմ են ընտրակեղծարարությանը, անարդարությանն ու գողացված ձայներին»։

«Գող, մարդասպան Էրդողան,- վանկարկել են Քադըքյոյի ցուցարարները՝ երթով շարժվելով դեպի Գերագույն ընտրական խորհուրդ։ – Մենք քեզ նախագահ չենք դարձնի, մենք ուս ուսի կկագնենք ընդդեմ ֆաշիզմի»։

Մինչդեռ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշգամբի իր ելույթում ծաղրել է թավաներով և կաթսաներով ցուցարարներին՝ նշելով, որ մարդկանց մեծամասնությունը բավարարված է հանրաքվեի արդյունքներով։

Նա սովորականի պես մերժել է միջազգային դիտորդների գնահատականը՝ հերթական անգամ նրանց մատնացույց անելով իրենց տեղը։ Թուրքիայի նախագահը «չի ցանկանում տեսնել, լսել կամ ճանաչել դիտորդների՝ քաղաքական աստառ ունեցող զեկույցները»։

Էրդողանը խոստանում է վերադարձնել մահապատիժը

Ապրիլի 17-ի իր ելույթում Թուրքիայի նախագահը նաև խոստացել է վերադարձնել մահապատիժը։ Նա ասել է, որ հավանություն կտա օրինագծին, եթե դրան աջակցություն ցուցաբերեն ընդդիմադիր պատգամավորները։ Իսկ եթե ոչ, ապա, ըստ Էրդողանի, այդ հարցի շուրջ ևս մեկ հանրաքվե կանցկացվի երկրում։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել