«Էրդողանի Պյուռոսյան հաղթանա՞կ»․ Project Syndicate-ի անդրադարձը Թուրքիայի հանրաքվեին

Project Syndicate կայքում լույս է տեսել Ստամբուլի Kadir Has համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սոլի Օզելի հոդվածը՝ «Էրդողանի Պյուռոսյան հաղթանա՞կ» վերնագրով։ Օզելը շեշտադրում է այն ամենը, ինչը բարձրաձայնել են միջազգային դիտորդները՝ արտակարգ դրության պայմաններում և անհավասար դաշտում անցած քարոզարշավ, միակողմանի լուսաբանում, ընդդիմախոսների դեմ բռնություններ, ընտրախախտումներ։ Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Այո-ն հաղթել է [Այո՝ 51,41 տոկոս, Ոչ՝ 48,59 տոկոս – ՍիվիլՆեթ] Թուրքիայի՝ գերազանցապես հետամնաց շրջաններում, մինչդեռ Ոչ-ականները կենտրոնացած էին երկրի տնտեսապես առավել զարգացած շրջաններում։ Միջազգային հարաբերությունների պրոֆեսորը վստահ է՝ այժմ Թուրքիայի քաղաքացիական հանրությունը պետք է մոբիլիզացվի՝ առաջ բերելով օրակարգ և այլընտրանքային առաջնորդներ։

Սոլի Օզելը գրում է, որ անցյալ կիրակի 18 սահմանադրական փոփոխությունների հարցով տեղի ունեցած հանրաքվեում Թուրքիայի ընտրողների առաջ հստակ ընտրություն էր։ Այո-ն փոխելու էր երկրի քաղաքական համակարգը և նոր փուլ էր բացելու թուրքական պատմության մեջ՝ ավելի քան մեկդարյա պառլամենտարիզմը փոխարինելով նախագահական համակարգով, որը «կարած է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հագով»։

Հաշվի առնելով սահմանադրություններ գրելու թուրքական նշանակալի փորձը՝ շատ իրավագետներ այս փոփոխությունները հետադիմական են գնահատում, գրում է հեղինակը։

«Դրանց մշակողները, կարծես, անտեսել են Թուրքիայի պատմության 150 տարին, էլ չասած՝ ազատական ժողովրդավարության ամենահիմնարար դասերը»,- կարծում է պրոֆեսոր Օզելը։

2019թ․ ուժի մեջ մտնող քաղաքական համակարգով վերացվում է վարչապետի պաշտոնը և գործադիր իշխանությունը կենտրոնանում է նախագահի ձեռքում, որը նաև քաղաքական կուսակցության առաջնորդ է։ Թուրքիայի Ազգային ժողովը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կառույցը, կորցնում է իր լիազորություններից շատերը և զգալիորեն կրճատվում է նախագահի հանդեպ վերահսկողության նրա հնարավորությունը, քանի որ նախագահը ցանկացած պահի կարող է լուծարել խորհրդարանը։

Ավելին, դատավորների նշանակման կարգի փոփոխությունները նախագահին օժտում են դատական իշխանության հանդեպ վճռական ուժով։

«Դատական համակարգի՝ առանց այն էլ փխրուն անկախությունը էլ ավելի է թուլանալու, իսկ իշխանությունների տարանջատումը դառնում է անիմաստ»,- արձանագրում է հեղինակը։

Նա գրում է, որ այսքան կարևոր հանրաքվեին չի նախորդել լուրջ բանավեճ, քանի որ հանրաքվեն անցկացվել է անցյալ հուլիսին հեղաշրջման փորձից հետո Էրդողանի սահմանած արտակարգ դրության պայմաններում։

Ի դեպ, այս փաստը մատնանշել են նաև միջազգային դիտորդները։

Փոփոխությունները, ըստ Սոլի Օզելի, հավանության են արժանացել «մոլորության և զրպարտանքի կատաղի արշավից» հետո։

Ընդդիմախոսները մեղադրվեցին ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, իսկ արևմտյան պաշտոնյաները, հատկապես՝ Եվրամիության առաջնորդները, ենթարկվեցին բացահայտ հարձակման։ Սակայն Էրդողանը, որը առաջնորդում էր արշավը, խուսափեց սահմանադրական փոփոխությունների հետևանքների շուրջ իրական բանավեճից՝ դրա փոխարեն պարզապես խոստանալով, որ այն կմեծացնի Թուրքիայի հզորությունը։

Էրդողանի տրամադրության տակ էր ամբողջ պետական ապարատը՝ նահանգապետերն ու մյուս պետական և տեղական պաշտոնյաները։ Բացի այդ, կառավարամետ մամուլը մոբիլիզացվել էր Այո-ի արշավի շուրջ՝ ցնցող, միակողմանի լուսաբանմամբ։

Մյուս լրատվամիջոցները նախընտրեցին կամ նրանց ստիպեցին հանդես գալ անատամ լուսաբանմամբ։

Ոչ-ի արշավականները ենթարկվեցին 200 արձանագրված հարձակման, որոնցից որոշները՝ բռնի։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու համանախագահներն ու մյուս անդամները ազատազրկվեցին։

Project Syndicate-ի հեղինակը անդրադառնում է նաև մեծապես բարձրաձայնված ընտրախախտումներին, որոնք կասկածի տակ են դնում առհասարակ հանրաքվեի օրինականությունը։

Էրդողանի՝ չնչին տարբերությամբ տարած հաղթանակը իրականում Պյուռոսյան հաղթանակ է՝ հաշվի առնելով, թե որքան տրոհված է դարձել երկիրը։ Ոչ-ի կողմնակիցները կենտրոնացած էին Թուրքիայի տնտեսական հանգույցներում, ինչպիսին է երկրի արևմտյան և հարավային ափամերձ տարածաշրջանը, ինչպես նաև գերազանցապես քրդերով բնակեցված հարավ-արևելքում և երկու խոշորագույն քաղաքներ Ստամբուլում ու մայրաքաղաք Անկարայում։

Թուրքիայի 20 տնտեսապես կարևոր քաղաքներից 13-ում (կենտրոնացած է համախառն ազգային եկամտի 62 տոկոսը) ընտրողների մեծամասնությունը քվեարկել է փոփոխությունների դեմ։ Եվ քանի որ այս քաղաքները տալիս են Թուրքիայի տնտեսական և մշակութային արտադրանքի գերակշիռ մասը, այստեղ է բնակվում երկրի առավել կրթված զանգվածը։

Ի տարբերություն դրա, Այո-ի արշավը կազմված էր Թուրքիայի առավել անկիրթ, տնտեսապես ոչ կարևոր, գյուղական, սահմանափակ և պահպանողական շրջանների բնակիչներից։

Սա խորհրդանշական և քաղաքական առումով վկայում է, որ փոփոխություններին դեմ են եղել Ստամբուլում, որտեղ երևան եկավ Էրդողանը՝ որպես քաղաքապետ ընտրվելով 1994-ին։

Հոդվածագիրը կարծում է, որ արդյունքը ցնցել է Էրդողանին, սակայն որպես Անկարայի քաղաքական խաղի վարպետ՝ նա կփորձի հղկել օրակարգը և շարունակել ներկայիս ուղեգիծը՝ հենվելով ներքին բևեռացման վրա։

Նա չի տվել որևէ ազդանշան, որ փորձելու է թոթափել լարվածությունը երկրում։ Ընդհակառակը, նա հայտարարել է, որ վերադարձնելու է մահապատիժը՝ մի բան, որ արգելափակելու է Թուրքիայի մուտքը ԵՄ։ Հանրաքվեի արդյունքները ամենայն հավանականությամբ կսրեն Թուրքիայի ներքին և միջազգային մարտահրավերները։

Լավ լուր է այն, որ ընդդիմախոսների ակտիվ վարքագիծը և այլընտրանքային մամուլի ու միկրո-կազմակերպությունների միջոցով համախմբվելու նրանց ունակությունը, վկայում են, որ Թուրքիայի քաղաքացիական հանրությունը կենսունակ է։

Սա միայն սկիզբն է։ Նրանք, ովքեր ցանկանում են կանխել Թուրքիայի թևակոխումը ընտրական ավտորիտարիզմ, այժմ պետք է նոր քաղաքական միջավայր ձևավորեն և առաջ մղեն այլընտրանքային առաջնորդներ։ Եթե ոչ՝ Էրդողանը կհաղթի 2019թ․ նախագահական ընտրություններում և արագորեն կօգտագործի իր նոր ընդլայնված իշխանությունը այնպիսի մեթոդներով, որոնց դեմն առնելը շատ ավելի դժվար կլինի։

Պատրաստեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել