Բաքուն ստացել է ռուսական զենքի և տեխնիկայի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջան է հասել զինամթերքի և տարբեր նշանակության նորագույն ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Գերատեսչությունը տեղեկացրել է, որ նոր արտադրանքը, որը Ռուսաստանից առաքվել է նավերով և ընդունվել է փորձագետների կողմից, կփոխանցվի համապատասխան զորամասեր։

Նշվում է, որ ռուսաստանցի մասնագետները Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմին նոր տեխնիկայի շահագործման դասընթացներ կտան։

***

Ռուսաստանն Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

Տարեսկզբին Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ և հետաքրքրված է պաշտպանական նորագույն համակարգերով։ Ալիևն ասել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրվել են մոտ 5 մլրդ դոլարի գործարքներ, և դրանց մեծ մասը, ըստ Ադրբեջանի նախագահի, իրագործված է։

Ռուսաստանյան կողմը բազմիցս է հայտարարել, որ բարդ այս տարածաշրջանում ձգտում է ուժերի հավասարակշռություն պահպանել։ 2016թ․ապրիլին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին և Ադրբեջանին իրականացվող զենքի մատակարարումների շուրջ հետևյալ կարծիքն էր հայտնել․ «Եթե մենք մի րոպե պատկերացնենք, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել այդ դերից, մենք շատ լավ հասկանում ենք՝ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից, և այդ զենքի մահաբերության աստիճանը դրանից չի նվազի»։

«Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ 2010–2014թթ․ Բաքուն Մոսկվայի հետ կնքել է С-300ПМУ-2 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն, Тор-М2Э զենիթահրթիռային համալիրների մի քանի մարտկոց, մոտ 100 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ գնելու վերաբերյալ գործարքներ։ Կնքվել են նաև համաձայնագրեր 100-ից ոչ պակաս Т-90С տանկերի և БМП-3 մարտական մեքենաների մոտ 100 միավոր, 18 «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային սարքի, նույնքան ТОС-1А ծանր հրանետ համակարգի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռք բերման վերաբերյալ։

Կարդացեք նաև՝ Մոսկվան շահագրգռված չէ ԼՂ հակամարտության կողմերից մեկի թեկուզև դիվանագիտական, բայց հաղթանակով․ Russia Today։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել