Ադրբեջանցի դիվանագետի կինը գողության փորձ է արել նյույորքյան խանութից

New York Daily News-ը հաղորդել է Նյու Յորքում ադրբեջանցի դիվանագետի կնոջ կողմից գողության փորձի մասին։

«Ե՞րբ գողությունը գողություն չէ։ Երբ կասկածյալը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, անշուշտ»,- գրում է թերթը։

Ադրբեջանցի դիվանագետի կինը բռնվել է այն պահին, երբ փորձել է խանութից դուրս բերել մանկասայլակի մեջ դրված 188.88 դոլարի համարժեք ապրանք, որի դիմաց վճարում չէր կատարել։ Խանութի անվտանգության աշխատակիցը կանգնեցրել է Մեհրիբան Ջաբրայիլովային դուրս գալու պահին։

29-ամյա կինը պատմել է ոստիկաններին, որ Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Ֆարիդ Ջաբրայիլովի կինն է, ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։

Ոստիկանությունը, հաստատելով կնոջ ինքնությունն ու կարգավիճակը, բաց է թողել նրան։ Կայքը նշում է, որ դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվում են նաև դիվանագետների ամուսինները։

Նյու Յորքի ոստիկանությունը կապ է հաստատել Պետքարտուղարության հետ, որը նման դեպքերում դիվանագետի անձեռնմխելիությունը հետ կանչելու իրավունք ունի։ Պետքարտուղարությունը New York Daily News-ի հարցմանը չի պատասխանել։

Կայքը նկատում է, որ ԱՄՆ-ի դաշնային իրավապահ մարմինները կարող են հետամուտ լինել անձեռնմխելիության վերացմանը՝ հետապնդում սկսելու համար, սակայն դա սովորաբար արվում է ավելի լուրջ հանցագործությունների դեպքում։

Մեկնաբանության համար անհասանելի է եղել նաև Մեհրիբան Ջաբրայիլովան։

Մեկնաբանել