Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին անդրադարձել է աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխմանը։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»:

Այդ նպատակով գործադիրի ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարներին հանձնարարարել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ:

Մեկնաբանել