Ռուսաստանը թևակոխում է հետպուտինյան ժամանակաշրջան․ Գլեբ Պավլովսկի

Ռուս քաղաքագետ Գլեբ Պավլովսկին հոդված է հրապարակել Carnegie.ru կայքում՝ կանխատեսելով, թե ինչ զարգացումներ կլինեն Ռուսաստանում։ «Ռուսաստանը գաղտագողի մուտք է գործում անցումային ժամանակաշրջան» վերնագրված հոդվածը ներակայացված է ստորև։

Բազմաթիվ հանգամանքներ ցույց են տալիս, որ Ռուսաստանում իշխող ռեժիմին հանրային աջակցությունը ժամանակավոր է, և երկիրը թևակոխում է հետպուտինյան անցումային ժամանակաշրջան։ Դրան պատրաստ չեն ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ընդդիմությունը։

2016-ը Ռուսաստանի կողմից քաղաքականության վերաբացահայտման տարի էր։

ԶԼՄ-ները սկսեցին սնվել բարձրաստիճան պաշտոնյաների ինֆորմացիոն արտահոսքից, ինչը թերարժեքորեն ներկայացվում էր որպես «հետաքննական լրագրություն»: Գաղտնի թղթածրարները (դոսյեները), որոնք նախատեսված էին միայն նախագահական աչքերի համար, կլանվեցին հանրության կողմից։ Ռուսաստանցիներն այժմ կարող են կարդալ առանձնատների, զբոսանավերի, ինքնաթիռների և օֆշորային ընկերությունների մասին, որոնք պատկանում են Կրեմլի շքախմբին: Հանգամանքը, որ այս ամբողջ կեղտոտ լվացքը հասանելի է դարձել հանրությանը, վկայում է այն մասին, որ այժմ իշխանության վերին շրջանակների միջև իշխանության համար պայքար է ընթանում ետնաբեմում։ Այն կարելի է անվանել «կեղտոտ գլասնոստ»։

Կրեմլի կողմնակիցները Դումայում ձևավորել են նոր մեծամասնություն, սակայն հաղթանակած «Եդինայա Ռոսիա» խումբը խոցելի է, տարամետ և կոմպետենտությունից շատ հեռու։

Իրականում, Պետդումայի այս նոր մեծամասնությունը Կրեմլի համար ավելի շուտ խնդիր է, քան օգտակար գործիք։ Խորհրդարանականների այս խումբը ազգային տարբեր փոքրամասնությունների քաղաքական շահերի և շատ տարբեր օրակարգեր ունեցող քաղաքական գործիչների մի ապաստարան է։ Խմբակցությունների ներսում բյուրեղանում են նորերը։ Միևնույն ժամանակ, նախագահը Կրեմլի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին Դումայի նոր խոսնակ նշանակելով՝ հայտնվել է իրավիճակում, որտեղ անձամբ պետք է զբաղվի ներքին քաղաքականությամբ։

Զուգահեռ, ներքին քաղաքականությունը ձուլվել է գլոբալ քաղաքականության հետ: 2014-ի ամռանը արևելյան Ուկրաինայի վրայով թռչող մալայզական օդանավը խոցելուց հետո Մոսկվան խորացող ռազմական ճգնաժամից սկսեց ռազմավարական փախուստի ուղիներ փնտրել։ Մեկ տարվա ընթացքում Կրեմլը այդ փախուստի ուղին գտավ Սիրիայում։ Դոնբասի հակամարտությանը զուգահեռ, Մոսկվան նախաձեռնեց նոր և, ի վերջո, հաջող միջամտություն Մերձավոր Արևելքում:

Նախագահ Պուտինը հաճախ մարդկանց կոչ է անում «չքաղաքականացնել» հարցերը, քանի որ չափազանց շատ քաղաքականությունը շեղում է նրան ազգային շահին ծառայելու իր պարտականությունից։

Ռուսաստանը տասնհինգ տարի ապրել է ապակուսակցականացված վարչակարգի պայմաններում, որում հակամարտող քաղաքական ուժերը հեռացվում էին հանրային թատերաբեմից։ Սակայն այն չէր մնում դատարկ։ Բեմը բնակեցված էր «կառավարվող ժողովրդավարության» դեկորատիվ կերպարներով, որոնք իրենցից գրեթե բան չէին ներկայացնում և գոյություն ունեին մեծամասամբ հեռուստատեսային լսարաններին զվարճացնելու համար։ Սակայն ապակուսակցականացման այս թատրոնն իրեն սպառել է արդեն։ Այն սպառվեց 2015 թ. փետրվարին բորիս Նեմցովի սպանությամբ, երբ իրական արյունահեղությունը նշանավորեց ինչ-որ նոր ու տարբեր բանի սկիզբ։ Ռուսաստանի քաղաքական կյանքում սկսեցին փոփոխություններ տեղի ունենալ, հենց որ պարզ դարձավ, որ արյունահեղության սլաքները կարող են տանել դեպի Չեչնիա։

Նախագահ Պուտինը դեռ չափազանց բարձր` 82 տոկոս վարկանիշ ունի: Որոշ մեկնաբաններ սա անվանում են «պուտինյան մեծամասնություն»: Սակայն այս մեծամասնությունը կարող է հեշտ ճկվող նյութ դառնալ ցանկացած մեկի ձեռքին, որը կսովորի խաղալ նման մեծ գործիքի հետ։ Այն բաղկացած է մի քանի առանձին քաղաքական խմբերից, որոնք ի վերջո պայքարի կելնեն միմյանց դեմ։

Ավելին, այդ 82 տոկոսը չարագուշակ կերպով մոտ է Ռուսաստանի բնակչության այն 80 տոկոսին, որը Լևադա կենտրոնի՝ «Դուք ազդեցություն ունե՞ք երկրում քաղաքական որոշումների կայացման վրա» հարցմանը պատասխանել է «ոչ»։ Այլ կերպ ասած, ռուսաստանցիների «ճնշող մեծամասնությունը» կարծում է, որ ոչ մի ազդեցություն չունի երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Այս «պուտինյան մեծամասնությունը» բաղկացած է բազմաթիվ տարբեր չներկայացված փոքրամասնություններից: Եթե դրանցից մեկը կամ երկուսը ակտիվացվեն, ապա անանուն մեծամասնությունը հօդս կցնդի, և դրա տեղում ի հայտ կգա շատ ավելի բազմազան Ռուսաստան։

Որո՞նք են ազդեցիկ այդ փոքրամասնությունները. Նրանց մի մասը ներկայացնում են ռուսաստանցիների այն 12 տոկոսը, որը Լևադա կենտրոնի հարցմանը պատասխանել էր՝ «այո, ես ազդեցություն ունեմ»: Որոշ շրջաններում ընտրողների բարձր մասնակցությունը, որն ապահովեց մոտ 12 միլիոն քվե, հնարավորություն տվեց Կրեմլին հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում, մինչդեռ խոշոր քաղաքային կենտրոններում, ինչպիսիք են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, գրանցվեց ընտրողների ցածր մասնակցություն։

Այդ շրջաններից շատերը ապավինում են կենտրոնից եկող դաշնային դոտացիաներին։ Դրանց թվում են Չեչնիայի, Ինգուշեթիայի, Տուվայի, Թաթարստանի, Բաշկորտոստանի և ածուխ արտադրող Կեմերեվոյի շրջանները։

Վարչակարգի որոշ հակառակորդներ, մասնավորապես ձախակողմյանները, դեռևս կառչում են «բողոքի շարժման» միֆին, որը պետք է սրբի-տանի Ռուսաստանի իշխող վարչակարգին: Այն փաստը, որ բողոքի այս ուտոպիստական երազանքը այդպես էլ չի իրականանում, վերագրվում է «վարչակարգի անհաղթահարելի ուժին»:

Այս ամենը մարտահրավեր է հետախուզական ծառայությունների, այդ թվում, Անվտանգության դաշնային ծառայության համար, որից ինքը՝ Պուտինն է առաջ եկել։ Նրանք կանգնած են հակասական խնդրի առջև՝ ներկայում Ռուսաստանում չկան լուրջ ուժեր, որոնք ակտիվորեն թշնամաբար են տրամադրված Պուտինին: Սա կարող է հանգեցնել երկու արձագանքներից մեկին:

Առաջինն այն է, որ հատուկ ծառայությունները նեղացնեն իրենց գործունեության շրջանակը և իրենց պայքարը սահմանափակեն ծայրահեղական ուժերի իրական դավադրություններով և արտերկրից հնարավոր թշնամական թափանցելիությամբ: Իսկ երկրորդ արձագանքը չափազանց պարզունակ է. հնարել թշնամիներ։ Բայց եթե դա ակտիվացված է, ապա անհնար կլինի կանգ առնել ստատուս-քվոյի առաջ: Իշխանությունները պետք է նույնիսկ ավելի հեռուն գնան՝ մոբիլիզացնելով հեռուստատեսությունն ու հանցագործների մանր խմբերը, որոնք միշտ պատրաստ են հանդես գալ իրենց անունից՝ չեզոքացնելու պետության թշնամիներին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի լիբերալ ընդդիմությանը, հիմնական խնդիրն այն չէ, որ վերջինս ոչ հզոր է, ոչ էլ կոմպետենտ։

Ընդդիմության խաչակիր Ալեքսեյ Նավալնին խոսում է ժողովրդավարական ընտրազանգվածի մասին, որը կազմում է «խոշոր քաղաքներում մինչև 25 տոկոս», դրանով իսկ պատկերացնելով, որ բոլոր ժողովրդավարները մեկ ժողովրդավարական շարժման են հարում։ Սակայն իրականում Ռուսաստանի ժողովրդավարական ընտրողները առճակատվող են և տարասեռ, իսկ նրանց կազմակերպված խմբերը չեն ցանկանում գործ ունենալ միմյանց հետ:

Ռուսաստանի նոր անցումային փուլը սկսվել է տարերայնորեն և տեղի է ունենում տարբեր ձևերով։ Ապագան նկարագրվում է որպես առեղծված կամ «կույր բիծ»։ Միգուցե այն, ինչին հիմա ականատեսն ենք մեր լայն փակված աչքերով, անցումային ժամանակաշրջանի ցուցավահանակի կտորներն են։

Նախկինում Կրեմլը միգուցե չէր հասկանում Ռուսաստանին, բայց հասկանում էր՝ ինչպես պահպանել վերահսկողությունը և գիտեր հնարավորինի սահմանները։ Այժմ, երբ հնարավորինի սահմանները աղավաղվել են աշխարհի հակամարտությունների հետևանքով, Կրեմլը գործում է առանց սահմանափակումների։ Նրանք, ում ձեռքում իշխանություն կա, չգիտեն ինչպես այն օգտագործել։ Բոլոր հայացքներն ուղղված են համակարգի սրտում կանգնած նախագահին, հասկանալու՝ ինչպես է ընթանալու այս անցումային փուլը։ Սակայն Պուտինը միակը չէ, ում ուղղված են այդ հայացքները։

Դժբախտաբար նրա համար այս պահը համընկնում է իր նախագահական ժամկետի ավարտի հետ:

Առջևում մնում է անկանխատեսելի ապագան: Անցումային շրջան է գալիս՝ անհայտ քաղաքական օրակարգերով: Խեղճ Պուտին, պատմությունը չար կատակ է խաղում նրա հետ։ Նա մի երազկոտ, ծերացող պահպանողական է, որն այժմ շարժվում է դեպի դեռևս երիտասարդ Ռուսաստանի հետ ճակատագրական հանդիպման, որը չի վախենում ո՛չ կյանքի դժվարություններից, ոչ էլ Պուտինից։

Երկիրը ուղևորվում է դեպի նոր եզերք։ Ամեն դեպքում, այն ուղղված է դեպի մի հանգրվան, որը տարբեր է Պուտինի ճանաչածից։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել