Ժողովրդագրական աղետի նախանշանները գնալով ավելի ցայտուն են դառնում․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթում լույս է տեսել Հայկ Գևորգյանի հոդվածը՝ «Ժողովրդագրական աղետի» նախանշանները գնալով ավելի ցայտուն են դառնում» վերնագրով։

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում արձանագրված ժողովրդագրական հիմնական ցցանիշները ուղղակի սահմռկեցուցիչ են: Դրանք ուղղակիորեն շոշափում մեր երկրի հեռանկարի և անվտանգության հարցերը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի հիմնական սոցիալ- տնտեսական ցուցանիշների` ժողովրդագրության վերաբերող պաշտոնական տվյալներով, Հայաստանում ծնունդների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել է (գծ.1): Եթե անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել էր 9 հազար 125 երեխա, ապա այս տարի՝ ընդամենը 8 հազար 534: 2011 թվականի առաջին երեք ամիսներին ծնվածների թիվը անցնում էր 10 հազարը: Փաստորեն ծնունդերի թիվը այս 7 տարիների ընթացքում նվազել է մոտ 16 տոկոսով:

Նույնքան կտրուկ աճել է մահերի թիվը (գծ. 2): Անցած տարի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է 8 հազար 37 մահ: Վերջին 7 տարիներին ավելի շատ մահեր արձանագրվել են 2014 թվականին:

Զուտ ժողովրդագրական տեսանկյունից ամենակարևոր ցուցանիշը թերևս բնական հավելաճն է` ծնվածների և մահացածների թվերի տարբերությունը (գծ. 3): Ահա հենց այս ցուցանիշն է, որ ամենասարսափելին է: Ծնվածների և մահացածների թվերի տարբերությունը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 497: Սա մոտ երեք անգամ քիչ է անցած տարվա ցուցանիշից: Դժվար է գտնել բնական հավելաճի տեմպի՝ մեկ տարվա ընթացքում արձանագրված նման կտրուկ անկում անցած, ասենք, 20-25 տարիներին: Իսկ ամենասարսափելին այն է, որ, ինչպես պարզ երևում է գծապատկեր 3-ում, բնական հավելաճի տեմպի անկումը արձանագրվում է արդեն 5-րդ տարին անընդմեջ:

Այսպիսի կայուն միտումը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե կարճաժամկետ մի երևույթի հետ, որը ինչ-որ գործոնների ազդեցության տակ կարող է, ասենք, հաջորդ տարի փոխվել, այլ արմատական բնույթի գործընթացի: Ասվածի ապացույցն է մեկ այլ ցուցանիշ` ամուսնությունների թվի փոփոխությունը (գծ. 4): Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 3 հազար 544 ամուսնություն այն դեպքում, երբ, օրինակ, 4 տարի առաջ այդ թիվը 4 հազար 744 էր:

Այս աղետալի միտումները հնարավորինս արագ կանխելու միակ տարբերակը զանգվածային ներգաղթն է, որն էլ կարող է պայմանավորված լինել միայն տնտեսությունում արագ և արմատական բարեփոխումներով: Սակայն քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ նման փոփոխությունների հեռանկարները գոնե առայժմ բացակայում են:

Մեկնաբանել