Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություն չունի

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացման մասին տեղեկություն չկա․ այս մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։ 

Դիվանագետը նշել է, որ համանախագահները նման հանդիպման ժամկետի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն։ 

Ինչ վերաբերում է անցյալ շաբաթ Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, ապա այն, ըստ Հոգլանդի, անցկացվել է ՌԴ ԱԳ նախարարի նախաձեռնությամբ։ 

***

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: