Ինչու է Թրամփը պատրաստ հանդիպել Հս․ Կորեայի բռնապետի հետ․  CNN-ի անդրադարձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ճիշտ հանգամանքներում իր համար «պատիվ կլինի» հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ CNN-ի սյունակագիր Քրիս Չիլիցան (Chris Cilizza) իր հրապարակած վերլուծությունում գրում է, որ Թրամփի այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ նա դեռ չի ըմբռնում նման հանդիպման կարևորությունն ու հղվող ուղերձը։

«Եթե հարմար լինի հանդիպել նրան, ապա ես իսկապես պատիվ կհամարեմ դա անել։ Եթե դա լինի, նորից եմ ասում, համապատասխան հանգամանքներում։ Բայց ես կանեմ դա»,- ասել է Թրամփը։

Հանդիպման այս պատրաստակամությունը հաջորդում է Թրամփի՝ CBS-ին տված հարցազրույցում Կիմին «միանգամայն հնարամիտ դեմք» (pretty smart cookie) անվանելուն։ ԱՄՆ որևէ նախագահ իր կառավարման ընթացքում չի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի, և գաղափարն ինքնին բավական հակասական է։

Թրամփն այս հայտարարությունն անում է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ բավականին հակասական մի կերպարի հետ «ընկերական զրույցից» ընդամենը 48 ժամ հետո, որին Թրամփը հրավիրել էր Սպիտակ տուն։

Կիմը բռնապետ է։ 2013 թ. նա մահապատժի ենթարկեց իր հորեղբորը, որն իբր պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել։ Կիմ Չեն Ինը շարունակում է հեռահար հրթիռներ փորձարկել և ցանկություն է հայտնել միջուկային մարտագլխիկներ ձեռք բերել: Դուտերտեն, իր հերթին, բավականին ագրեսիվ և շատ վիճահարույց հակաթմրանյութային արշավի կիզակետում է, որի հետևանքով ավելի քան 7000 մարդ է սպանվել։

Մի՛ սխալվեք: Թրամփը շատ լավ գիտակցում է, որ առաջարկելով Կիմի ու Դուտերտեի պես անձանց իր հետ հանդիպել, խախտում է Սպիտակ տան  երկարամյա ավանդույթը։

Նա դա նույնիսկ անվանում է հրատապ լուր։

«Մենք հրատապ լուր ունենք»․ այս նախադասությունն հուշում է, որ  Թրամփը միտումնավոր հրահրում է, որպեսզի առաջ մղի իր՝ արտասովոր քաղաքական գործիչ լինելու նարատիվը, թե ինքը պատրաստ է անել և ասել բաներ, որ որևէ մեկ այլ նախագահ չէր անի։

Նա նաև վստահ է ցանկացած մեկի հետ բանակցության նստելու և դրանից ԱՄՆ-ին ձեռնտու գործարք քաղելու իր կարողության վրա։ Այս նույն վստահությունն է Թրամփին հետ պահում Վլադիմիր Պուտինի հետ առճակատումից։ Թրամփը կարծես ասում է՝ «Ինձ նրանց հետ մի սենյակում թողեք, և կզարմանաք՝ արդյունքում ինչ գործարքի կհասնեմ»։

Սակայն այս մոտեցումն ունի երկու կույր կետ։

Առաջինն այն գաղափարն է, որ Թրամփը կարող է այլ երկրների՝ ԱՄՆ-ից արմատապես տարբեր աշխարհայացք ունեցող առաջնորդներին դրդել անել այն, ինչ ինքն է ուզում։  

Երկրորդն այն է, որ Թրամփի՝ Կիմ Չեն Ինի պես անձի հետ հանդիպումը աներևակայելի հզոր ուղերձ կլինի աշխարհին։ Անկախ նրանից՝ ինչ արդյունք կունենա Կիմի կամ Դուտերտեի հետ հանդիպումը, դա գրեթե նշանակություն չունի: Հանդիպումն ինքնին այդ մարդկանց օգտին է։ Այն վերջիններիս հավասար բեմի վրա է դնում աշխարհի ամենահզոր պետության ղեկավարի հետ։ Թրամփն ինչ էլ ասի կամ անի, այդ իրողությունը չի փոխվի։

Տարօրինակ է, որ Թրամփի նման մեկը, որն այդքան մեծ ուշադրություն է դարձնում իր իմիջին, չի հասկանում սա։ Կամ որ նա այնքան ինքնավստահ է նույնիսկ Կիմի կամ Դուտերտեի նման մարդկանց համոզելու իր կարողության վրա, որ պատրաստ է կողք կողքի կանգնել նրանց հետ:

Բայց սա Թրամփն է։ Ասել սադրիչ բաներ, ապա դրանք արդարացնելու միջոցներ գտնել։