Քննարկվում է Պերմյակովի պատժի կրման վայրը․ Interfax

Interfax գործակալությունը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Հայաստանում ազատազրկված ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը։

«Վալերի Պերմյակովը դատապարտված է և հայաստանյան, և ռուսաստանյան դատարանների կողմից։ Ներկայում քննարկվում է պատժի կրման վայրի կազմակերպման հարցը»,- Interfax-ին ասել են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Իր հերթին Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ տեսականորեն Պերմյակովը կարող է ուղարկվել Ռուսաստան։

«Կոնկրետ տվյալներ դեռ չկան։ Սակայն կարող է հաշվի առնվել հանգամանքը, որ հայաստանյան դատարանի կողմից գործի քննման ընթացքում նա արդեն դատապարտվել էր ռուսաստանյան դատարանի կողմից»,- ասել է Աղաջանյանը։

Տուժող կողմի վճռաբեկ բողոքը մերժվել է, և այժմ պետք է վերջնականապես լուծվի նրա պատժի կրման վայրի հարցը։

Միևնույն ժամանակ, նկատում է գործակալությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե Պերմյակովին կարող են փոխանակել Ռուսաստանում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ:

***

Ապրիլի վերջին հայտնի էր դարձել, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը:

«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,- ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: