«Ծառուկյան» դաշինքից 11 հոգի հրաժարվում է մանդատը վայր դնել

Մայիսի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստացած և ապա այդ մանդատներից հրաժարված պատգամավորների ցանկը։ Ըստ Մուկուչյանի՝ ՀՀԿ-ից մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 9 հոգի՝ Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Ամիրյանը, Կարեն Բոթոյանը, Արտակ Զաքարյանը, Արման Սահակյանը, Սամվել Սանամյանը, Վահե Հակոբյանը, Առուշ Առուշանյանը, որոնք բոլորը նախարարական և այլ գործադիր պաշտոններ են զբաղեցնում։

ՀՅԴ-ից մանդատը վայր է դրել երեք պատգամավոր՝ Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը։ Այս երեք գործիչներն այսօր կառավարության անդամ են և զբաղեցնում են տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության, բնապահպանության նախարարների պաշտոնները։

Մուկուչյանը ներկայացրեց նաև, որ երեկ «Ծառուկյան» դաշինքից մանդատները վայր դնելու որոշում է կայացրել 23 պատգամավոր, որոնցից 11-ն այսօր հետ է վերցրել դիմումները․ «Ինքնաբացարկ ներկայացրած 11 թեկնածու այսօր առավոտյան ներկայացրել են դիմում, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց, և որ նախկինում ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը պիտի անվավեր ճանաչվի»։ Այդ պատգամավորներն են Վահան Կարապետյանը, Խաչիկ Մանուկյանը, Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, Ալիկ Եղիկյանը, Սերգեյ Կարապետյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը, Մանուկ Սուքիասյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Մանուկյանը։

Մուշեղ Սաղաթելյանն ԿԸՀ-ում հայտարարեց, որ իրենք թղթեր են ստորագրել, որոնց վրա գրված է եղել միայն 90 հոդված, և չեն իմացել, որ խոսքը պատգամավորության մանդատից հրաժարվելու մասին է: «Սատանայական թուղթ է եղել, որ հետո դեմ տան…»,- նշեց Սաղաթելյանը՝ պնդելով, թե չի հրաժարվել պատգամավորի մանդատից:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ստացած նոր դիմումները կքննվեն այսօր։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել