Ադրբեջանում աճում է բազմակնությունը․ Գաբիլի ու Ալյոնայի պատմությունը

Ադրբեջանական Meydan.tv ընդդիմադիր կայքը հոդված է հրապարակել այդ երկրում բազմակնության ավանդույթի մասին։ Հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։

Ադրբեջանում բազմակնությունն արգելված է օրենքով, սակայն բազմաթիվ ընտանիքներ կան, որտեղ տղամարդը մի քանի կին ունի, և այդ փաստն առանձնապես քողարկված չէ։

Ադրբեջանը, որպես աշխարհիկ պետություն, չի ճանաչում բազմակնությունը։ Ադրբեջանի 1999թ. Ընտանեկան օրենսգրքի 12-րդ հոդվածում նշվում է, որ «ամուսնությունը չի թույլատրվում անհատների միջև, որոնցից մեկը կամ երկուսն էլ այլ ամուսնության մեջ են» (12.0.2): Այնուամենայնիվ, անկախությունից ի վեր քսանհինգ տարիների ընթացքում նման ամուսնությունների թիվը զգալիորեն աճել է։

Գաբիլը (անունը փոխված է) ադրբեջանական մի փոքրիկ գյուղից, բազմանդամ ընտանիքից է։ Երիտասարդ տարիքում մեկնել էր Բելառուս՝ բարեկամների մոտ, ուսանելու համալսարանում։ Այնտեղ նա հանդիպել էր Ալյոնային (անունը փոխված է) և համալսարանն ավարտելուց հետո զույգը որոշել էր ամուսնանալ:

Այս լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել Գաբիլի հայրենի գյուղում։ Ադրբեջանի որոշ շրջաններում «ռուսի հետ ամուսնանալը» խարան է համարվում։ Գաբիլի ընտանիքը վճռականորեն դեմ էր այդ ամուսնությանն ու վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ նա, կա՛մ մենք։

Գաբիլն ընտրեց Ալյոնային, բայց կորցրեց իր ընտանիքը. նրա հարազատները խզեցին «անշնորհակալ որդու» հետ իրենց բոլոր կապերը։ Նրանք նույնիսկ չօգնեցին, երբ զույգը տեղափոխվեց Բաքու և սկսեց ապրել վարձակալած բնակարանում։

Այնուամենայնիվ, ամուսնությունը հաջողակ էր։ Գաբիլն սկսեց աշխատել նավթային ոլորտում, և որոշ ժամանակ անց զույգը քաղաքի ծայրամասում տուն կառուցեց ու սկսեց մտածել երեխայի մասին։

Հանկարծ Գաբիլը զանգ է ստանում եղբորից, որ մայրը մահամերձ է։ Տղան շտապում է հայրենի գյուղ՝ անհանգստանալով, որ մորն արդեն ողջ չի տեսնի։ Հասնելով գյուղ՝ նա սկսում է բոլոր կողմերից շնորհավորանքներ ստանալ. պարզվում է՝ բոլոր բարեկամները եկել էին նրան շնորհավորելու… հարսանիքի կապակցությամբ։

Իր լիովին առողջ մայրն ու մեծ եղբայրը հայտարարում են, որ կթողնեն հանգիստ ապրի «այն կնոջ հետ», պայմանով, որ Գաբիլը ամուսնանա իր ազգականներից մեկի՝ երիտասարդ մի բարեկամուհու հետ։ Ավելին, հարսին արդեն բերել էին, և վերջինս այլևս չէր կարող վերադառնալ հայրական տուն. դա խայտառակություն կլիներ ողջ ընտանիքի համար։

Գազազած Գաբիլին եղբայրն ասում է, որ հարսանեկան արարողությունը կիրականացնի տեղի մոլլան, առանց որևէ տեսակի «քաղաքացիական կացության ակտերի գրանցման թղթերի», այնպես որ, անօրինական ոչինչ չի լինի։ Ամուսնությունից հետո երիտասարդ կինը մնալու էր սկեսրոջ տանը՝ նրան օգնելու կենցաղում, իսկ Գաբիլից միայն պահանջվում էր երբեմն-երբեմն գումար ուղարկել և այցելել իր կնոջը։

«Մեր ապուպապերի ավանդույթով…», – ասաց եղբայրն ու սենյակ բերեց հարսին, որին Գաբիլն առաջին անգամ էր տեսնում։ Այլևս ընդդիմանալու իմաստ չկար։ Մոլլան կարդաց նիկայի (կրոնական ամուսնություն) տեքստը , և այդ պահից, «Ալլահի կամքով», նրանք դարձան ամուսիններ․․․

Մի քանի օր անց Գաբիլը վերադառնում է Բաքու՝ այդ մասին ոչինչ չասելով Ալյոնային, և կյանքը վերադառնում է իր բնականոն հունին։ Սակայն ամիսներ անց նրանց դուռն է թակում մի անծանոթ՝ Գաբիլի եղբայրը, կողքին հղի երիտասարդ մի կին, և ասում, որ Գաբիլի ընտանիքին է բերել։

Ալյոնան ցնցված էր։ «Մենք այսպես չենք կարող ապրել, պետք է տեր կանգնես ընտանիքիդ»,- ատամների արանքից նետում է մեծ եղբայրն ու թողնում Գաբիլին երկու արտասվող կանանց հետ։

Ալյոնան սկզբում ծրագրում է ամուսնալուծվել, սակայն Գաբիլն անդրդվելի էր. նա չէր կարող լքել իր երկրորդ, հղի կնոջը։ Ալյոնան, հասկանալով, որ չի կարող ամուսնալուծվել և Մինսկ վերադառնալ, հաշտվում է իրավիճակի հետ։ Տունը բաժանում են երկու մասի, շուտով ծնվում է Գաբիլի որդին, և երկրորդ կինը սկսում է հոգալ ընտանիքի մասին։ Աստիճանաբար, ամեն ինչ իր տեղն է ընկնում։

Կանայք շատ չէին շփվում, սակայն չէին էլ վիճում։ Հարևանները հարցին ըմբռնումով էին մոտենում, իսկ կառավարությանը բացարձակապես չէր հետաքրքրում իրավիճակը։

Որոշ ժամանակ անց Գաբիլին սկսում է թվալ, որ չնայած հարազատներն իրեն խորամանկությամբ խաբել են, սակայն դա դեպի լավն էր, և իրեն իսկապես պետք էր երկրորդ կին։ Ընտանիքը մինչ այսօր միասին է, և նրանք երկու երեխա ունեն։

Բազմակնությունը սովորական երևույթ է եղել Ադրբեջանում՝ բացառությամբ խորհրդային ժամանակաշրջանի 70 տարիների։ ԽՍՀՄ-ում այն բավական խիստ էր պատժվում (համաձայն ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 235 հոդվածի՝ բազմակնությունը պատժվում էր մինչև մեկ տարի ազատազրկմամբ, որը զուգորդվում էր ուղղիչ աշխատանքներով կամ մեծ տուգանքով)։

Chisty Mir [Մաքուր աշխարհ] հասարակական կազմակերպության նախագահ Մեհրիբան Զեյնալովան գտնում է, որ նման ընտանիքներ ի հայտ են գալիս առաջին հերթին սոցիալ-տնտեսական, և հետո միայն այլ գործոնների՝ մտածողության ու կրոնի արդյունքում: «Նման դեպքերը շատ չեն, հիմնականում հանդիպում են հարավային մարզերում: Խնդիրն այն է, որ աղջիկները չեն ստանում անհրաժեշտ կրթություն, որը բացասական արդյունքի է բերում. հաճախ նրանք չեն կարող իրենք իրենց կենսակերպն ապահովել»,- ասում է Զեյնալովան:

Ներկայում, Ադրբեջանում բազմակնության տարածմանը «նպաստում» են մի քանի կարևոր սոցիալական գործոններ, այդ թվում՝ երկարատև տարածաշրջանային ռազմական հակամարտությունը, երկրից աշխատունակ տարիքի տղամարդկանց զանգվածային արտագաղթը, ընդհանուր աղքատությունն ու գործազրկությունը, հատկապես` գյուղական համայնքներում:

Աստվածաբան և գիտնական, Կրոնական փորձագետների խորհրդի անդամ Էլշադ Միրին կարծում է, որ իսլամը ոչ մի կերպ չի խրախուսում, այլ ընդամենը թույլ է տալիս բազմակնությունը։

Ըստ աստվածաբանի՝ դա ասված է Ղուրանի Ան-Նիսա գլխի երրորդ հատվածում.«Եվ եթե դուք վախենում եք, որ չեք կարող արդարացիորեն վարվել որբ մնացած աղջիկների հետ, ապա ամուսնացեք ձեզ դուր եկած [այլ] կանանց հետ՝ երկու կամ երեք կամ չորս։ Սակայն, եթե դուք վախենում եք, որ չեք կարող արդարացի լինել, ապա [ամուսնանացեք միայն] մեկի հետ։ Ավելի լավ է, որ հակված չլինեք [անարդարության]»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել