ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կփակվի․ Հարավային Կովկասը՝ առանց կազմակերպության լիարժեք ներկայության

Մայիսի 4-ին հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել՝ պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ։ Գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը ափսոսանք է հայտնել, որ «չնայած տևական և մեծ ջանքերին»՝ չի հաջողվել հասնել կոնսենսուսի Երևանում ԵԱՀԿ գրասենյակի «կարևոր աշխատանքի շարունակության» հարցում։ Իր հերթին Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Կրիստիան Վիգենինը նկատել է, որ Վրաստանում և Ադրբեջանում դաշտային առաքելությունների փակումից հետո Երևանի գրասենյակը ունի «և՛ խորհրդանշանական, և՛ գործնական կարևորություն, որը չի կարող անտեսվել»։ Նա հույս է հայտնել, որ մինչև վերջնական փակումը ընկած փուլում կհաջողվի փոխզիջումային լուծման հասնել, այնպես որ՝ երկիրը «շարունակի օգտվել առաքելության աջակցությունից»։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երևանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումները։ Նրա համոզմամբ՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ:

«ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը:

Այսօր ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Ինչպես հունվար ամսին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ այսօր ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաև այլ մասնակից երկրների կողմից:

ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարել այն բոլոր քայլերին, որոնք Հայաստանը ԵԱՀԿ նախորդ՝ գերմանական և ներկայիս՝ ավստրիական նախագահությունների հետ միասին իրականացրել է երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նպատակով: Հայկական կողմը նաև ներկայացրել է գրասենյակի փակմանն ուղղված Ադրբեջանի նպատակաուղղված գործողությունները, որոնք գնալով ավելի լայն թափ են հավաքել նույնիսկ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ավստրիական ու գերմանական նախագահությունները հստակորեն հերքել են գրասենյակի հասցեին ուղղված Բաքվի արհեստածին մեղադրանքները:

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաև երևանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլև ընդհանրապես կազմակերպության և նրա կառույցների վրա:

ԵԱՀԿ ավստրիական նախագահության և մասնակից երկրների ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու և Երևանում ԵԱՀԿ գրասենյակի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու ուղղությամբ, ապարդյուն անցան։

Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները, այդ թվում` հիմնարար ազատությունները, և այս առումով մշտապես գտնվում է միջազգային քննադատության թիրախում: Իսկ այժմ, խոչընդոտելով նաև ԵԱՀԿ գործունեությունը և հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:

Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ և նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը։ Հայկական կողմը պատրաստ Է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք, մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում»,- հայտարարել է Տիգրան Բալայանը:

Հարավային Կովկասը՝ առանց ԵԱՀԿ-ի լիարժեք ներկայության

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմամբ, ինչպես նշել է Տիգրան Բալայանը, այդ կազմակերպությունը զրկվում է Հարավային Կովկասում լիարժեք ներկայությունից։ Ադրբեջանի գրասենյակը փակվել էր 2015-ին, Վրաստանի առաքելության մանդատը լրացել էր 2008թ․ և այլևս չէր երկարաձգվել։

2015թ․ հունիսին ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել ԵԱՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագրից իր ստորագրությունը հետ կանչելու վերաբերյալ։

ԵԱՀԿ մամուլի ծառայության աշխատակից Շիվ Շարման ասել էր, որ սովորաբար իր գործունեության ընթացքում ԵԱՀԿ-ն հենվում է ընդունող կողմի բարի կամքի վրա։ Տվյալ դեպքում, նրա պարզաբանմամբ, ԵԱՀԿ-ն առաջին անգամ է առերեսվում մի իրավիճաի, երբ գրասենյակը պետք է փակվի մինչև մանդատի ժամկետի լրացումը (2015թ․ դեկտեմբերի 31)։

Ադրբեջանական կողմն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Բաքվի գրասենյակն ամբողջությամբ կատարել է իր առաջ դրված նպատակները։ Ադրբեջանի իշխող կուսակցության անդամ Այդըն Միրզազադեն Reuters-ին ասել էր, որ այդ որոշման մեջ որևէ արտասովոր բան չկա։

Բաքվի այս քայլը մինչդեռ իրավապաշտպանները կապում են արևմտյան պաշտոնյաների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցված քննադատության հետ՝ երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի առնչությամբ։

Վրաստանի դեպքում ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացել էր 2008թ․ դեկտեմբերի 31-ին․ երկարաձգման դեմ հանդես էր եկել Ռուսաստանը՝ պայմանավորված ռուս-վրացական հակամարտության հետևանքով լարված հարաբերություններով։

2008թ․ դեկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ-ն գալիք տարվա հունվարի 1-ից սկսելու է դուրս բերել իր դիտորդներին Վրաստանից։ Իր որոշումը կազմակերպությունը հիմնավորել էր առաքելության երկարաձգմանը Ռուսաստանի ընդդիմությամբ։

Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության նպատակն էր տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների մշտադիտարկումն ու 2008թ․ օգոստոսյան պատերազմից հետո զինադադարի կատարման վերահսկողությունը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել