ԱՄՆ-ը ցավում է, որ Ադրեջանը չհամաձայնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բյորնսը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առաջիկա փակման առնչությամբ։ Միացյալ Նահանգները, նրա խոսքով, ճանաչում է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ։ Միևնույն ժամանակ, ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը համաձայնություն չտվեց գրասենյակի մանդատի երկարաձգմանը։

«Միացյալ Նահանգները ափսոսանք է հայտնում ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առաջիկա փակման առնչությամբ։ Մենք ցավում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին դաշտային առաքելության կորստյան առթիվ։ Դաշտային գործողությունները անգնահատելի աջակցություն են ցուցաբերում ընդունող երկրներին՝ օգնելով ամպապնդել ԵԱՀԿ-ի սկզբունքների և հանձնառությունների պահպանումը, ապահովելով վաղ նախազգուշացումներ և ճգնաժամերի կառավարում, խրախուսելով երկխոսություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև»,- ասված է հայտարարությունում։

«Ցավում ենք, որ Ադրեջանը հրաժարվեց համաձայնություն տալ մանդատի երկարաձգմանը մինչև գրասենյակն ավարտին կհասցներ ականազերծման հետ կապված իր մարդասիրական գործունեությունը։ Հայաստանը, առաջնորդվելով փոխզիջման ոգով, համաձայնեց, որ երևանյան գրասենյակն ավարտի այդ գործողությունները»,- նշել է Բյորնսը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը ճանաչում է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ։

Ավելին, ինչպես գրում է ԱՄՆ հավատարմատարը, Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի Հանրապետության՝ և՛ կառավարության, և՛ քաղաքացիական հասարակության հետ ԵԱՀԿ-ի համագործակցության շարունակումը և կոչ է անում ԵԱՀԿ-ի նախագահությանն ու գլխավոր քարտուղարին Հայաստանում և Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի «ներկայության պահպանման նոր ուղիներ փնտրել»։

Իր հայտարարության եզրափակիչ մասում ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բյորնսը շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին և նրա աշխատակազմին «ակնառու աշխատանքի և նվիրվածության համար», հատկապես գրասենյակի «ապագայի շուրջ անորոշության վերջին ամիսներին»։

Մեկնաբանել