Սահմանադրական փսիխոզ

(մի ինտելեկտուալի մենախոսություն)

Որեւէ մեկի մտքով չանցնի, որ երբ այս ժողովուրդը մի օր ափերից դուրս գա ու, ասենք, խարույկների մեջ վառի կենդանի հանրապետականներին ու նրանց աջակիցներին, որոնք մայր են ու որդի, հայր են ու դուստր, պապ են ու թոռ, ես վառողներին կոչ եմ անելու մարդ լինել:

Որևէ մեկի մտքով չանցնի, որ ես կունենամ այդ կոչն անելու նույնիսկ բնական իրավունքը:

Սահմանադրական դատարանի վերջին որոշումը այդ հնարավոր հրեշագործությունն օժտեց սահմանադրական վակխանալիայի հնարավորությամբ: Այսինքն, ոչ մի կոչ չի կանգնեցնելու այդ անմարդկայնությունը:

Ես այդ խարույկին փայտ չեմ ավելացնի, շուրջպար չեմ բռնի խարույկի շուրջ, չեմ գոռալու՝ ավելի ակտիվ, գազաններ, ու չեմ թաքնվելու էդ սարսափից, բայց իմ ձեռքին հաստատ մի դույլ ջուր չեք տեսնելու, քանզի կամ մարդասպան է Սողոմոն Թեհլերյանը, կամ մարդասպան չէ:

 Եթե Թեհլերյանը մարդասպան է, հանրապետականներն ունեն այս պետությունը ոչնչացնելու այլեւս բնական իրավունքները, եւ նրանց ձեռքը բռնելը առնվազն հակաօրինական է, եթե Թեհլերյանը մարդասպան չէ, ուրեմն՝ կեցցեն խարույկները:

Հայաստանն անշրջելի փսիխոզի մի ժամանակաշրջան է մտել, որը պայմանականորեն կարելի է անվանել սահմանադրական փսիխոզ: Այդ փսիխոզի մասին է Միհրան Պողոսյանի պատգամավորությունը, ՍԱՍ-ի Արտակի անպատժելիությունը, քվե բերող ուսուցիչների՝ Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած հայցը:

Այդ փսիխոզի դրսևորում է ԲՀԿ մանդատների վերջին աղմուկը:

Սահմանադրությունը Հանրապետականին օժտել է բոլոր իրավունքներով, սակայն ժողովրդին չի արգելել բոլոր հանրապետականներին ու նրանց աջակիցներին վառել խարույկի վրա:

Հայաստանը կամ պիտի դուրս գա այս փսիխոզից խաղաղ հեղափոխությամբ, կամ արյունոտ իշխանափոխության միջոցով: Նրանք, ովքեր հույս ունեն, որ իրավիճակը փրկելու քաղաքական եղանակներ կան, խորը թյուրիմացության մեջ են: Սահմանադրական դատարանը փակեց այդ ելքերը: Եթե արտագաղթ չլիներ, եթե Հայաստանում լիներ թեկուզ բռնապետություն սինգապուրյան ճանապարհով, դեռ կարելի էր հուսալ, որ հանգուցալուծումը Հայաստանի փրկության օգտին է:

Սինգապուրյան ճանապարհը հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանը շրջափակված է, իսկ արտագաղթ չունենալու համար մեր արյան միջից պիտի հանվի խուճապի զգացումը:

Խուճապը մտքի աշխատանք չի սիրում, խուճապը չի սիրում հավաքականություն, ասել է թե՝ պետության ընկալում: Ցանկացած հանրապետական հենց խուճապի զգացումից է հանրապետական, դա նրանց արտագաղթն է այն տարբերությամբ, որ, ըստ իրենց, չեն փախել Հայաստանից: Իսկ ովքե՞ր չեն փախել՝ ՍԱՍ-ի Արտակն ու նրա կոլեկտիվը, 114 դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, բոլոր օլիգարխներն ու նրանց աշխատողները, ամբողջ պետական ու դատական համակարգը, Գագիկ Հարությունյանը, նրա գերադաստանն ու ՍԴ ամբողջ աշխատակազմը:

Պատահակա՞ն է, որ Հանրապետականի դեմքը Գարեգին Նժդեհն է՝ ամենայն հոգևորի թշնամին: Վերջ քրիստոնեությանը: Վերջ սեփական ներաշխարհին: Նույնիսկ եկեղեցուն սա չի մտահոգում, որովհետեւ եկեղեցին հանրապետականացված է յուրովի: Հանրապետականի սահմանադրական անպատժելիությունը կարգավորվում է յուրաքանչյուր շարքային հայաստանցու աղքատությամբ կամ նրա սպառնալիքով: Իսկ աղքատությունը ոչ մեկին թույլ չի տա գլուխը բարձրացնել ու նայել կեղեքիչի ու մարդասպանի աչքերի մեջ: Այդ սպառնալիքն է կարգավորում յուրաքանչյուրի խուճապը, բոլոր հանրապետականներն ու նրանց համագործակիցներն աղքատության սպառնալիքը շոշափած մարդիկ են, բոլոր հոգևորականները գիտեն, թե ինչ է դա: Գիտեն, որովհետեւ չգիտեն Աստծուն:

Հայաստանը շրջափակված է ներսից: Հետևաբար չկա նույնիսկ նա, ով կասի՝ ես այս ամենի հետ գործ չունեմ: Ինքը կամ հանրապետականի հետ է, կամ խարույկի մասին մտմտացողների: Մենք արդեն իսկ կանգնած ենք վաղվա աուտոդաֆեների շուրջ: Եվ ոչ մի տարակուսանք կամ սարսափ ավելին չէ, քան այդ կրակը թեժ պահողի ոգևորությունը: