Եվրոպական դատարանը բավարարել է ԳԱԼԱ-ի 2007-ի հայցը

Եվրոպական դատարանն մայիսի 4-ին հրապարակել է «Չապ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով դատական ակտը:

Գործն առավել հայտնի է իբրև ԳԱԼԱ հեռուստաընկերության գործ:

Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ի կայքը, Եվրոպական դատարանի մայիսի 4-ի ակտը վերաբերում է միայն հարկային մարմինների կողմից ԳԱԼԱ-ի նկատմամբ տույժ ու տուգանքներ սահմանելուն և ակտավորելուն: Եվրոպական դատարանը բավարարել է ԳԱԼԱ-ի հայցը 6-րդ հոդվածի մասով և գտել է, որ գործը պետք է քննության առնել քրեական մեղադրանքի շրջանակներում:

Մյուս պահանջները՝ նյութական վնասի փոխհատուցման և խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից, առայժմ Եվրոպական դատարանը չի քննել:

2007 թվականի սեպտեմբերի 21-ին, 22-ին և հոկտեմբերի 14-ին հեռուստաընկերությունը լուսաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանություններին քննադատող ելույթը, որից հետո սկսվել են քաղաքական, հարկային և դատական ճնշումներ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ:

2007թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 12-ը հարկային մարմիններն ստուգումներ են իրականացրել հեռուստաընկերությունում և արդյունքում կազմել են ակտ, որի հիման վրա առաջացել է լրացուցիչ հարկային պարտավորություն 25.665.100 դրամի չափով:

Իսկ Գյումրու քաղաքապետարանը դիմել էր դատարան և պահանջել ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից շահագործվող հեռուստաաշտարակից ապամոնտաժել հեռուստաընկերությանը պատկանող բոլոր սարքավորումները, որոնք ապահովում էին հեռարձակումը:

ԳԱԼԱ հեռուստաընկերության գործով փաստաբան Կարեն Թումանյանը բացատրում է.

«ԳԱԼԱ-ի վերաբերյալ մի քանի գործեր են քննվել ներպետական ատյաններում: Այս գործը, որի վերաբերյալ Եվրոպական դատարանն ակտ հրապարակեց, վերաբերում է հարկային մարմինների կողմից ակտ կազմելուն, որով լրացուցիչ հարկային պարտավորություն էին առաջացնում՝ 25 մլն-ից մի քիչ ավելի գումարի չափով:

Մենք վիճարկել էինք այդ վարչական ակտը վարչական դատարանում: Վարչական դատարանը մեր հայցը մերժել էր, վճռաբեկ դատարանից հետո մենք հայց ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Եվրոպական դատարանից մենք խնդրել էինք, որպեսզի դատարանը խախտում ճանաչի գործն արդար դատաքննության մասով, այսինքն 6-րդ հոդվածի մասով, ինչը Եվրոպական դատարանն արել է: Քննել և ճանաչել է որպես 6-րդ հոդվածի խախտում: Այստեղ խոսքը վերաբերում էր նրան, թե արդյոք այս գործը կարող է դիտարկվել քրեական մեղադրանք, թե ոչ՝ հաշվի առնելով այն, որ վարչական վարույթով է քննարկվել: Եվրոպական դատարանը գտել է, որ այո, այն քրեական մեղադրանքի լույսի ներքո պետք է դիտարկվի, և այն խախտումները, որը մենք ենք ներկայացրել, դրանք գտել է հիմնավոր՝ և ընդունելության մասով, և վերջնական մասով գտել է խախտված»:

Այս իմաստով Եվրոպական դատարանը գտել է, որ ՀՀ-ն «ՉԱՊ» ՍՊԸ-ին պետք է վճարի ընդհանուր առմամբ 3900 եվրո՝ 2400 եվրո պատճառված ոչ նյութական վնասի և 1500 եվրո ծախսերի համար։

Իսկ նյութական փոխհատուցման և խոսքի ազատության սահմանափակման մասով դեռ Եվրոպական դատարանը չի քննել գործը:

«Եվրոպական դատարանը գործը նայել է միայն քրեական մեղադրանքի շրջանակներում: Գործը նայել է որպես քրեական մեղադրանք այն իմաստով, թե արդյոք կարող էր քննվել արդար դատաքննության կարգով, թե ոչ, որովհետև արդար դատաքննության իրավունքը վերաբերում է քաղաքացիական և քրեական գործերին, վարչական գործերին չի վերաբերում:

Բայց հաշվի առնելով, որ ԳԱԼԱ-ի գործն առանձնահատուկ էր իր ծավալով՝ առաջացրած հարկային պատասխանատվությամբ, ինքը դիտարկվեց որպես քրեական մեղադրանք, ինչը որ մենք պնդում էինք:

Դատարանը չի քննարկել՝ 10-րդ հոդվածի խախտում կա, թե ոչ, խոսքը խոսքի ազատության խախտման մասին է: Ոչ թե գտել է՝ պետք չէ կամ խախտում չկա այս մասով, այլ չի քննարկել ընդհանրապես: Չի քննարկել նաև նյութական վնասի հատուցման մասին առհասարակ: Միայն բարոյական վնասի և կատարված դատական ծախսերի մասով է քննարկել, ինչը ենթադրում է, որ մենք հնարավորություն ունենք գործը վերանայման համար ներկայացնելու ներպետական ատյաններ, մասնավորապես վճռաբեկ դատարանից սկսած»,- ասում է փաստաբան Կ. Թումանյանը:

Հետագա քայլերը, ըստ փաստաբանի, լինելու են այն, որ հայց է ներկայացվելու վճռաբեկ դատարան. 6-րդ հոդվածի խախտումը հնարավորություն տալիս է գործը նորից ազգային դատարաններում քննության առարկա դարձնելու:

Քրիստինա Մկրտչյան

Մեկնաբանել