Էմանուել Մակրոնն ընտրվել է Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայում կիրակի կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնը քվեների նախնական հաշվարկներով հավաքել է 60 տոկոս ձայն, նրա մրցակից Մարին լը Պենը հավաքել է 40 տոկոս ձայն։

39-ամյա Մակրոնը Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահն է։

Նա նաև առաջին նախագահն է 1958-ից ի վեր, որը չի ներկայացնում Ֆրանսիայի երկու հիմնական կուսակցությունները։

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Մակրոնը հայտարարել է, որ «հույսի և վստահության նոր դարաշրջան է սկսվում»։

Էմանուել Մակրոնի կողմնակիցները հավաքվել են Փարիզի կենտրոնում և նշում են իրենց թեկնածուի հաղթանակը։

Հատկանշական է, որ երկրի հյուսիսի մի շարք շրջաններում «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լը Պենը ավելի շատ ձայն է հավաքել, քան մրցակիցը։

Մարին լը Պենը շնորհավորել է Մակրոնին՝ ասելով, որ ֆրանսիացիներն ընտրում էին «հայրենասերների և գլոբալիստների միջև»․

«Ֆրանսիացիներն ընտրեցին Հանրապետության նոր նախագահին և նախընտրեցին ժառանգականությունը։ Ես զանգեցի պարոն Մակրոնին, որպեսզի շնորհավորեմ, քանի որ իմ սրտում երկրի շահերն են։ Ես նրան ցանկացա հաջողություն Ֆրանսիայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»։

Էմանուել Մակրոնին հաղթանակի առթիվ շնորհավորել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

Ընտրությունների պաշտոնական արդյունքների մասին կհայտարարվի մայիսի 11-ին։

Էմանուել Մակրոնին շնորհավորել է Սերժ Սարգսյանը

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսությունը, տնտեսական բազմոլորտ համագործակցությունը և մշակութային գործուն կապերը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։

Մեծապես կարևորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությանը:

Վերստին Ձեզ հղելով իմ անկեղծ շնորհավորանքը՝ մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի առաջընթացի և բարօրության: 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: