Շուշի, 7-9 մայիսի, 1992. ինչպես է դա եղել

1992 թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկարահանած մի դրվագ է հիշում. «Մինչեւ հիմա մարմինս փշաքաղում է: Քանի որ հայերի եւ ադրբեջանցիների զգեստների գույները նույնն էր, մերոնց մեջքի վրա վիրակապով կամ ինչ-որ բանով գիծ էին քաշում, որ իրարից տարբերվեն: Տղաներն այդ գծերը խաչաձեւ էին անում, որովհետեւ խաչն ամենապարզ երկրաչափական ֆիգուրն է: Երբ հրամանը հնչեց, եւ նրանք բոլորը կանգնեցին, պատկերացնո՞ւմ ես, 400 մարդ կանգնած մթնշաղին, եւ բոլորի մեջքի վրա` խաչ, եւ այդ մարդիկ գնում էին զոհվելու: Դա խաչակիր արշավ էր, եւ ամենաֆանտաստիկն այն էր, որ դա հատուկ արված չէր»:

Շուշիի գործողության մշակմանը ղարաբաղյան հրամանատարությունը ձեռնամուխ էր եղել Խոջալուից անմիջապես հետո: Ապրիլի 28-ին որոշվել էին հարձակման հիմնական ուղղությունները: Մայիսի 4-ին պետք է գրոհը սկսվեր, սակայն անսպասելի ձյան պատճառով հետաձգվում է մի քանի օրով: Մայիսի 7-ին ղարաբաղյան ուժերը գրոհն սկսեցին միանգամից չորս ուղղություններով: Գործողությունը ղեկավարում էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Զորակայանը տեղակայված էր Շոշ գյուղի հարեւանությամբ: Հենց Շոշից էր սկսվում գրոհի արեւելյան ուղղությունը, որը ղեկավարում էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Հյուսիսային` Ստեփանակերտ-Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, Հյուսիսարեւմտյանինը (Ջանհասան-Քյոսալար)` Սեյրան Օհանյանը: Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է “26-ի” հենակետի (գտնվում էր Ստեփանակերտի մերձակա Կրկժան գյուղի մոտակայքում) պահեստազորի ռազմական գործողությունը: Հարավային կամ Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր:

Բաբայանը պնդում է. «Նրանք, ովքեր մասնակցել են գործողությանը, իրենց վրա վերցրել են կրակը, եւ վերջ: Մայիսի 8-ի կեսօրից հետո ադրբեջանցիները հեռացան քաղաքից, իսկ մայիսի 9-ի առավոտյան այնտեղ որեւէ ադրբեջանցի չկար: Քաղաքում չի եղել դիմադրություն, չեն եղել մարտեր: Հայկական ուժերը Շուշիում ադրբեջանցի զինվոր չեն տեսել: Շուշիում գերի են ընկել միայն նկուղներում թաքնվածները, որոնք տեղյակ չէին, թե ինչ է կատարվում: Հայ զինվորը մեկ մետր առաջ չի գնացել այն տանկից, որը կարող եք տեսնել` այցելելով Շուշի»:

Ամեն տարի մայիսի 9-ին հայերը նշում են Շուշիի ազատագրման տարեդարձը: Միջոցառումներն սկսվում են Ստեփանակերտի հուշահամալիրից, շարունակվում դեպի բերդաքաղաք տանող ոլորաններից մեկի հարեւանությամբ, պատվանդանին դրված տանկ-հուշարձանի մոտ կարճ կանգառից: 2000թ. այդ միջոցառմանը ներկա է եղել բրիտանացի հեղինակ Թոմաս դե Վաալը:

Հուշարձանի դիմաց կանգնած էին զոհված հերոսների ազգականները: 442 համարը կրող տանկում մարտի ժամանակ եղած երեք մարդկանցից փրկվել էր հրամանատար Գագիկը: Տանկի կողքին կանգնած էին տանկի վարորդ Աշոտի այրին` Ստելլան, եւ տասնամյա որդին` Հովհաննեսը: Ստելլան գունատ էր, դժբախտ եւ անհեթեթորեն երիտասարդ: Նշանառու Շահենի տատը սեւ գլխաշորով էր ու ձեռքի սպիտակ թաշկինակով անդադար չորացնում էր աչքերը: Հետո սկսեց բարձրաձայն հեկեկալ` բռունցքներով խփելով տանկին:

Շուշիի ազատագրման տոնական միջոցառումները սովորաբար ավարտվում են 1887թ. կառուցված Ղազանչեցոց եկեղեցում` պատարագով: 1992թ. մայիսի 9-ի առավոտյան հայերը մտել էին քաղաք, եւ նկարահանված կադրերից երեւում է, թե ինչպես էին երջանկությունից փայլող դեմքերով զինվորականները եկեղեցուց դուրս բերում Գրադի արկերը, ավտոմատները վեր պարզած` շուրջպար բռնում:

Տեր-Թադեւոսյանը պատմում է, որ, իրավամբ, շրջափակման մեջ առնելով Շուշին, կարեւորվում էր քաղաքում մնացածների շրջանում խուճապ առաջացնելը, որպեսզի ադրբեջանցիները հեռանան առանց մարտեր մղելու: Այդ նպատակով նախապես ոչնչացվել էին Շուշիի եւ Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական բնակավայրերը, բերդաքաղաքը շրջափակման մեջ էր. ՙՄինչեւ Շուշին եղել են Կրկժանը, Մալիբեյլուն, Խոջալուն: Այսինքն` կար հաջորդականություն, թե որ բնակավայրն ենք ազատագրում՚:

Չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը 90-ականներին Ղարաբաղ էր մեկնել սրբազան պատերազմի` ջիհադի: Նրա մոջահեդները վերջիններից են հեռացել Շուշիից: Բասաեւը 2000 թ. հուլիսին Չեչնիայի լեռներում ադրբեջանցի լրագրողին հավաստիացնում էր, որ Շուշին շրջափակման մեջ ընկավ զուտ այն պատճառով, որ ադրբեջանական բանակում չկար կարգուկանոն եւ ղեկավարություն:

“Այնտեղ մնացել էին 4 մոջահեդներ եւ 11 ադրբեջանցիներ: Գրեթե բոլորը լքեցին քաղաքը, բայց 15 հոգով մեկուկես օր պաշտպանում էին, իսկ 2.800 հոգանոց կայազորն ամեն ինչ թողեց եւ փախավ: Եթե մեկը փախչում էր զրահատեխնիկայով, նա հերոս էր, որովհետեւ շատերը թողնում էին նաեւ ծանր տեխնիկան… գնում էին Բաքու: Իմ մոջահեդներից երեքը, ովքեր պաշտպանել են Շուշին, դեռ կենդանի են: Շուշին պարզապես լքվեց: Մոտ 700 հայեր սկսեցին գրոհը, եւ դա միայն արտաքին փայլն էր, խաբուսիկ բան: Նման ուժեղ կայազորով եւ այդքան զենքով, հատկապես նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարյուր մարդը կարող էր հեշտությամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը: Որեւէ կազմակերպվածություն չկար: Այսօր կարելի է ձերբակալել մի գեներալի կամ նախարարի եւ ասել` դու դավաճանեցիր, դու հանձնեցիր, դու ծախեցիր: Սոսկ խոսակցություններ են: Չկար որեւէ ղեկավարում, որեւէ մեկը որեւէ բանի համար պատասխանատու չէր”, պատմել է Բասաևը:

Հետագայում Բաքուն շրջանառության մեջ դրեց վարկած, համաձայն որի` հայկական ուժերը Շուշին ոչ թե գրավել են, այլ առանց կռիվների ստացել ադրբեջանական ռազմական հրամանատարության եւ քաղաքական իշխանության դավաճանության պատճառով: Հենց այս վարկածի շրջանակներում էր ընթանում պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւի դատավարությունը:

Ռազմական գործողության ժամանակ ղարաբաղյան կողմը տվել է 58 զոհ, որոնցից եւ ոչ մեկը` Շուշիում: Հայերը հակառակորդին թույլ են տվել հեռանալ Շուշի-Լաչին ճանապարհով:

Ղազիեւը, որին վերագրվում էր Շուշին դավադրաբար հանձնելու ամբաստանություն, դատավարության ընթացքում հաստատել է, որ 1992 թ. մայիսին Շուշիում եւ շրջակայքում տեղակայված էր 2500-3000 զինվոր, Տ-72 տեսակի 3 տանկ, Տ-55 տեսակի մեկ տանկ, 12 հրասայլ, 3 ԲՄ-21 տիպի համազարկային Գրադ համակարգ 6000 արկով, 3 թնդանոթ, 4 միավոր Ալազան համակարգ, 30 միավոր Իգլա եւ Ստրելա-2 զենիթա-հրթիռային համալիր, 20 միավոր 82 մմ-անոց ականանետ, 50 միավոր ձեռքի ականանետ, ավելի քան 5 միլիոն ռազմամթերք:

Սամվել Բաբայանը պատմում է. «Շուշին գրավեցինք տակտիկապես, ոչ թե պարզապես բիրտ ուժային մեթոդով: Հակառակորդին փորձեցինք վերցնել օղակի մեջ, եւ երբ օղակն արդեն փակվում էր, ու շրջափակման մեջ մնալու վտանգ կար, ադրբեջանական զորքի եւ քաղաքացիական բնակչության մեջ խուճապ սկսվեց: Սա էր հիմնական պատճառը, որ հակառակորդը լքեց Շուշին: Նույն տակտիկան է կիրառվել նաեւ մյուս գործողությունների ժամանակ: Մենք հնարավորինս խուսափել ենք դեմ առ դեմ պատերազմ մղելուց եւ դիմել ենք տակտիկական քայլերի. հարվածել ենք այն ուղղություններով, որտեղ հակառակորդը մեզ չէր սպասում, մշտապես փորձել ենք զգացնել տալ, որ եթե թշնամին երկու ժամ շուտ չհեռանա դիրքերից, ընկնելու է շրջափակման մեջ: Արդյունքում մենք ունեցել ենք անհամեմատ նվազ կորուստներ, թեեւ սովորաբար հարձակվող, ազատագրող կողմի կորուստները շատ են լինում»:

Շուշիից ռազմական տեխնիկան հեռացել է մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը: Դասակի հրամանատար Թարլան Զուլֆուգարովը խոստովանել է, որ մայիսի 8-ին մարտական մեքենաները լքեցին քաղաքը: Նույն օրն առավոտյան Էլբրուս Օրուջեւը, որի բրիգադի վրա էր դրված քաղաքի պաշտպանությունը, Զարսլուի ուղղությամբ երկու տանկ եւ երկու զրահամեքենա է ուղարկում, որոնք ոչնչացվում են, անձնակազմը` սպանվում, ինչն առաջ է բերում Շուշիից խուճապային փախուստի նոր ալիք: Նույն օրը երեկոյան Օրուջեւը զինվորականների երկու Կամազ-ներով մոտենում է բլոկ-պոստերին եւ հրամայում հեռանալ քաղաքից: Նա իր հրամանն արդարացնում է նրանով, որ հայերն արդեն մտել են Շուշի, դիրքավորվել քաղաքային բանտի շրջակայքում: Մի քանի տասնյակ զինվորների ցուցումներից պարզվել է, որ նրանց որոշ մասը հրաժարվել է թողնել դիրքերը:

«Ես վերջինն էի, ով 8 զինվորների եւ Օրուջեւի հետ հեռացա քաղաքից: Օրուջեւը շրջեց քաղաքով մեկ եւ համոզվելով, որ ոչ ոք չի մնացել, ինձ հրամայեց շտապ հեռանալ»,- խոստովանել է Շուշիի ոստիկանության բաժանմունքի աշխատակից Շուքյուր Ռասուլովը:

Տեր-Թադեւոսյանը Շուշիի ազատագրումը նախեւառաջ համարում է ոչ թե հաղթանակ, այլ հաջողություն, որն ուներ իր առաջին դեմքերը. «Աշոտ Ղուլյան, Վալերի Չիթչյան, Յուրի Հովհաննիսյան, Վլադիմիր Բալայան: Մեկի անունն էլ նշեմ, ողջ-առողջ է, որ պետք է բարձրագույն պարգեւի արժանանար` Վալերի Բալայան, ով խորհրդարանում պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն էր, բայց ղեկավարում էր նաեւ ռազմական գործողությունները: Օրինակ, Մալիբեյլուն նա ազատագրեց: Շուշին ազատագրելու ժամանակ Բաբայանի ուղղության մեջ նա կարեւոր դեր խաղաց: Նրա հետ եւ Սէֆիլյանն էր: Ժիրայրին գիտենք, որ նա հերոս է, հետո նրան դատեցին, բայց Բալայանին ոչ ոք չգիտի: Պետք է ճանաչել բոլորին, միայն այդպես կիմանանք ճշմարտությունը: Կյանքը դաժան է, ես երբեք չեմ մոռանա մի երիտասարդի` Դավիթաշենի Արսենին` լուռ, խաղաղ: Մի անգամ ուտելու բան չունեինք, նա հաց ու շաքար էր տարել գերիներին` կանանց եւ երեխաների: Այդպիսի մարդը կարող է հերոսություն անել»:

Ճաշկերույթ Սպահանում

Մայիսի 8-ին Սպահանում` Շահ Աբասի ժամանակներում կառուցված հյուրանոցում, շարունակվում էր Հայաստանի նախագահի պատվին ճաշկերույթը:

Տեր-Պետրոսյանի խորհրդական Վահան Փափազյանը հիշում է. «Ինձ մոտեցավ արտգործնախարար Վելայաթին եւ ասաց, որ իրանական կողմը լուր է ստացել, որ հայկական ուժերը մտնում են Շուշի: Դա մայիսի 8-ն էր: Ես ասացի, որ տեղյակ չեմ եւ որեւէ հստակ բան ասել չեմ կարող: Վելայաթին հարցրեց` հնարավոր չէ՞ զանգահարել Երեւան: Ես այլեւս չէի կարող խուսափել: Իրանական կողմը հեռախոսակապ ապահովեց, կապվեցի Շահեն Կարամանուկյանի հետ: Հարցնում եմ` Շահե՛ն, ի՞նչ կա, պատասխանում է` ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացեք: Ապա մոտեցա Տեր-Պետրոսյանին, ներկայացրի վիճակը: Նախագահը շատ հանգիստ ընդունեց, նա գիտեր, որ իրադարձությունները կարող են համընկնել: Մենք պարսիկների առաջ անհարմար վիճակում հայտնվեցինք: Ասացինք, որ մեզ համար էլ էր անսպասելի, Երեւան վերադառնալուց հետո հնարավոր կլինի մանրամասները ճշտել: Հայկական պատվիրակությանը ճանապարհելու սառը արարողություն եղավ, ինչը բնական էր, քանի որ պարսկական կողմը հայտնվել էր բավական անհարմար վիճակի մեջ: Դա կարելի է անգամ դիվանագիտական փոքր սկանդալ որակել»:

Մայիսի 6-ին Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Թեհրան, մեկ օր անց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի միջնորդությամբ Թեհրանում ստորագրել էին ղարաբաղյան կարգավորման` 8 կետից կազմված համատեղ հուշագիր: Փաստացի, ստորագրման պահից զինադադար հաստատելու իրանցիների հերթական փորձը տապալվեց. հայերը շարժվում էին դեպի Շուշի:

Ժիրայր Լիպարիտյանն իրանական միջնորդության ձախողման անմիջական պատճառը համարում է Շուշիի գրավումը, իսկ ավելի խորը պատճառը կողմերի` բանակցություններին պատրաստ չլինելն էր, եւ յուրաքանչյուր միջնորդություն ձախողվելու էր: Իրադարձությունների հետագա ընթացքն էլ դա ապացուցեց:

Լիպարիտյանը դժվարանում է ասել` Ռուսաստանը եւ ԵԱՀԽ-ն մտահոգվա՞ծ էին միջնորդության հարցում Թեհրանի հնարավոր հաջողություններով. «Ես չեմ հիշում որեւէ ուղղակի եւ բացահայտ ընդդիմություն իրանական միջնորդությանը: Բայց Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի գործադրած դիվանագիտական ջանքերը ցույց էին տալիս, որ նրանք այնքան էլ գոհ չէին իրանական միջնորդությունից, այդ երկրներից ամեն մեկն ուներ Իրանի ջանքերը չեզոքացնելու սեփական պատճառները: Ակնհայտորեն, վերոնշյալ երկրներից եւ ոչ մեկը չէր ցանկանում իրանական ազդեցության ընդլայնումն այս տարածաշրջանում, ինչ որ հավանական էր իրանական միջնորդության հաջողության պարագայում»:

Մայիսի 5-ին Մարիո Ռաֆայելլին 13 հոգանոց խմբով ժամանել էր Երեւան, հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ: Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը պատմում է, որ Մինսկի խորհրդաժողովի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին Հայաստանից մեկնել Շուշի:

«Ասացին, որ այնտեղ վտանգ կա: Մայիսի 7-ին նրանք պետք է հատեին Աղդամի հատվածը եւ ուղեւորվեին Շուշի: Մենք խոչընդոտեցինք, Աղդամից նրանք հետ դարձան, Ադրբեջանով կրկին վերադարձան Երեւան: Շուշին վերցնելու օրը ես ելույթ ունեցա հայկական հեռուստատեսությամբ, ասացի, որ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի որոշմամբ, ղարաբաղյան բանակը Ստեփանակերտը պաշտպանելու նպատակով վերցրել է քաղաքը: Շուշիի հարցը դարձավ Հայաստանի եւ Իրանի միջեւ խոշորագույն վեճերից մեկը: Իրանը գտնում էր, որ դա եղել է արեւմտյան դավադրություն` Թեհրանի դեմ: Բայց իրականում այդպես չէ: Մենք պարտադրված Շուշիի գործողությունն սկսեցինք մայիսի 7-ին»:

Թեհրան. «Մեհրաբադ» օդանավակայան

Մայիսի 8-ին Իրանի նախագահ Ռաֆսանջանին ճանապարհում էր Տեր-Պետրոսյանին եւ Մամեդովին: Վերջինս Շուշիի անկման լուրն ստացել էր Բաքու ուղեւորվելուց անմիջապես առաջ. «Այո, այդ լուրն ինձ փոխանցեցին դեռ օդանավակայանում: Ես անմիջապես կապվեցի Ռաֆսանջանիի հետ: Նրա տրամադրությունը շատ ուժեղ ընկավ, նա խոստացավ անմիջապես կապվել Տեր-Պետրոսյանի հետ` պարզելու հանգամանքները: Որոշ ժամանակ անց, երբ ես կրկին կապվեցի Ռաֆսանջանիի հետ, ինձ հաղորդեց, որ Տեր-Պետրոսյանն այդ մասին ոչինչ չգիտի, եւ Երեւան վերադառնալուց հետո մտադիր է տեղեկություններ ստանալ կատարվածի մասին»:

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը պատվիրակության կազմում Թեհրանում էր: Երբ հարցրի` հիշո՞ւմ է Տեր-Պետրոսյանի առաջին արձագանքը, երբ առավ Շուշիի լուրը, Սահակյանը պատասխանեց. «Ինձ համար այնքան կարեւոր չէր Տեր-Պետրոսյանի, որքան կարեւոր եւ հատկանշական էր Ռաֆսանջանիի եւ Մամեդովի արձագանքը: Տեր-Պետրոսյանին տեղեկացրեց Փափազյանը: Նա լուրն ընդունեց շատ անխռով: Ապոկալիպսիսը ստացավ Մամեդովը, ուղղակի նրա թեւերը մտած բարձրացրին դեպի օդանավի շարժասանդուղք: Առաջինը մեկնում էր Մամեդովը: Ծանր էր հարվածը նաեւ Ռաֆսանջանիի համար, նա հասկացավ, որ իր խաղաղարար նախաձեռնությունը ձախողվեց»:

Նախագահ Տեր-Պետրոսյանի Թեհրան այցը, որը համընկավ Շուշիի ազատագրմանը, հետագայում առիթ դարձավ պնդումների, թե Հայաստանի ղեկավարը տեղյակ չէր` իրականում ինչ է կատարվում Ղարաբաղում: Զուտ արտաքին քարոզչական իմաստով այդ պնդումները բխում էին Հայաստանի պետական շահերից: Ներհայկական իմաստով նման պնդումները Տեր-Պետրոսյանն ու նրա շրջապատը, ինչպես նաեւ ռազմական գործողություններին մասնակից բարձրագույն զինվորականությունը, համարում են անազնիվ վերաբերմունք, պատմական կեղծարարություն:

Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի խորհրդական Վահան Փափազյանը Շուշիի գործողությունից մի քանի օր առաջ մեկնել էր Թեհրան՝ մասնակցելու այն փաստաթղթի պատրաստմանը, որը մի քանի օր հետո պիտի ստորագրեին Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարները: Մեկնելուց առաջ Փափազյանը հանդիպում է Տեր-Պետրոսյանին:

«Զրույցի վերջում հարցրեցի՝ ես ճիշտ ե՞մ հասկանում, որ Թեհրանում գտնվելու ժամանակ հնարավոր է, որ Շուշիի գործողությունը տեղի ունենա: Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ այո՛, հնարավոր է, որ համընկնի: Ես անկեղծաբար ասացի՝ իսկ Դուք հասկանում ե՞ք, որ Թեհրանում բանակցություններ եմ վարում զինադադարի փաստաթղթի վերաբերյալ և այդ ժամանակահատվածում մենք գրավում ենք կամ ազատագրում ենք Շուշին, ապա ես բավականին դժվար վիճակի մեջ եմ հայտնվելու: Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ այո, հասկանում եմ, բայց դա քո գործն է»,- պատմում է Փափազյանը:

Երբ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանից փորձեցի ճշտել Շուշիի ազատագրման` Հայաստանի ղեկավարության տեղեկացվածությունից, նա պատասխանեց. «Ես Տեր-Պետրոսյանին Շուշին վերցնելու լուրը պաշտոնապես չեմ տեղեկացրել: Բայց Հայաստանի նախագահն այլ խողովակներով տեղեկանում էր: Մեր կողմից Շուշին վերցնելը եւ Թեհրանի բանակցություններն ուղղակի պատահական են համընկել»:

Սամվել Բաբայանն ասում է, որ Տեր-Պետրոսյանը տեղյակ էր Շուշիի ազատագրման գործողությանը. «Այն նախատեսված էր սկսել դեռ ապրիլին, բայց կային խնդիրներ, օրինակ` զենքի եւ զինամթերքի պակասության: Միայն Շուշիով հարց չէր լուծվում, պետք էր պահել նաեւ Աղդամի եւ Մարտակերտի ուղղությունները: Այդ իսկ պատճառով որոշեցինք գործողությունն սկսել միայն այն բանից հետո, երբ կլրացվեն պակաս զենքն ու զինամթերքը: Պետք էր կատարել նաեւ հետախուզական մի քանի ճշտումներ: Անհրաժեշտ էր Քիրս սարի բարձունքներում դիրքավորվել, ու թեեւ այդ տարի ձյունն առատ էր, եւ առաջացան դժվարություններ, մեզ հաջողվեց դիրքավորվել, օղակի մեջ վերցնել: Սրանք են եղել հիմնական խոչընդոտները, որոնց հետեւանքով գործողությունը հետաձգվել է, եւ պատահականորեն գործողությունների սկիզբը համընկել է Տեր-Պետրոսյանի Թեհրան մեկնելու հետ»:

Հատուկ ծրագրերի պետական վարչության պետ Վահան Շիրխանյանը պնդում է` Տեր-Պետրոսյանը պատերազմող երկրի նախագահ էր բառի ամենալայն իմաստով: Նա Շուշիի գործողությունը մեկնաբանում է փոքր-ինչ այլ կերպ. «Խնդիրը պատերազմում հաղթանակելն էր: Սրան ձգտում եւ հավատում էինք բոլորս եւ առաջին հերթին` Վազգեն Սարգսյանը: Իսկ հաղթանակել առանց Շուշիի ազատագրման ուղղակի հնարավոր չէր: Գործողության մշակմանը եւ իրականացմանը մասնակցել են հայ զինվորականներից լավագույնները: Ճիշտ է նաեւ, որ Ղարաբաղի բանակն է ազատագրել Շուշին: Արցախը չէր կարող ազատագրվել, եթե չազատագրվեր Շուշին, Արցախը չէր կարող գոյատեւել, եթե չազատագրվեր Լաչինը»:

Արա Սահակյանը գիտի ավելին. «Գոյություն ունի փաստաթուղթ ու դրա տակ դրված ստորագրություն, որն այս հարցում ուղղակի բոլոր արհեստականորեն ստեղծված կնճիռները կլուծի: Շուշիի ազատագրման հարցով կարող եմ մեկ փակագիծ բացել. Անվտանգության խորհուրդը Շուշին ազատագրելու եւ Լաչինի միջանցքը բացելու` Հայաստան-Ղարաբաղի ցամաքային կապ ստեղծելու հանձնարարություն որպես քաղաքական պատվեր ձեւակերպել եւ տվել է զինվորականությանը: Խորհրդային կրթություն ստացած հայ զինվորականությունը ներկայացրեց, թե անհրաժեշտ է այսքան զինվոր, արկ, տեխնիկա, այսքան կորուստ ենք ունենում եւ այլն: Ըստ այդ թվաբանության` մենք չէինք կարող այդ ժամանակ ունեցած մեր ուժերով խնդիրը լուծել: Հետեւաբար` խնդիրը դրվեց ոչ թե ակադեմիական զինվորականության, այլ ջոկատների, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի եւ Վազգեն Սարգսյանի եւ նրան ենթարկվող ջոկատների մակարդակում: Ու նրանք իրականացրին չափազանց նվազ կորուստներով»:

Շուշին ազատագրելու օրերին ղարաբաղյան կողմը ոչ զինամթերք ուներ, ոչ պարեն, իսկ 200 հոգի պահեստայիններ սպասում էին իրենց մահացած ընկերների զենքին, որ մարտի դաշտ գնան, ասում է Տեր-Թադեւոսյանը. «Ստեփանակերտն արդեն չկար, Գրադը ռմբակոծում էր յուրաքանչյուր քառակուսի մետրը: Քաղաքը մեռնում էր, եւ նրանց համար տարբերություն չկար` այսօր կմեռնեն, թե վաղը: Շուշիի գրավումը արցախցիների կենաց-մահու խնդիրն էր: Այսինքն` իմ ենթակաները, իմ հրամանատարները “ստիպեցին” նման որոշում կայացնել: Ես ենթարկվում էի Սերժ Սարգսյանի Պաշտպանության կոմիտեին: Ես նրան հարցրեցի` գրավո՞ւմ ենք, նա ասաց` գրավում ենք»:

Տեր-Թադեւոսյանն ընդգծում է, որ պատրաստ չէին Շուշին վերցնել: «Շուշին քաղաք չէր, մեր կռվի դաշտը 40 կմ էր: Թշնամին ուներ 2500 մարդ, ուժեղ էր պատրաստված: Մենք ունեինք 3500 մարդ: Ինձ, ճիշտն ասած, Հայաստանից ասացին, գրեցին, ունեմ այդ գրածը, որ մենք պատրաստ չենք, պետք է ունենալ երեք անգամ ավելի. թշնամին 2500 ուներ, մենք պիտի ունենայինք 7500: Ես համաձայնեցի: Դա ճշմարտություն էր, բայց դրա տակ կար մի բան: Ես հասկացա` չէին ուզում գրավել Շուշին, որովհետեւ Դաշնակցությունը ղեկավարում էր Ղարաբաղում»:

Վահան Փափազյանը նկատում է, որ չի կարելի փակագծերն ամբողջությամբ բացել. «Ես տեղյակ էի Շուշիի ազատագրման գործողությանը, որը նախատեսվում, ծրագրվում էր վաղուց: Ժամկետների մասին տեղյակ չէի: Նախագահ Տեր-Պետրոսյանի այցը Թեհրան նախապատրաստել եմ ես, եռակողմ հանդիպումից մեկ շաբաթ առաջ մեկնել էի Թեհրան: Իրանն իր միջնորդական առաքելության խնդրում շատ լուրջ էր: Նրանք կարծում էին, որ իրենց հեղինակությունը նման միջնորդությամբ կարող են լրջորեն բարձրացնել եւ եթե հաջողեին, դա իրականություն կդառնար: Այցի ընթացքում պատրաստվեց փաստաթուղթ զինադադարի վերաբերյալ, երբ տեղի ունեցան Շուշիի դեպքերը: Անկասկած, մենք իրանցիներին դրեցինք ծանր վիճակի մեջ: Ստացվեց, որ, եթե կոպիտ արտահայտվելու լինեմ, հայերն ու պարսիկները դավադրություն կազմակերպեցին Ադրբեջանի հանդեպ: Հայ-իրանական հարաբերությունները որոշ չափով նահանջ ապրեցին, բայց երկու-երեք ամիս անց Տեր-Պետրոսյանի կողմից Ռաֆսանջանիի անունով մի տեքստ պատրաստեցինք, ես հատուկ առաքելությամբ մեկնեցի Թեհրան: Ինձ ընդունեց փոխնախագահ Հաբիբին, ում էլ փոխանցվեց Հայաստանի նախագահի ուղերձը, եւ սրանով դիվանագիտական սառեցումը հաղթահարվեց»:

Մայիսի 8-ի ուշ երեկոյան Տեր-Պետրոսյանը վերադարձել էր Թեհրանից: Հաջորդ օրը նա ընդունում է Մարիո Ռաֆայելլիին, ինչպես նաեւ` հեռախոսազրույցներ ունենում նախագահ Բուշի եւ Ռաֆսանջանիի, իսկ մի քանի օր անց` Ֆրանսիայի նախագահ Միտերանի հետ: Հայաստանի նախագահը մայիսի 9-ին նամակով դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով: Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ին հորդորում է Ղարաբաղ ուղարկել խաղաղարար ուժեր եւ «այլ միջոցներ ձեռնարկել` պարտադրելու Ադրբեջանին վերանայել տնտեսական շրջափակումը, հաստատել խաղաղություն եւ անվտանգություն»: