Ներկայում միջնորդները փորձում են կողմերի միջև լիարժեք բանակցություններ վերսկսել, ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը։
«Ամերիկայի ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայություններին տված հարցազրույցում Հոգլանդը նշել է, որ չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև առկա հակասություններին, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ։
«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետև մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»:
Դեսպանի խոսքով՝ Մոսկվան ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում.
«Ինձ համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կվնասի Ռուսաստանի շահերին»:
Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների սուր վատթարացման պայմաններում, բոլոր երեք համանախագահները սերտ համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ.
«Սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները չունեն որևէ բացասական ազդեցություն»:
Դեսպանի խոսքով՝ ներկայում միջնորդները փորձում են կողմերի միջև լիարժեք բանակցություններ վերսկսել.
«Մեր աշխատանքն է՝ ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել»:
Անդրադառնալով նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին, Ռիչարդ Հոգլանդը նշել է.
«Մենք դեռ չենք հասել մի կետի, երբ միջազգային հանրությունը խաղաղապահների կամ տնտեսական օգնության միջոցով կարողանա երաշխավորել բռնության իսպառ վերացումը: Դա պետք է անեն հենց իրենք՝ առաջնորդները»:
Դեսպանի խոսքով՝ եկել է խնդրի իրական փոխզիջումային կարգավորման ժամանակը, որից կողմերը ոչ թե կկորցնեն, այլ յուրաքանչյուր կողմ կշահի.
«Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով: Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ՝ կապի, բեռնափոխադրումների զարգացման, մեկուսացման նվազման, առավել ձեռնտու տնտեսական պայմանների համար: Այնպես որ, երկրները անմիջապես կզգան այդ դրական հետևանքները: Կզգան դրանք նաև ժողովուրդները»:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կարծիքով՝ Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվել խաղաղ գործընթացում.
«Համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ է փոքր-ինչ ավելի ակտիվ լինել սակայն, մենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի ամենավաղ շրջանում ենք: Այս նոր վարչակազմը դեռևս նոր է մշակում իր արտաքին քաղաքական մոտեցումները և թիմը, այնպես որ, եկեք լինենք փոքր-ինչ համբերատար և տեսնենք, թե մոտ ամիսների ընթացքում այս ամենն ինչպես է զարգանում»: