Կարեն Կարապետյանը պատրաստ է վարչապետ մնալ 2018թ․

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018թ․և դառնալ հանրապետության ղեկավար։ Այս մասին նա ասել է Մեդիամաքսի հրապարակած հարցազրույցում, որն արել է Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասը։

– Դուք պատրաստ ե՞ք վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար։

– Պատրաստ եմ։

– Դուք ցանկանում ե՞ք դա։

– Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն։

– Ինչպիսին եք տեսնում Հայաստանը 5 տարի անց, ի՞նչը պետք է փոխվի։

– Հինգ տարի հետո Հայաստանում շատ բան պետք է փոխվի` որոշումներ կայացնելու ընթացակարգը, հասարակության եւ էլիտայի հարաբերությունները, հասարակական կյանքում էլիտայի տեղի ընկալումը, մեր քաղաքացիների կրթության մակարդակը, բիզնեսի վարման պայմանները։

– Իմ առաջին տպավորությունը Հայաստանից այնպիսին է, որ հայերն այնքան էլ լավատես չեն։ Ինչպե՞ս կարող եք փոխել տրամադրությունները երկրում։

– Ցավոք, մեզ մոտ իսկապես առկա են այն տրամադրությունները, որոնց մասին դուք ասացիք։ Դրա մեջ որոշակի պատմական ասպեկտ կա, քանի որ մեր պատմության ընթացքում մենք հաճախ հայտնվել ենք ծանր իրադրություններում եւ ստիպված ենք եղել գոյատեւել եւ պայքարել մեր ազգային ինքնության համար։ Մեր քաղաքացիների կյանքի այսօրվա սոցիալ-տնտեսական պայմանները, տարածաշրջանային իրավիճակը նույնպես մարդկանց տրամադրությունների վրա ազդող գործոններ են։ Բայց մենք պատրաստ ենք դա փոխել մեր քրտնաջան աշխատանքով։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Մեդիամաքսի կայքում։

Մեկնաբանել