Հրաժարվել թշնամական հռետորաբանությունից և նախապատրաստվել խաղաղության․ Հոգլանդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մայիսի 10-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնում տեղակայված «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնում՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» (The International Politics of the Armenian-Azerbaijani Conflict) խորագրով քննարկմանը։ Իր ելույթի սկզբին Հոգլանդը հատուկ շեշտել է, որ ինքը ԱՄՆ-ի ժամանակավոր համանախագահն է (գործունեությունը շարունակելու է մինչև ամառ) և խոսում է միայն ԱՄՆ-ի, այլ ոչ թե Մինսկի խմբի մյուս համանախագահների անունից։ Հոգլանդի խոսքով՝ համապարփակ կարգավորումը ուրվագծված է, սակայն ոչ հաճախ տեղի ունեցող բանակցություններն ու հանդիպումները որպես այդպիսին բավարար չեն տևական խաղաղության հասնելու համար։ Հոգլանդը կարծում է, որ կողմերը պետք է հրաժարվեն թշնամական հռետորաբանությունից և իրենց ժողովուրդներին նախապատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության՝ «դիտարկելով անգամ միակողմանի քայլեր»։

«Ավելի քան երկու տասնամյակ խաղաղությունը խաբուսիկ է, կողմերը միմյանց չեն վստահում, Հայաստանում և Ադրբեջանում մեծացել է մի սերունդ, որը չի ունեցել անմիջական շփում մյուս կողմի հետ։

Ինչպես շատերը նշել են, ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են այն ժամանակները, երբ հայերն ու ադրբեջանցիներն ապրում էին կողք կողքի, և տարբերությունները չէին հարթվում հրացանների միջոցով։

Համապարփակ կարգավորումը բավական լավ նախանշված է։

Համաձայնության առանքը ՄԱԿ-ի Կանոնադրությունն է և Հելսինկիի եզրափակիչ ակտի համապատասխան փաստաթղթերն ու առանցքային սկզբունքները: Մենք մասնավորապես կենտրոնանում ենք այն սկզբունքների ու հանձնառությունների վրա, որոնք վերաբերում են․

  • Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում
  • Տարածքային ամբողջականություն
  • Ազգերի իրավահավասարության և ինքնորոշման սկզբունք

Մինսկի խմբի համանախագահները մշտապես աշխատում են կողմերի շփումներ կազմակերպելու ուղղությամբ՝ խաղաղ գործընթացի նոր մոտեցումներ մշակելու և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիներ գտնելու համար։

Առաջընթացն անշուշտ կախված է կողմերի բարի կամքից և քաղաքական կամքից, սակայն նրանք դրան դեռ չեն հասել։ Մենք չենք հանձնվում։ Նրանք չենք հանձնվում։ Ոչ ոք չի հանձնվում։ Բոլորն սպասում են այդ վերջնական, մշուշոտ խաղաղությանը։

Կրկին ժամանակն է եկել, որ կողմերը բարի կամքի վրա հիմնված բանակցությունների հանձնառություն ստանձնեն և երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեն:

Իրատեսական չէ մտածել, որ ոչ հաճախակի հանդիպումները որպես այդպիսին բավարար են տևական խաղաղություն կառուցելու համար։

Երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են, նրանց զրույցները բովանդակային են և վերաբերում են առանցքային այն հարցերին, որոնք անհրաժեշտ է լուծել։

Մենք կցանկանայինք նախագահների նոր հանդիպում՝ որքան շուտ, այնքան լավ։

Դեմ առ դեմ երկխոսությունն անփոխարինելի է։

Երբ կայանա նման բարձր մակարդակի հերթական հանդիպումը, կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն իրենց հանձնառությունը հրադադարի պահպանմանը, այլև նրան, թե ինչպես են կյանքի կոչելու այդքան կարևոր վստահության կառուցման միջոցները, որոնց շուրջ համաձայնության էին եկել անցյալ տարի Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում։

[…]

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ցանկացած հնարավոր ձևով, սակայն ի վերջո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ու կառավարությունները պետք է կատարեն իրապես կոնկրետ քայլեր՝ միտված հարատև խաղաղությանը։ Նրանք պետք է դիտարկեն անգամ միակողմանի քայլեր, ինչը կհաստատի նրանց հայտարարած հանձնառությունը առաջընթացի հասնելուն, լարվածության նվազմանն ու բանակցությունների մթնոլորտի բարելավմանը։ Նրանք պետք է խուսափեն թշնամական հռետորաբանությունից և իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի։

Չնայած ամեն ինչին՝ ես շարունակում եմ լավատես մնալ»։

Պատրաստեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել