Ոստիկանությունը փորձել է խուզարկել ՍիվիլՆեթի լրագրողի տունը

Մայիսի 11-ի վաղ առավոտյան ոստիկանությունը փորձել է խուզարկություն իրականացնել ՍիվիլՆեթի լրագրող Արփի Մախսուդյանի՝ Հարավարևմտյան թաղամասում գտնվող տանը։

Արփի Մախսուդյանի խոսքով՝ ժամը 7:30-ի սահմաններում  ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրենց տուն՝ ասելով, թե հանցագործություն կատարած անձի են փնտրում, և պետք է տունը խուզարկեն։ Մախսուդյանը թույլ չի տվել խուզարկություն իրականացնել, քանի որ ոստիկանները չեն ունեցել համապատասխան թույլտվություն կամ առնվազն չեն ներկայացրել։ «Երբ պահանջեցի ցույց տալ օրդերը, որի համաձայն պիտի տունը խուզարկեին, ասացին, որ ես այդքան իրավագիտակցություն չունեմ իրենց սովորեցնելու, թե ինչ պիտի անեն»,- ասում է Մախսուդյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանները գոռում էին իրենց վրա ու սպառնում էին սկեսրայրին տանել ոստիկանական բաժին։ «Ես թույլ չտվեցի, ասացի, որ կզանգեմ փաստաբանիս, և եթե հարցեր ունեն, կպարզեն փաստաբանի հետ։ Քաղաքացիական հագուստով ոստիկաններն ասացին՝ ում ուզում ես զանգի։ Այնուհետև փոխեցին իրենց տոնը և տուն գալու նպատակը հիմնավորեցին՝ ասելով, թե տեղեկատվություն ունեն Մոսկվայից, որ մեր ինտերնետ կապով հանցագործություն կատարած ոմն Կարենը կապի է դուրս եկել»։

Մախսուդյանը պատմում է նաև, որ ասել են, որ չեն հեռանա, մինչև չպատասխանեն իրենց հարցերին։ Մախսուդյանի խոսքով, ինքն ասել է, որ եթե հարցեր ունեն, թող գնան բաժին, ծանուցում ուղարկեն, որից հետո իրենք կներկայանան ոստիկանություն և կպատասխանեն ձեր հարցերին։

Ի վերջո ոստիկանները, առանց արձանագրություն կազմելու, հեռացել են՝ ասելով, որ կպարզեն կապը հանցագործություն կատարած անձի հետ։

Արփի Մախսուդյանը նշեց, որ բողոքարկելու է ոստիկանների գործողությունները և արդեն դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբաններին։