Ոստիկանությունը արձագանքել է ՍիվիլՆեթի լրագրողի տանը խուզարկության փորձ կատարելու դեպքին

Ոստիկանություը հաղորդագրություն է տարածել ՍիվիլՆեթի լրագրող Արփի Մախսուդյանի բնակարանում այսօր առավոտյան կատարած խուզարկության փորձի մասին։

Արփի Մախսուդյանի խոսքով՝ ժամը 7:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրենց տուն՝ ասելով, թե հանցագործություն կատարած անձի են փնտրում, և պետք է տունը խուզարկեն։ Մախսուդյանը թույլ չի տվել խուզարկություն իրականացնել, քանի որ ոստիկանները չեն ունեցել համապատասխան թույլտվություն կամ առնվազն չեն ներկայացրել։

«Ըստ Արփի Մախսուդյանի՝ ոստիկաններն առանց համապատասխան որոշման փորձել են իրենց բնակարանում իրականացնել խուզարկություն:

Հայտնում ենք, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների կողմից հոդվածում նշված բնակարանում որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ խուզարկություն կատարելու նպատակ չի եղել: Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու… ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում`արգելքները վերացնելու միջոցով («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված):

Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրված հիմքեր: Բնակարանում անցկացվել է միայն «օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ծառայողները բնակարան մուտք են գործել տան տիրոջ թույլտվությամբ: Հիշյալ գործողությունները կատարելու համար դատարանի որոշում չի պահանջվում:
Ոստիկանությունը հորդորում է ծառայողների ենթադրյալ անօրինականությունների վերաբերյալ նյութեր հրապարակելուց առաջ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

Արփի Մախսուդյանը նշում է, որ ոստիկանության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ոստիկանների առաջին պահանջը եղել է տանը խուզարկություն իրականացնելը, և այդ գործողությունից հրաժարվել են միայն իմ՝ համապատասխան թույլտվություն ներկայացնելու պահանջից հետո։ Ոստիկանները հեռացել են առանց արձանագրություն կազմելու»,- ասաց Արփի Մախսուդյանը։

Մեկնաբանել