Հայաստանը Մոնղոլիայի, Ղրղզստանի ու Բելառուսի հետ մեկտեղ ՎԶԵԲ-ում սատարել է Ռուսաստանին

Հայաստանը՝ Մոնղոլիայի, Ղրղզստանի, Բելառուսի հետ մեկտեղ, պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ)։ ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի՝ Կիպրոսում անցած նիստին քվեարկության ժամանակ Երևանը պաշտպանել է Մոսկվայի դիրքորոշումը, որը համարում է, որ բանկի կողմից ռուսաստանյան տնտեսությունում արվող ներդրումների դադարեցումը խախտում է բանկի կանոնադրությունը։ Նիստի մասնակիցներից մեկը ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Financial Times-ը գրում է, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը բանկին մեղադրել է «արևմտյան արտաքին քաղաքականության գործիք» լինելու մեջ այն բանից հետո, երբ կառավարիչները որոշել են երեք տարով սառեցնել նոր ներդրումները Ռուսաստանում։ ՎԶԵԲ-ի այս քայլը պայմանավորված է Ղրիմի հարցով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով։

ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991թ․ նախկին խորհրդային Եվրոպայի՝ շուկայական ժողովրդավարության անցումը ֆինանսավորելու նպատակով։ FT-ն նկատում է, որ ռուսական շուկայի կորուստը, որին այն ժամանակ բաժին է ընկել ներդրումների մեկ երրորդը, մեծ հարված է բանկին, որն արագ վերաուղղեց իր վարկերը այլ երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Ուկրաինան։