Ադրբեջանի խոշորագույն բանկը սնանկացման եզրին է

Ադրբեջանի խոշորագույն բանկը` Ադրբեջանի միջազգային բանկը (ԱՄԲ), հայտնվել է սնանկացման եզրին. երկրում արժույթի պակասի և արժութային սուր ճգնաժամի հետևանքով այն դադարել է արտաքին պարտքի վճարումներն ու սկսելու է վերակազմավորման վերաբերյալ բանակցություններ վարել պարտատերերի հետ, գրում է ռուսական Forbes-ը։

Մայիսի 10-ին բանկը բաց է թողել 100 մլն դոլար հիմնական պարտքի ու վարկի տոկոսների վճարումը՝ ըստ բանկի տարածած հաղորդագրության։ Այլ արտարժույթով պարտքերի մի մասը  կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ առաջարկվող վերակազմավորման պլանը պարտադիր կդառնա, եթե այն հաստատվի պարտատերերի կողմից։

Բանկը վճարումների դադարեցման որոշումն անվանել է «ցավալի»: «Շտապ անհրաժեշտ են երկարաժամկետ միջոցառումներ՝ ԱՄԲ-ի կենսունակությունն ապահովելու համար», – ասված է բանկի հայտարարությունում:

Հարկ է նշել, որ բանկն ունի դուստր բանկ Ռուսաստանում՝ ԱԲՄ – Մոսկվա բանկը: Այն բացվել էր 2002 թ. հունվարին Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, Ադրբեջանին էր պատկանում բանկի 100 տոկոսը։ Այն ընդգրկված է ավանդների ապահովագրության համակարգում և ակտիվների առումով (24 մլրդ ռուբլի) Ռուսաստանի ամենախոշոր 150 բանկերի շարքում է: Բանկի հաշվին ապրիլին կար կորպորատիվ հաճախորդների շուրջ 2,1 միլիարդ ռուբլի և ֆիզիկական անձանց շուրջ 600 մլն ռուբլի գումար։