Երևանյան ընտրությունների ընթացքը (թարմացվող)

Մայիսի 14-ին Երևանում անցկացվում են քաղաքային ավագանու ընտրություններ։ Դրանց արդյունքում ձևավորվող 65 հոգուց բաղկացած ավագանին կընտրի քաղաքապետ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ցղեկավարությամբ, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ, ԵԼՔ կուսակցությունների դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ ՍիվիլՆեթը ներկայացնում է ընտրությունների ընթացքը հակադարձ ժամանակագրությամբ։

00։30

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 474 ընտրատեղամասերի քվեների հաշվարկի նախնական պատկերը հետևյալն է․

ԵԼՔ – 21%, 70731 ձայն

Երկիր Ծիրանի – 7,75%, 26109 ձայն

ՀՀԿ – 71,25%, 240,036 ձայն։

21:25

20:00-ին փակվել են 474 տեղամասերը, տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ամփոփեց մասնակիցների քվեարկության նախնական թիվն ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների: Երևանի ավագանու ընտրություններին, նախնական տվյալներով, այսօր ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է   40,99 տոկոսը:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցող անձանց թիվը` 84.522, իսկ քվեարկության մասնակիցների թիվը 38.279 (45,29 տոկոս) է:

Ավան վարչական շրջանում՝ 39.848 ընտրողից մասնակցել է 21 021 ընտրող կամ տոկոսը 52,75 տոկոսը։

Արաբկիրում 95.573 ընտրողից մասնակցել է 37105 ընտրող կամ 38,82 տոկոսը։

Դավթաշենում 32.356 ընտրողից մասնակցել է 14 131 ընտրող կամ 43,67 տոկոսը։

Էրեբունի վարչական շրջանում՝ 93.154 ընտրողից մասնակցել է 37.916 ընտրող կամ 40,70 տոկոսը։

Կենտրոնում 95.855 ընտրողից մասնակցել է 36.925 ընտրող կամ 38,52 տոկոսը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 107.779 ընտրողից ընտրության գնացել է 35.874 ընտրող կամ 33, 28 տոկոսը։

Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100.481 ընտրողից մասնակցել է 41.236 կամ 41,04 տոկոսը։

Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10.700-ից քվեարկությանը մասնակցել է 5422 ընտրող, կամ 50,67 տոկոսը։

Նուբարաշենում՝ 8133 ընտրողից մասնակցել է 4283 ընտրող կամ  52,66 տոկոսը։

Շենգավիթ վարչական շրջանում 114.935 ընտրողից մասնակցել է 53.493 կամ 46,54 տոկոսը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58.811 ընտրողից ընտրության է գնացել 19.541   քաղաքացի կամ 33,23 տոկոսը:

 

20։05

Մեկնարկել է Արմեն Աշոտյանի ասուլիսը

Քվեարկել է ավելի քան 300 հազար մարդ։ 

Միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների որակը։

Երևանցիների կամքի վրա ոչ ոք չի բռնացել։

20:00

Ընտրատեղամասերը փակվում են։

19:40

Հետք-ը տեղեկացնում է, որ թիվ 9/26 ըտնրատեղամասում (Չարենցի դպրոց) հոսանք չկա։

19։30

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Այսօր` 14. 05. 2017թ. առավոտյան ժամը 08:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձինք շրջում են Երևանի ընտրատեղամասերում և արձանագրում տեղամասերում կուտակումներ 2-5 մետր շառավղով, որտեղից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պետական ծառայողները և, այսպես կոչված, թաղային հեղինակությունները քաղաքացիներին ուղղորդում էին դեպի ընտրատեղամասեր:

Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում, որը տեղակայված է Աճառյան թիվ 22 հասցեում, Զարուհի Փոստանջյանը հայտնաբերեց հանցագործության փաստ` ընտրակաշառք ստացած անձանց ցուցակներ: Զարուհի Փոստանջյանի կողմից ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները խուսափել են հանցագործության փաստերն արձանագրելուց: Դեռ ավելին, ապօրինի գործողություններ են կիրառել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով հանդիսանում է անձեռնմխելի անձ, և փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Հասկանալով և վախենալով, որ անձեռնմխելի պետական բարձրաստիճան պաշտոնյային չեն կարող բերման ենթարկել, այդուհանդերձ, կոպիտ և բիրտ միջոցներ կիրառելով` ոստիկանները մարմնական վնասվածքներ հասցնելով ոստիկանության մեքենա քաշքշելով տարել են Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը` Լիլիթ Դրամփյանին:  Այնուհետև, փորձելով խուսափել ապօրինի գործողությունները շարունակելուց, Զարուհի Փոստանջյանին ազատ են արձակել, իսկ դստերը ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ճանապարհին առանց մեկնաբանության անօգնական վիճակում թողել են փողոցում: Ներկայում Զարուհի Փոստանջյանն ու իր դուստրը մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով գտնվում են բժշկական հսկողության ներքո:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ի դեմս Զարուհի Փոստանջյանի, խստորեն դատապարտում է ոստիկանների և նրանց հովանավորյալ Հանրապետական կուսակցության կողմից օրենքի և իրավունքի` նման ցինիկ և բացահայտ օրինախախտումներն ու ոտնձգությունները և հետամուտ է լինելու հանցագործներին պատասխանատվության կանչելու գործում:

19։00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում ահազանգում է, որ հարձակվել են իրենց դիտորդների վրա և քաշքշել։

18։29

ԿԸՀ․ Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է 290 737 մարդ, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցողների 34․52 տոկոսը։

 

 

 

 

 

 

 

18:15

Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում․ հատվածներ ոստիկանության հաղորդագրությունից

Ինչպես Զ. Փոստանջյանը և նրա կողմնակիցները, այնպես էլ շտաբում գտնվող լրագրողները հրաժարվել են ենթարկվել տարածքից դուրս գալու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ պնդելով, որ բոլոր գործողությունները կատարվեն իրենց և լրագրողների ներկայությամբ: Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս հնչեցված՝ տարածքից դուրս գալու վերաբերյալ խնդրանքները և հորդորները դիտավորությամբ անտեսվել են: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն կողմնակի անձինք իրավունք չունեն ներկա գտնվել քրեադատավարական գործողությունների կատարմանը, ուստի տարածքից դուրս գալու վերաբերյալ նշված անձանց ներկայացված ոստիկանության պահանջները բխել են օրենքից:

Փոստանջյանի նկատմամբ բերման ենթարկելու կամ ձերբակալման գործողություններ չեն իրականացվել:

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, այնտեղ գտնվող անձանց որևէ գործողություն կատարելու պահանջներ ներկայացնելը և խուզարկության փորձերը հանդիսանում են իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ: Ինչ վերաբերվում է Զ. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, ապա դա իրականությանը չի համապատասխանում:

17։44

ԿԸՀ նախագահի մեկնաբանությունը Զարուհի Փոստանջյանի միջադեպի կապակցությամբ

Երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական աշխատանքը, դա անհասկանալի է, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նկատի ունենալով «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ նախընտրական շտաբ մուտք գործելը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պարագայում կոնկրետ արարքը պետք է գնահատվի կոնկրետ փաստարկների ուսումնասիրությամբ:

«Ինչ վերաբերում է ընտրական շտաբերի գործունեությանը, ապա յուրաքանչյուր կուսակցություն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր շտաբերի միջոցով և, բնականաբար, հատկապես քվեարկության օրը՝ աշխատանքների կազմակերպումն իրականացվում է շտաբերի միջոցով: Իսկ այն երևույթը, որը տարածվել է համացանցով և որին նաև մենք հետևեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական աշխատանքը»,- ասել է Մուկուչյանը:

17:35

Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ին. դատախազություն

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից փոխանցված ահազանգի համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին բջջային հեռախոսահամարից իրենց է զանգահարել Գ. Սերոբյանը և հայտնել, որ հարձակվել են Երևան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող` Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի վրա: Ավագանու թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Գ. Սերոբյանը հանցագործության մասին տրված հաղորդմամբ հայտնել է, որ ժամը 13.37-ին` առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը, քաշքշել է իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝ այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:

Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում: Զ. Փոստանջյանի հայտարարության կապակցությամբ` ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ընտրակաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Հիշյալ երկու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել են՝ դրանց հետագա նախապատրաստումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու նպատակով:

17:30

Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ կոչ է անում երևանցիներին անպայման գնալ և մասնակցել, քանի որ մասնակցության մակարդակն այս պահի դրությամբ ցածր է։

17:29

Armrus.info կայքի լրագրող Արփի Հովհաննիսյանին թույլ չեն տվել նկարահանում կատարել ընտրատեղամասում։ Նա պատմում է, թե ինչպես է եղել դեպքը։

17:15

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ասուլիս է տալիս Ավանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Պատմում է փաթեթի մասին, որում, նրա պնդմամբ, ընտրկաշառքների մասին տեղեկություններ կային։

Սրանք ընտրություններ չեն, Հայաստանում ընտրական իրավունք իրացնել չի հաջողվել, ասում է Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ հանրապետականների համար աննորմալ է, որ կան մարդիկ, որոնք կարող են բացահայտել իրենց հանցագործությունները։

17։00

ՄԻՊ հայտարարությունը Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:

Մանրամասն ուսումնասիրվել են հատկապես Ոստիկանության ծառայողների գործողությունները միջադեպի ընթացքում` կապված Զարուհի Փոստանջյանի նկատմամբ վերաբերմունքի, նրան բերման ենթարկելու փորձի հետ:

Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է, որ Ոստիկանության ծառայողները պարտավոր են հարգել մարդու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն ցանկացած քաղաքացու և հատկապես քաղաքական գործընթացի մասնակցի հետ շփման ընթացքում:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ: Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են:

Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող բոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են և կուղարկվեն Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով:

16։45

Զարուհի Փոստանջյանի դուստրը հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, Լիլիթը ուղեղի ցնցումով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց։

Այսօր՝ ավելի վաղ, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբում։ Փոստանջյանն ու իր դուստրը ուզում էին բացել շտաբի գրասեղաններից մեկի դարակները, իսկ շտաբի աշխատակիցները թույլ չէին տալիս դա անել: Տեղի է ունեցել ուժի գործադրում, Փոստանջյանը դստեր հետ դուրս է բերվել շտաբից, աղջկան ոստիկանները բերման են ենթարկել և կարճ ժամանակ անց ազատ արձակել։

16:25

ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը

Շարունակվում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում իրենց քաղաքացիական պարտքը կատարող մեր համաքաղաքացիներին:

Վստահ ենք, որ մրցակցային և հագեցած քարոզարշավի շնորհիվ երևանցիները ծանոթացան բոլոր մասնակիցների ծրագրերին և ունեն գիտակցված ու ազատ ընտրություն անելու բոլոր հնարավորությունները:

Միաժամանակ հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք: 

16:05

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր գրասենյակում հրավիրել է շտապ ասուլիս` Մաշտոցի 33/1, 1-ին տարածք հասցեում, այսօր` ժամը 17:00-ին:

15:45

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբերից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից գումար հանում և բաժանում նրանցից մի քանիսին։ Այդ քաղաքացիներին ուղեկցող մի մարդ նրանց հարցնում է. – «Ընտրեցի՞ք, Տարոնին»։ Տարեց մի կին պատասխանում է. – «Այո, ընտրել ենք», – հավելելով. – «Վերև Աստված կա»։

Նկատելով, որ նոր մարդիկ են մտնում շտաբ, լրագրողը նույնպես մտնել է ներս։ Շտաբում իրարանցում է սկսվել։ Սեղանի շուրջ նստած մարդիկ հավաքել թղթերը։ Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ թղթեր էին, ներկաները պատասխանել են, որ քաղաքացիներին խմորեղենի` բեզեի բաղադրատոմս են տալիս։

Քիչ անց շտաբում գտնվող տղամարդկանցից մի քանիսը սկսել են վիրավորել լրագրողին, քաշքշել ու փորձել խլել նրանից հեռախոսը և ի վերջո ընդհատել են նկարահանումը։

Տղաներից մեկը գլխարկով հարվածել է Սիսակ Գաբրիելյանի ճակատին։ Քիչ անց շտաբ է եկել մի տղամարդ, որը ներկայացել է որպես ՀՀԿ գործող ավագանի։ Սկզբում նա նույնպես սպառնալիքներ է հնչեցրել, քիչ անց արդեն դուրս է հրավիրել բոլորին ու վերջիններիս անունից ներողություն խնդրել Սիսակ Գաբրիելյանից։

15:05

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 210 903 ընտրող, այսինքն՝ ընտրողների 25.04 տոկոսը։

14:42

Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում է բացել Տարոն Մարգարյանի շտաբի դարակներից մեկը, որտեղ կան ցուցակներ։ Ստեծվել է լարված իրավիճակ։ Ոստիկանները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել նրան։ Նա դեռ վայելում է պատգամավորական անձեռնմխելիություն։

14:30

Մալաթիայի 7/29 ընտրատեղամասում երկու դեպք է գրանցվել, երբ քվեարկող քաղաքացիներն ունեցել են երկու քվեաթերթիկ․ այս մասին ՍիվիլՆեթի լրագրողին ասաց ընտրատեղամասի դիտորդներից մեկը:

«Մտել են քվեախցիկ, հետո նկատել ենք, որ ձեռքին երկու քվեաթերթիկ է: Դա նկատեցինք, երբ ընտրողն հենց ինքը հարցրեց՝ իսկ երկրորդը ի՞նչ եմ անելու: Եղել է նաև որ ընտրողի դիմաց ուրիշ մարդ է ստորագրել»,- պատմեց նա:

14։20

Թիվ 8/16 ընտրատեղամասում քվեարկեց Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Պայքարելու ենք, որ ընտրակաշառքով ընտրող քաղաքացիները փոխվեն, փորձելու ենք ավելի լավ հասկանալ նրանց ու ավելի հասկանալի լինել նրանց,- ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ իրենց տրված որևէ ձայն թույլ չեն տա, որ կորի,- մենք իրավունք չունենք մեզ տրված որևէ ձայն թողնել չիրացված, մաքսիմալ պայքարելու ենք Հայաստանում փոփոխությունների հասնելու համար»։

12:20

Նորագյուղի 9/56 տեղամասում դիտորդ Դավիթ Ավինյանն արձանագրել է բաց քվեարկության դեպք, այնինչ ընտրական հանձնաժողովի անդամները միաձայն պնդում են, որ նման դեպք իրենք չեն տեսել։ Այս տեղամասի դիմաց կուտակում է։ Այստեղ դիտորդներ ունի «Կրթական և մշակութային կամուրջներ» կազմակերպությունը, որի ներկայացուցչին «Ելք»-ի վստահված անձը կասկածում է ՀՀԿ-ի օգտին աշխատելու մեջ։

12։15

Երևանի 9/18 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրատեղամասում պատասխանելով լրագրողների հարցերին, թե Երևանում ի՞նչ կփոխվի, եթե Տարոն Մարգարյանը ընտրվի քաղաքապետի պաշտոնում, նա ասել է՝ Երևանը կդառնա ավելի լավը: Մեկ այլ հարցի, թե հանուն ինչի՞ է քվեարկել, նխագահը պատասխանել է՝ հանուն լավ Երևանի:

12:00

Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 11,9 տոկոսը։

 

 

 

 

 

 

 

 

11:30

Գործող քաղաքապետ, Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրություն կատարեց 1/19 տեղամասում։ Նա պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց թվում անդրադարձավ «ԵԼՔ» դաշինքի՝ իր նախընտրական շտաբի կողմից ընտրակեղծիքներ թույլ տալու մասին ահազանգերին և հայտնաբերված ցուցակներին։ Նա ասաց, որ ՀՀԿ-ն «նորմալ քարոզչություն է վարել» և մրցակիցներին կոչ է արել զերծ մնալ «ցեխ շպրտելուց»։

 

«Ցուցակներ չկան»,- պնդեց Մարգարյանը՝ հավելելով, որ իրավապահները դրանով զբաղվում են։ 

«Արդյոք մեր շտաբի՞ց էին գտել»,- հարցադրում արեց Տարոն Մարգարյանը և պատասխան հարցին՝ «Իսկ որտեղի՞ց» հակադարձեց՝ «Նրանց հարցրեք»։

 

 

 11։10

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

10:50

Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկեց 4/53 ընտրատեղամասում։ Նա ասաց, որ ցանկանում է տեսնել Երևանը ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով, որն ուղղված կլինի երևանցիների պահանջների կատարմանը։ «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդդիմադիր «Ելք» դաշինքը կրկին ընտրակաշառքի մասին է բարձրաձայնում, և հարցին՝ այդ երևույթը ինչո՞ւ չի վերանում, վարչապետը պատասխանել է. «Կարծում եմ՝ տարեցտարի մեր ընտրություններն իմ կարծիքով, ավելի արդար են և ավելի թափանցիկ։ Բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի նման դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է, իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում։ Մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնանք, եկեք սպասենք, տեսնենք իրավապահներն ինչ կասեն»։

10։35

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով կազմավորված է 474 ընտրական տեղամաս և քվեարկությունը կազմակերպում է տասը տարածքային ընտրական հանձնաժողով: Գրանցված է 3792 հանձնաժողովի անդամ, որոնցից բացակայել է 14-ը: Նրա խոսքով՝ բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են: Ընտրություններին դիտորդական առաքելություն է կազմակերպում 17 տեղամասային կազմակերպություն՝ 5000-ից ավելի դիտորդով և մեկ միջազգային կազմակերպություն՝ 10 դիտորդներով:

10։15

Կոչ՝ 7/28 տեղամասի առջև։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9:50

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում ահազանգում է, որ Դավթաշենում՝ 5/03 տեղամասում, մարդկանց «հոտերով են բերում»։

 

09:47

«Երկիր ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը առավոտյան մասնակցեց քվեարկությանը։ Նա Երևանի ավագանու այս ընտրությունները համարում է իշխանությունների հեռանալու համար «հումանիտար հնարավորություն»։ Փոստանջյանն ասում է,որ ընտրակաշառքի բաժանման մասին տեղեկություններ ունեն։

9.30

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է 9/46 ընտրատեղամասում ոստիկանների կողմից չհրկիզվող պահարանի տեղափոխման մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությանը։ Նա գրում է, որ ստուգմամբ պարզվել է՝ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝
ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: