«Իրավունքի Եվրոպա միավորում»-ը կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ»-ի անվանումը

Երևան քաղաքի 2017 թ. ավագանու ընտրությունների դիտորդությունն իրականացվել է բացառապես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ կողմից, որտեղ վերջինս կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը որոշակիորեն ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:

««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոալիցաիա է, որը ձևավորվել է 2013թ․-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից՝ համատեղ դիտարկելու Երևան քաղաքի ավագանու ընտրությունները։ Նախաձեռնության գործունեությունը հետագայում շարունակվել է՝ հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության կարևորությունը։ 2016թ․-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դուրս է եկել կոալիցիայից, և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակել է հանդես գալ երեք կազմակերպությունների հիմնական կազմով՝ գործունեության տարբեր փուլերում համագործակցելով նաև այլ կազմակերպությունների հետ։

Մինչ օրս «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացրել է դիտորդական առաքելություն 2013թ․ Երևան քաղաքի ավագանու, 2013-2017թթ․ 100 համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, 2015թ․ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի և 2017թ․խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ 2017թ․ ապրիլին խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ցայսօր իրականացրած վերջին գործողությունը, ուստի վերոնշյալ շրջանակից դուրս և դրանից հետո իրականացված ձեռնարկները, հայտարարությունները և մեկնաբանությունները չեն արտացոլում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամների համատեղ գործունեությունը և տեսակետը։

Երևան քաղաքի 2017 թ. ավագանու ընտրությունների դիտորդությունն իրականացվել է բացառապես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ կողմից, որտեղ վերջինս կամայականորեն օգտագործել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը որոշակիորեն ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Ցավոք սա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։ Տեղի ունեցածի պատճառով այժմ հրապարակային կերպով տեղեկացնում ենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել հիմնադիրներից որևէ մեկի կողմից, եթե չկա բոլոր անդամ կազմակերպությունների համաձայնությունը»,- ասվում է հայտարարությունում։