Էրդողանի վաշիգնտոնյան այցից առաջ թուրքերը PR են ծավալում

Մայիսի 16-ին նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն և հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Էրդողանի այցից առաջ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը վարձել է Բուրսոն-Մարստելեր  (Burson-Marsteller) ընկերությանը, գրում է ամերիկյան Prweek.com կայքը։  

«Բուրսոն-Մարստելերը» PR ծառայություններ տրամադրող ընկերություն է, որը ծառայություն է մատուցում նաև աշխարհի ավտորիտար առաջնորդներին։ Ընկերության հաճախորդների թվում են եղել Ռումինիայի բռնապետ Չաուշեսկուն, 1980-ականների արգենտինյան խունտան, Ինդոնեզիայի բռնապետ Սուհարտոն և այլք: 2006թ. այս ընկերության ծառայությունից օգտվել է նաև Սերժ Սարգսյանը, որի վարկանիշը բարձրացնելու համար վճարվել է ավելի քան կես միլիոն դոլար:

Այս ամիս կնքված պայամանագիրն ուժի մեջ է  2017 թ. ընթացքում։ Նախատեսվում է, որ  աշխատանքի դիմաց ընկերությունը կստանա 1.1 մլն դոլար:

«Բուրսոն-Մարստելերը» պատասխանատու է ԱՄՆ-ում թուրքական դեսպանատան հաղորդակցության աջակցության, այդ թվում՝ հանրային քաղաքականության կարևոր դեմքերին հանդիպումների և միջոցառումների միջոցով ներգրավման, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ ԶԼՄ-ներին խորհրդատվության տրամադրման,  դեսպանատան միջոցառումների աջակցության և դեսպանատան՝ սոցիալական ցանցերում ներկայության համար։

Գործակալությունը նաև կօժանդակի Բոստոնում, Չիկագոյում, Հյուստոնում, Լոս Անջելեսում, Մայամիում և Նյու Յորքում թուրքական հյուպատոսություններին՝ ԶԼՄ-ների հետ կապերի  և համայնքի ղեկավարների հետ ներգրավվածության հարցերում:

Ընկերության ներկայացուցիչներից մեկը հաստատել է դեսպանատան համար ընկերության աշխատանքը, բայց հրաժարվել է մեկնաբանություններից։

«Բուրսոն-Մարստելեր» ընկերության ծառայություններին նախկինում օգտվել է նաև Թուրքիայի (նախկին) վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։