Ղազախստանը վերականգնել է նավթի արտահանումը Ադրբեջանի տարածքով

Ղազախստանը վերականգնել է նավթի արտահանումը Ադրբեջանի տարածքով. հաղորդում է «Կազինֆորմ» լրատվականը՝ հղում անելով երկրի էներգետիկայի նախարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ միայն ընթացիկ տարվա ընթացքում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարով արտահանվել է 90 հազ․ տոննա ղազախական նավթ։ Անցյալ տարի Բաթումիի նավթային տերմինալով ղազախական նավթ և նավթամթերք չի փոխադրվել։

«Բաթումիի նավթային տերմինալի հետագա բեռնման նպատակով «ԿազՏրանսՕյլ» ընկերությունը մշտական հիմքերով համապատասխան աշխատանք է տանում տրանսպորտային միջանցքի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ»,- հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։

Տարեսկզբին Regnum գործակալությունը գրել էր, որ ղազախական Քաշաղան նավթավայրի գործարկումից հետո իշխանությունները հիշել են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» համակարգի միջոցով՝ Կասպից ծովով և Ադրբեջանի տարածքով դեպի միջազգային շուկաներ նավթի փոխադրման նախագծի մասին։

Ինչպես գրել է Nefte Compass ամսագիրը, Ղազախստանի պաշտոնատար անձինք վերսկսել են բանակցությունները նավթի Փոխադրման ղազախական կասպիական համակարգի (ՓՂԿՀ) ստեղծման շուրջ։

Նախագիծը ծագել էր այն բանից հետո, երբ 2008թ․ հունիսի 15-ին Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևը ստորագրել էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարով Ղազախստանից Կասպից ծովով և Ադրբեջանի տարածքով նավթի փոխադրմանն աջակցելու վերաբերյալ պայմանագիր։

2014թ․ հոկտեմբերի 14-ին, սակայն, հայտնի էր դարձել, որ Ղազախստանի կառավարությունը սկսել է մշակել նավթի արտահանման այլ տարբերակներ՝ Իրանի և Չիանստանի տարածքով և դադարեցնում է ՓՂԿՀ-ի ստեղծումը՝ ոչ միայն այլընտրանքային երթուղիներ փնտրելու պատճառով, այլև Քաշաղան հանքավայրի յուրացման երկրորդ փուլի ժամկետների տեղափոխմամբ պայմանավորված։

***

British Petroleum ընկերության տարեկան զեկույցի համաձայն՝ 2015թ․ վերջին Ղազախստանում նավթի ապացուցված պաշարները կազմել են 30 մլրդ բարել։ Նշվում էր, որ 2005թ․ այդ պաշարները գնահատվել են 9 մլրդ բարել, իսկ 1995թ․՝ 5,3 մլրդ բարել։

Համեմատության համար՝ Ռուսաստանի պաշարները 2015թ․ վերջին կազմել են 102,4 մլրդ բարել, Ադրբեջանինը՝ 7 մլրդ, Ուզբեկստանինն ու Թուրքմենստանինը՝ 0,6-ական մլրդ։

Խոշորագույն ապացուցված պաշարներն ունեն Վենեսուելան՝ 300,9 մլրդ, Սաուդյան Արաբիան՝ 266,6 մլրդ և Կանադան՝ 172,2 մլրդ բարել։

Իրանում, Իրաքում և Քուվեյթում նավթի պաշարները գնահատվում են 157,8, 143,1 և 101,5 մլրդ բարել համապատասխանաբար։

Լուսանկարում՝ Բաթումիի նավթային տերմինալ

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել