Ընտրությունների պաշտոնական արդյունքներն ընդհանուր առմամբ ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե․ այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ընտրության արդյունքում «Հայաստանի հանրապետական» կուսակցության շտաբերից համատարած ընտրակաշառք է բաժանվել, և այդ գործընթացը կազմակերպված բնույթ է ունեցել, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ»,- ասաց նա:
«Ելք» դաշինքի հայտարարությամբ՝ ՀՀ իրավապահ մարմինները ցուցաբերել են համատարած անգործություն, որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը:
«Դաշինքը հրապարակել է ապացույցներ, որ ոստիկանությունը զբաղված է եղել ՀՀԿ-ի քարոզչությամբ: Քվեարկության օրը ոստիկանները բռնություն են գործադրել Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա աղջկա նկատմամբ»,- հայտարարությունն ընթերցեց Էդմոն Մարուքյանը:
Երևանի ավագանու ընտրություններին ավելի քան 70 հազար ձայն ստացած «Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ որպես Երևանի ավագանու անդամ չի աշխատի, այլ կգնա խորհրդարան՝ պատգամավորական գործունեություն իրականացնելու:
«Ես գնում եմ ԱԺ, մյուսները համապատասխան հավաքած ձայներով ավագանի են գնում, ինքնաբացարկի մասին որևէ տեղեկություններ մենք չունենք, չեմ կարծում՝ այդպիսի բան լինի, որովհետև ավագանու անդամ դարձածներն ակտիվ մասնակցել են նախընտրական գործընթացներին»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Երևանում 100 հազարավոր մարդիկ քվեարկում են ընտրակաշառքով. «Այո՛, մենք չենք կարողացել մարդկանց համոզել, որ չքվեարկեն առանց ընտրակաշառքի»: