«Ժողովրդի թշնամիներն ու օտար գործակալներն ընդդեմ պետության»

«Ժողովրդի թշնամի», «արտասահմանյան գործակալ» և նմանատիպ պիտակները գնալով ծաղկում են, և անգամ ժողովրդավարական Միացյալ Նահանգների նախագահը չի խորշում օգտագործել նման եզրույթներ։ Գնալով ավելի ու ավելի քաղաքական միավորներ են լցվում թշնամանքով դեպի ՀԿ սեկտորը և սկսում այն հետապնդել: Արցախյան «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի հերթական համարի խորագիրը կրում է «Քաղաքացիական հասարակություն և հիերարխիկ համակարգ․ հարաբերությունները 21-րդ դարում»։ Մայիսի 15-ին թեմայի շուրջ քննարկում էր կազմակերպվել Եվրասիա համագործակցություն հիմնադրամում։

«Անալիտիկոնի» հրավիրյալ խմբագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն իր հրապարակած հոդվածում խոսում է տարածաշրջանում և աշխարհում հասարակական կազմակերպությունների միջև նվազող համերաշխության՝ սոլիդարության մասին։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ավելի ու ավելի քաղաքական միավորներ են լցվում թշնամանքով դեպի ՀԿ սեկտորը և սկսում այն հետապնդել: Դե, իսկ այն «սանձելու» փորձերն անպակաս էին միշտ էլ»,- ասում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ ՀԿ-ները՝ քաղաքացիական հասարակության ինստիտուցիաները, կարևոր են հազար ու մի պատճառով, այդ թվում նրանով, որ պատնեշ են տոտալիտարիզմի և բռնարարական ռեժիմների դեմ․ «Այնտեղ, որտեղ նրանք չկան, քիչ են կամ լուռ, բռնարարական ռեժիմը կամ կա, կամ ավելի մեծ շանս ունի կայանալու»:

Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Aravot.am-ի ռուսալեզու տարբերակի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանն իր հոդվածում պնդում է, որ Հայաստանում քաղաքական անապատացման պայմաններում քաղաքական արժեքների հիմնական կրողը դարձել են քաղաքացիական հասարակության ինստիտուտները։

«Ընդսմին, իշխանական համակարգի շրջանակում ազդեցության տարբեր խմբերի ու կուսակցությունների շահերը սպասարկող գործիք չդառնալու արդարացված ձգտումը քաղաքացիական հասարակության հաստատությունների շրջանում քաղաքականության նկատմամբ առհասարակ յուրօրինակ «ալերգիա» է ձևավորել։ Մինչդեռ «վատ քաղաքականության» պայմաններում ապրող քաղաքացիական հասարակության համար «լավ քաղաքականության» պատվերը սպասելիորեն պետք է լիներ գլխավոր նպատակ։ Սրանք միմյանց հետ փոխհարաբերվող երկու զուգահեռ ընթացք են։ Հավանաբար, հենց սա է պետության հետ հասարակության կապի ամենաթույլ օղակը, որի աղբյուրը հասարակությունը չէ փաստացի։ Իրերի այսպիսի դրության հետևանքներն այսօր, բնականաբար, տրտմեցնող են։ Արդ, մեր ներկա պայմաններում ովքե՞ր են քաղաքացիական հասարակության «բնական դաշնակիցներն» ու «բնական հակառակորդները»։

Ռուբեն Մեհրաբյան, Aravot.am-ի ռուսալեզու տարբերակի խմբագիր

Արցախից անկախ վերլուծաբան Ալվարդ Սարգսյանը «Անալիտիկոն» հանդեսում հրապարակած իր հոդվածում անդրադառնում է Արցախի քաղաքացիական հասարակության առանձնահատկություններին։ Նա նշում է, որ Արցախում արտաքին թշնամու գաղափարը և մշտական վտանգի առկայությունը ժողովրդի մեջ ձևավորել են որոշակի հանդուրժողականություն քաղաքական գործընթացների նկատմամբ, որն իր ողջ պարզությամբ-պարզունակությամբ դրսևորվում է ընտրությունների ժամանակ՝ հասարակության մի մեծ շերտի անտարբերությամբ։ Պետրոսյանը նշում է, որ Արցախի հասարակական կազմակերպությունները հիմնականում գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն; մարդու իրավունքների պաշտպանություն; ազգային և կրոնական ավանդույթների պահպանություն; խաղաղարարություն:

Ալվարդ Սարգսյան, վերլուծաբան

Mission East կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանը զուգահեռ է անցկացնում երկրում իշխանությունների և նրանց քննադատող հասարակական կառույցների և ընտանիքում հոր ու մոր հարաբերությունների միջև․ «Երեխան սովորում է, որ մայրը միշտ զիջում է ընտանիքի անվտանգության համար, անկախ նրանից՝ հայրը ճիշտ բան է ասում, թե ոչ։ Եվ նա աշխատում է ընտանիքի անվտանգությունը չդնել հարաբերությունների քննադատական եզրույթում»։

Արմեն Բեժանյան, Mission East կազմակերպություն

ԱՄՆ Սթոնհիլ Քոլեջի (Stoenhill College) քաղաքագիտության դոկտոր Աննա Օհանյանը իր «ՔՀԿ-ները և հետամերիկյան աշխարհը» վերնագրված հոդվածում անդրադառնում է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հեոտ քաղաքացիական հասարակության կառույցների առջև ծառացող մարտահրավերին ամբողջ աշխարհում։

«2016 թվականը Ատլանտիկ օվկիանոսի երկու կողմերում մակաբերեց Brexit և պոպուլիզմի աճ ընտրական գործընթացներում: Այս զարգացումները հանգեցրին հասարակական բացառիկ դիսկուրսի, ինչպես նաև կոսմոպոլիտիզմի և մարդասիրական արժեքների դեմ կոշտ հարձակումների: 2016-ը կմնա պատմության մեջ որպես նշանակալի և ջրբաժան հանդիսացող տարի, սակայն այն ընդամենը արդյունք էր դեռ քսան տարի առաջ գործող ուժերի: Այս տարվա մեջ ինչպես հին և նոր, մեծ և փոքր ժողովրդավարությունները, այնպես էլ տեղական և համաշխարհային ինստիտուցիաները փորձությունների ենթարկվեցին: Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշած «Ամերիկան առաջինը» քաղաքական դիրքորոշումը մարտահրավեր նետեց այն ամբողջ համաշխարհային կարգին, որը կառուցել էր ԱՄՆ-ն Եվրոպայի հետ միասին Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած շրջանում: Թեպետ վերլուծաբանները վաղուց կանխագուշակում էին դիմակայության աճ ԱՄՆ-ի առաջնորդած և լիբերալ կանոնների հիման վրա գործող կարգի դեմ, դիմակայություն, որը պետք է վրա հասներ ուժգնացող պետությունների և տնտեսական զարգացման այլընտրանքային մոդելների կողմից, սակայն նախագահ Թրամփի ընտրությունը և նրա առաջ քաշած «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը նոր մեխանիզմ ավելացրեցին այդ մարտահրավերին. ինքնասաբոտաժ ներսից»,- գրում է Աննա Օհանյանը:

Պատրաստեց Կարեն Հարությունյանը

Մեկնաբանել