Մայիսի 16-ին Վաշիգնտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բողոքի ցույցերով են դիմավորել։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը, Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ համայնքները:
«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք Էրդողանի դեմ, ով դաժան հարձակումներ է կազմակերպում քրդերի դեմ», – Վաշինգտոնի քուրդ համայնքի ներկայացուցիչ Օմեր Փասալի խոսքով, Թուրքիայի նախագահը պայքարում է Սիրիայի քրդերի դեմ, այդպիսով խոչընդոտելով քրդերի պայքարը Դաեշի ահաբեկիչների դեմ:
Քրդերի և հայերի կազմակերպված բողոքի ցույցին ընդդեմ, հենց այստեղ, Սպիտակ տան առջև իրենց հակացույցն էին կազմակերպել Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք փորձում էին աջակցել Ռեջեփ Էրդողանին:
«Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև կարևորագույն բանակցություններին»,- Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի ղեկավար Գունայ Էվինչի խոսքով, թուրքական կողմը Սիրիայում աջակցում է մեկ տասնյակից ավելի սիրիական քրդերի կազմակերպությունների:
Սպիտակ տան առջև դեմ առ դեմ հավաքված թուրք և քուրդ ցուցարարների միջև իրավիճակն ի վերջո այնքան էր սրվել, որ ոստիկանությունը որոշեց կողմերին բաժանել, հնարավոր բախումները կանխելու համար:
Բողոքի ցույցին ներկա էին նաև Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչները: Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով՝ Թուրքիան ունի մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրներ.
«Մենք այսօր այստեղ ենք մեր քուրդ եղբայրների ու քույրերի և ընդհանրապես բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր անհանգստացած են Թուրքիայում բռնատիրության աճի կապակցությամբ»:
Մինչ Սպիտակ տան առջև շարունակվում էին ցույցերը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը քննարկում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի հիմնահարցի կարգավորման հեռանկարները: Էրդողանի խոսքով, ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարևորագույն դեր է խաղում Անկարայի համար:
Միացյալ Նահանգների նախագահն իր կողմից նշում է Թուրքիայի կարևոր դերը Սառը պատերազմի և Կորեայի պատերազմի տարիներին: Այժմ եկել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման ժամանակը, հիշեցնում է Դոնալդ Թրամփը.
«Մենք աջակցում ենք բոլոր ջանքերի, որոնք կարող են նվազեցնել Սիրիայում բռնությունը և խաղաղ կարգավորման պայմաններ ստեղծել»: