Տապանի արյունարբուները

«Կառուցենք ազգովի» ինչ-որ հիմնադրամ ի հիշատակ Նոյի տապան է ուզում կառուցել: Մի քանի օր այս լուրը կխեղդի ավագանու խայտառակ ընտրությունները: Ազգային ժողովինն արդեն չենք հիշում: Պատմության դասագրքերը լցված են հիշողության բացակայությամբ: Մենք այսօր «ջրում» ենք պատմության դասագրքի հերթական էջը: Որպեսզի, երբ վաղը հայաստանցին հայաստանցու փոր թափի, ոչ ոք չհասկանա, թե ինչու մեկ օրում մարդիկ բռնեցին ու գժվեցին: Մի՞թե ի հիշատակ Նոյի տապանի առիթով: Մարդիկ մի ամիս առաջ էին խորհրդարան ընտրել, ինչու՞ գժվեցին: Խաղաղության խուճապը պատերազմի խուճապից սարսափելի է, որովհետև խաղաղության խուճապի տարածականությունն ավելի մեծ է, կնշանակի, ավելի շատ զոհեր կարող է ընդգրկել:

Խաղաղության խուճապի զոհերը դեմք և զոհաբերության կոնկրետ պատճառ չունեն, նրանք մարդիկ են, որոնք իրական զոհերի հետ կարող են հայտնվել քո ճանապարհին: Խաղաղության խուճապի զոհը գուցե ընդամենը երեկ կերակրել է կենդանաբանական այգու արջին՝ փաստելով, որ երջանիկ լինելու համար իրեն միայն դա էր պակասում: Գուցե երկու օր առաջ ինքը խղճի մտոք քվեարկել է գյուղապետի հանրապետական թեկնածուի օգտին: Մի խոսքով, ոչինչ չի ասում, որ երկու օր հետո ինքը պարզապես սպանվելու է: Սա է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն իրեն հաշիվ չի տալիս: Որովհետև, իսկապես, ոչինչ այսօր այդ օրը չի գուժում, մարդիկ լցված են շուկաները, ծախսում են հերթական 10 հազար դրամ ընտրակաշառքը: Չես ասի, որ կյանքը վարդագույն է, բայց ի՞նչ էր այն 10 հազար դրամը վերցնելուց առաջ:

Մարդիկ ոչ թե հույսն են կորցրել, այլ հաշտեցրել են երկու տարբեր օրերի անպատկառությունը: Իսկ հաշտեցնելը հեշտ է, որովհետև ինքը գուցե կաշառակեր չէ, բայց մայրը վերցրել է: Մայրը գուցե չի վերցրել, բայց հայրն է վերցրել: Զենք վերցնի սեփական մոր կամ հոր դե՞մ: Դա հայ քրիստոնյայի արա՞րք է: Այս ամենը, ներառյալ հնարավոր արյունահեղությունը գուցե մի օր հասկացվի: Գուցե մի օր պատմությունը գտնի առավել ռացիոնալ բացատրություն, թե ինչու պետք է հայը հայի փոր թափի: Սակայն ոչ մի պատմություն, ոչ մի փիլիսոփայություն և ոչ մի գրականություն չի կարողանա բացատրել, թե ինչպես էին մայրերն ու հայրերը որդիներին ճանապարհում բանակ, որտեղից կենդանի վերադառնալու ոչ մի երաշխիք չկա, իսկ իրենք այդ ընթացքում մսխում խաղաղության հազիվ շնորհները: Այսինքն, ջնջում իրենց և Տարոն Մարգարյանի միջև եղած տարբերությունը: Այսինքն, դրստում Տարոնի հետ նույն «տապանում» գոյելու հնարավորությունը: Այսինքն, ջնջում ապրելու և ինքնասպան լինելու սահմանը:

Մեկնաբանել