«Էրդողանը լինչի դատաստանի մշակույթը տեղափոխում է Սպիտակ տուն»․ մամուլի արձագանքը՝ Վաշինգտոնի բախմանը

Մայիսի 16-ին Վաշիգնտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բողոքի ցույցերով են դիմավորել։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը, Էրդողանի դեմ իրենց բողոքն արտահայտելու էին դուրս եկել Ամերիկայի հայ և քուրդ համայնքները: Կազմակերպված բողոքի ցույցին ընդդեմ, հենց Սպիտակ տան առջև իրենց հակացույցն էին կազմակերպել Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք փորձում էին աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սպիտակ տան առջև դեմ առ դեմ հավաքված թուրք և քուրդ ցուցարարների միջև իրավիճակն ի վերջո այնքան էր սրվել, որ ոստիկանությունը որոշեց կողմերին բաժանել հնարավոր բախումները կանխելու համար: Բողոքի ցույցին ներկա էին նաև Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչները: Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ բախմանը մասնակցել են նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև թուրք և քուրդ ցուցարարների միջև բախման արդյունքում ինը մարդ վնասվածք է ստացել, երկուսը բերման է ենթարկվել։ Guardian-ը վկայակոչում է ականատեսներից մեկին, որի խոսքով՝ հրմշտոցն սկսվել է այն ժամանակ, երբ Էրդողանի թիկնապահները հարձակվել են Սիրիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ PYD-ի դրոշը կրող ցուցարարների վրա։

Վաշինգտոնի Հրշեջային և շտապ բժշկական ծառայության խոսնակը տեղեկացրել է, որ տուժածներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել և շտապ օգնության մեքենայով հոսպիտալացվել:

Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչն էլ ասել է, որ բախում է տեղի ունեցել երկու խմբերի միջև՝ առանց մանրամասնելու բախման հանգամանքները։ Երկուսը բերման են ենթարկվել, նրանցից մեկը՝ ոստիկանի վիրավորելու համար։

Մինչ Սպիտակ տան առջև շարունակվում էին ցույցերը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը քննարկում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի հիմնահարցի կարգավորման հեռանկարները: Էրդողանի խոսքով, ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարևորագույն դեր է խաղում Անկարայի համար:

Վաշինգտոնում տեղի ունեցած դեպքերը հիմնականում չեն արտացոլվել Թուրքիայի կառավարամետ մամուլում։ Նկատելի է, որ առկա մեկնաբանություններում փորձ է արվում ցուցարարներին ներկայացնել որպես ահաբեկչության պաշտպաններ։

Թեմային անդրադարձել է ընդդիմադիր ուղղվածությամբ հայտնի Bianet կայքը, որը գրել է, որ հայ, քուրդ և եզդի ցուցարարները ենթարկվել են Էրդողանի թիկնապահների հարձակմանը։

Թերթը հիշեցնում է, որ սա Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ․ 2016թ․ փետրվարին Էկվադորում նրանք կրկին ցուցարարների էին ծեծել։ Մեկ ամիս անց ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահները բախվել էին դրսում հավաքված ցուցարարների և անգամ ոստիկանների հետ։

Թուրքական Cumhuriyet թերթը նշում է, որ մայիսի 16-ին հենց Էրդողանի թիկնապահներն են ծեծի ենթարկել ցուցարարներին։

Firat քրդական լրատվականը Վաշինգտոնի բախմանն անդրադարձել է հետևյալ վերտառությամբ հոդվածով՝ «Էրդողանը լինչի դատաստանի մշակույթը տեղափոխում է Սպիտակ տուն»։ Firat-ը տեղեկացնում է, որ ցուցարարները վանկարկում էին՝ «Ահաբեկիչ Էրդողան», «Էրդողան հավասար է Իսլամական պետություն», «Երեխա սպանող Էրդողան»։

Hurriyet Daily News-ն իր հերթին առանձին անդրադառնում է նրան, որ վաշինգտոնյան այցի ընթացքում Էրդողանն օգտվել է Թուրքիայից հատուկ տեղափոխված իր զրահապատ ավտոմեքենայից։ Ծառայողական «Մերսեդես» մակնիշի մեքենան ԱՄՆ է փոխադրվել ռազմական բեռնատար ինքնաթիռով։

Սա երկրորդ անգամն է, որ Էրդողանն ԱՄՆ-ում օգտվում է իր սեփական զրահապատ մեքենայից․ նախորդ անգամ դա տեղի էր ունեցել անցյալ ամառ՝ Էրդողանի նյույորքյան այցի ժամանակ։

Էրդողանն իր այցերի ժամանակ սեփական ավտոմեքենաներից սկսել է օգտվել 2016թ․ փետրվարին հարավամերիկյան իր այցի ժամանակ։

Պատրաստեցին Ստելլա Մեհրաբեկյանը և Գոռ Երանյանը

Մեկնաբանել