ԱՄՆ խստորեն դատապարտում է Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպը

ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առաջ տեղի ունեցած բախումը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և ցուցարարների միջև։

«Մենք մտահոգված ենք երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բռնի միջադեպերով, որոնցում ներգրավված են եղել ցուցարարներ և թուրքական անվտանգության աշխատակիցներ։ Բռնությունը երբեք չի կարող լինել պատշաճ պատասխան խոսքի ազատությանը։ Մենք ամենուրեք սատարում ենք մարդկանց՝ ազատ ինքնաարտահայտման և խաղաղ ցույցի իրավունքներին։ 

Թուրքական կառավարությանը հայտնում ենք մեր մտահոգությունը՝ հնարավոր ամենախիստ ձևով»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը, ինչպես հաղորդում է CNN-ը, տեղեկացրել է, որ ծեծկռտուքին մասնակցել են ինչպես Էրդողանի թիկնապահները, այնպես էլ թուրքական դեսպանության անվտանգության աշխատակիցները։

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում են ինչպես դաշնային, այնպես էլ Վաշինգտոնի իրավապահ մարմինները։

Մայրաքաղաքի ոստիկանության պետ Փիթեր Նյուշեմը մամուլի ասուլիսին ասել է, որ ոստիկանությունը ձգտում է պատասխանատվության կանչել ներգրավված բոլոր կողմերին։

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է․ «Այն, ինչին ականատես եղանք երեկ՝ բռնի հարձակում խաղաղ ցուցարարների վրա, վաշինգտոնյան արժեքների և մեր՝ ամերիկացիներիս իրավունքների ոտնահարում է։ Ես խստորեն դատապարտում եմ այս գործողությունները։ Մայրաքաղաքային ոստիկանությունը շարունակելու է հետաքննել միջադեպն ու աշխատել դաշնային գործընկերների հետ՝ արդարադատություն ապահովելու նպատակով»։

 

Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասին ավելին՝ «Էրդողանը լինչի դատաստանի մշակույթը տեղափոխում է Սպիտակ տուն»․ մամուլի արձագանքը՝ Վաշինգտոնի բախմանը։