ԵԼՔ դաշինքը բոյկոտում է Ազգային ժողովի առաջին նիստը

ԵԼՔ դաշինքը քաղաքական որոշում է կայացրել չմասնակցել այսօր մեկնարկած Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նիստին:

ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում ԵԼՔ-ի պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենց որոշումը պայմանավորված է խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններում լայնորեն կիրառված ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի օգտագործման հանգամանքով, և իրենք որպես բողոք` որոշում են կայացրել բոյկոտել առաջին նիստը։

Նիստի մեկնարկից հետո ուղերձով ՀՀ ժողովրդին և նորընտիր պատգամավորներին դիմեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ։

Իր ուղերձում նախագահ Սերժ սարգսյանն ասաց, որ խորապես համոզված է եղել, որ մոտ ապագայում Հայաստանը մտնելու է բեկումնային ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումանլից և պատասխանատու։

«Այսօր եկել է այդ ժամանակաշրջանը, և ես բոլորիս շնորհավորում է այդ արթիվ, իսկ ձեզ, հարգելի պատգամավորներ, կրկնակի եմ շնորհավորում, քանի որ այս բեկումնային ժամանակաշրջանում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները»,- ասաց Սերժ Սարգսյանը, հավելելով, որ Աժ-ի հիմնական պարտականություն է ստեղծել իրավական ու ընկալելի օրենքներ, առանց որոնց հնարավոր չի լինի ամբողջությամբ իրականացնել սահմանադրական բարեփոխումները։

ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նիստը վարում է ԱԺ-ի տարիքով ամենաավագ պատգագամավորը՝ Կնյազ Հասանովը: Նիստին մասնակցում  է նաև կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։

Ազգային ժողովի առաջին նիստում հրաժարական կներկայացնի կառավարությունը, իսկ պատգամավորները փակ քվեարկությամբ և ՀՀԿ-ի առաջարկով կընտրեն Ազգային ժողովի նախագահ, որից հետո ԱԺ նախագահը կնշանակի ԱԺ փոխնախագահներին:

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկե ԱԺ պատգամավոր Արա Բաբոլայնի թեկնածությունը, իսկ ԱԺ փոխնախագահների պաշտններում՝ Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: