Սերժ Սարգսյանի ուղերձի հիմնական մասերը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին հանդես եկավ ուղերձով։ Սերժ Սարգսյանը խոսեց ամենատարբեր խնդիրների մասին։ ՍիվիլՆեթը ելույթից առանձնացրել է հատվածներ՝ սեփական ենթավերնագրերով:

Սահմանադրական բարեփոխումների մասին

Սահմանադրական բարեփոխումների միջոցով մենք լավ հիմք ենք ստեղծել հաղթահարելու Սահմանադրության և իրական կյանքի միջև առկա անջրպետը: Մենք այսօր, առավել քան երբևէ, վճռական ենք սահմանադրականության ու հասարակական հարաբերությունների սահմանադրականացման ճանապարհով գտնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի հիմնախնդիրների լուծման իրավական ճանապարհները: Մենք, առավել քան երբևէ, հավատում ենք այն ճշմարտությանը, որ կայուն զարգացման, առաջընթացի, անվտանգության, արդարության հաստատման երաշխիքը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն է:

Ակնհայտ է նաև, որ մարդիկ դեռևս իրենց առօրյայում չեն զգացել սահմանադրական բարեփոխումների դրական ներազդեցությունը: Դա զարմանալի չէ, քանի որ Սահմանադրության նորմերը, համակարգային ամբողջականությամբ հանդերձ, ուժի մեջ են մտնելու միայն 2018 թվականից: Պարզ է նաև, որ սովորական մարդու, շատ-շատերի համար նոր իրավական համակարգի ընձեռած առավելությունները տեսանելի ու շոշափելի կլինեն 2018-2019 թվականներից սկսած: Սակայն դա միայն այն դեպքում, երբ մեզ՝ ձեզ հետ միասին, հաջողվի առաջիկայում ընդունել ու կյանքի կոչել բոլոր այն օրենքները, որոնք երաշխավորելու են Սահմանադրության իրական գործողությունը: Իսկ դրանք ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր օրենքներ են: Դուք պարտավոր եք ստանձնել այս ահռելի աշխատանքի պատասխանատվությունը:

Սոցիալ-տնտեսական վիճակի մասին

Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է կարճ և միջին ժամկետներում առկա ոչ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել ավելի պատրաստված և նախադրյալներ ունեցող տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Դրանք իրենց հերթին կբերեն տեղային աճի կենտրոնների ձևավորմանը՝ աստիճանաբար տարածվելով և հանգեցնելով երկարաժամկետ տարածքային համաչափ զարգացմանը: Միևնույն ժամանակ, առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր խնդիր մնալ:

Հայաստանի Հանրապետությունում հատկապես անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։

Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը:

Հայաստանի ՀՆԱ-ի մասին

Մեր նպատակին հասնելու համար կարևորագույն նշանակություն ունեն նաև այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:

Ընդ որում` համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները: Անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը:

Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները:

Արցախյան հիմնախնդրի մասին

Այսօր պիտի անդրադառնամ և հստակություն մտցնեմ միայն նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, անպատասխան թողնել չի կարելի, քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ։

Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել և հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։

Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ։

Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ:

Քսան տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ։ Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։

Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։

Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը։

Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք:

Մինչ վերջին տարիների բանակցային գործընթացի հիմնական էությանն անդրադառնալը, կցանկանայի ևս մի տեսակետի արձագանքել։ Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսևորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։

Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից։

Փոխարենը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաև, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաև Արցախի ներկայացուցիչները:

Մի խոսքով, հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը։

Նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։

Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձևակերպումներն անընդունելի են։

Մի կարևոր հավելում ևս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն, սա ևս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որևէ քննադատության չի դիմանում:

Հիմնահարցը մինչև այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա։ Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում և իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։

Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։

Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց և պատրաստ ենք ու այսուհետ ևս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով։

Կոռուպցիայի մասին

Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության:

«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ:

Ընդդիմության դերի մասին

Խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության և խորհրդարանական փոքրամասնության միջև է: Ուստի, խորհրդարանական փոքրամասնությանը Սահմանադրությունը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ:

Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը կարևոր դերակատարում է վերապահել սահմանադրական օրենքների ընդունման հարցում, որոնք պետք է արժանանան որակյալ մեծամասնության, այն է՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի հավանությանը. Ազգային ժողովի կանոնակարգ, Ընտրական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին օրենք, Հանրաքվեի մասին օրենք, Կուսակցությունների մասին օրենք և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք: Սրանք այն օրենքներն են, որ անմիջականորեն ազդում են մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև պետական իշխանության կազմակերպման վրա, ուստի պահանջում են ավելի մեծ կայունություն և ավելի լայն համաձայնություն:

Նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի մասին

Այսօր պիտի անդրադառնամ և հստակություն մտցնեմ միայն նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, անպատասխան թողնել չի կարելի, քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ։

Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել և հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։

Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ։

Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ:

Քսան տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ։ Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։

Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։

Մեկնաբանել