Հայաստանը քառորդ դարում ծերացել է 7 տարով

Հայաստանը ծերանում է․ եթե 1990թ․ բնակչության միջին տարիքը 28․8 էր, ապա 2015թ․՝ 35.9 տարի։ Եթե 1990թ․ 0-15 տարեկանները կազմում էին Հայաստանի բնակչության 32%-ը, ապա 2017թ․՝ 21%-ը։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է է 2.982 մլն մարդ։ 1990թ․ այդ թիվը կազմում էր 3․515 մլն՝ 533 հազարով ավելի։

1990-2015 թթ. ժամանակահատվածում հանրապետության մշտական բնակչության կառուցվածքում կտրուկ նվազել է 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը, որը 1990թ․ կազմում էր 32%: 2016թ. տարեսկզբին 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 21%, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության թիվը՝ 11%, ինչը հանդիսանում է Հայաստանում բնակչության ծերացման կարևորագույն գործոններից մեկը: Բնակչության բնական վերարտադրության ցածր մակարդակը մնում է Հայաստանի ժողովրդագրական լրջագույն խնդիրների շարքում:

Պտղաբերության գործակիցը մեկ կնոջ հաշվով 2015թ. կազմել է 1.645 միավոր, 2014թ.՝ 1.651․ այն զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 ցուցանիշից:

Հայաստանում 2006-2016 թթ․ ընթացքում ամուսնությունների թիվը նվազել է 593-ով, ամուսնալուծությունների թիվը 10 տարվա ընթացքում աճել է 851-ով կամ 30%-ով։ 1990թ․ գրանցված ամուսնությունների թիվը 1․7 անգամ ավելի է 2016թ․ գրանցվածներից, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 633-ով պակաս 2016-ից։

2017թ․ առաջին եռամսյակում գրանցվել է 3544 ամուսնություն (նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7%-ով) և 972 ամուսնալուծություն (նախորդ տարվա նկատմամբ աճել է 14%-ով)։

2016թ․ ամենաշատ ամուսնությունները 1000 բնակչի հաշվով գրանցվել են Վայոց ձորում (7.0‰), ամենաշատ ամուսնալուծությունները՝ Լոռիում (2.4%):

Կարդացեք նաև՝

Հայաստանը վերածվում է ծերացող ազգի

Հայաստանի դատարկվող դպրոցները․ 66 հազարով պակաս աշակերտ՝ տասը տարում

Մահացության գործակիցն աճել է

Հետխորհրդային տարիներին մահացության ընդհանուր գործակիցն աճել է՝ 1991թ. 6.5-ից՝ 2016թ. հասնելով 9.4-ի:

Հայաստանում մահացության ընդհանուր գործակցի աճի հիմնական բաղադրիչներից է բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությունը՝ բնակչության ծերացումը:

Մահացության տարածված պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (46%), չարորակ նորագոյացությունները (22%), շնչառական օրգանների հիվանդություններ (8%)։

Հայաստանում կանայք 6.5 տարով ավելի երկար են ապրում տղամարդկանցից։

Կանանց մոտ ավելցուկային քաշի առկայությունը՝ 54.1%, նշանակալիորեն գերազանցում է տղամարդկանց ցուցանիշին՝ 47.9%:

Աղբյուրներ՝

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, armstat.am

ՀՀ առողջապահության նախարարություն, moh.am

Պատրաստեց Լիլիթ Աբովյանը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել