Նիկոլ Փաշինյանը դեմ է հաշվիչ հանձնաժողովի կարգին

Վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստում առաջարկվեց ձևավորել Հաշվիչ հանձնաժողովի կարգը։ Նիստը վարող Կնյազ Հասանովը ընթերցեց ՀՀԿ-ի առաջարկը, համաձայն որի, հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ն կունենա 5 ներկայացվածություն, «Ծառուկյան» դաշինքը՝ 2, իսկ ՀՅԴ-ն և ԵԼՔ-ը մեկական ներկայացվածություն։

ԵԼՔ  դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ-ի առաջարկը քվեարկելուց առաջ ձայն խնդրեց և ասաց․

«Մեր խմբակցությունը չի մասնակցել հաշվիչ հանձնաժողովի կազմի քննարկմանը, ուստի մենք համաձայն չեն հանձնաժողովի կազմի այս առաջարկին»,- ասաց Փաշինյանը, հավելելով, որ իրենց խմբակցությունն առաջարկում է յուրաքանչյուր խմբակցություն Հաշվիչ հանձնաժողովում ունենա հավասար թվով ներկայացվածություն։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարությանը՝ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ երեկ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հետ և վերջինս ասել է, որ նույնիսկ եթե համաձայն չլինեն ՀՀԿ-ի առաջարկին, միևնույն է կհամարեն, որ քննարկում եղել է։

«Այնպես որ հորդորում եմ առաջին օրը չսկսել նման ոճով, քանի որ ձայները բաժանված են ըստ համամասնության»,- ասաց Բաղդասարյանը։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ արձագանքելով ՀՀԿ-ի առաջարկին ասաց, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովն իր առաջին որոշմամբ փորձում է «արդյոնավետ կերպով չեզոքացնել իրենց»։

«Մենք առաջարկություն ենք արել, որը ժողովրդավարական երկրներում շանս ունի հաստատվելու։ Մենք նպատակ չունենք սաբոտաժի ենթարկել ձեր առաջարկը, բայց պնդում ենք, որ ներկայացնեք հիմնավորում, թե ինչու չի կարող Հաշվիչ հանձնաժողովը կազմված լինի Աժ խմբակցութունների անդամների հավասար համամասնությամբ»,- ասաց Զեյնալյանը։

Հանրապետական մեծամասնությունը այնուամենայնիվ որոշում կայացրեց քվեարկության դնել իրենց առաջարկը, որն ընդունվեց 51 կողմ և 8 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն վերցրեց Նիկոլ Փաշինյանը և ասաց․ «Բաղդասարյանի հայտարությունը չի համապատասխանում իրականությունը և հույս ունեն, որ այն ոչ թե դիտավորյալ խեղաթյուրման, այլ թյուըմբռման արդյունք է»։