ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը։ Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցեց հարյուր պատգամավոր, որից 88 կողմ և 12 դեմ է քվեարկել Բաբլոյանի թեկնածությանը։

ԵԼՔ խմբակցության կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանի թեկնածությանը կողմ էր 12 պատգամավոր, դեմ՝ 88:

Ընդունելով իրեն վստահված բարձր պաշտոնը՝ Արա Բաբլոյան երդվեց ժողովրդի առաջ բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, պահպանել Սահմանադրությունը և օրենքները, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխությունը, ազգային և համամարդկային արժեքները պահպանելու համար։

Նախագահ ընտրվելուց հետո Աժ-ում մեկնարկեց ԱԺ նախագահի երեք տեղակալների առաջադրման գործընթացը։ ՀՀԿ-ն Աժ նախագահի տեղակալների համար առաջարկեց Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը։

Համաձայն փոփոխված սահմանադրության և կանոնակարգ օրենքի ԱԺ տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի նաև ընդդիմությունը և «Ծառուկյան» դաշինքը առաջադրեց Միքայել Մելքումյանի թեկնածությունը։

Աժ պատգամավորները հարցեր են ուղղում թեկնածուներին։ Ընտրությունը տեղի կունենա փակ-գաղտնի քվեարկությամբ։

Թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Մեկնաբանել