Ազգային ժողովն ընտրեց երեք փոխնախագահներին

ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը ընտրվեցին վեցերորդ գումարման ԱԺ նախագահի տեղակալներ։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այսօր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը ներկայացնող երեք պատգամավորներ՝ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը Աժ-ին են ներկայացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե վերհիշյալ պատգամավորները հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթյա ընթացքում գրավոր դիմումով հետ չվերվցնեն հրաժասրականի մասին իրենց նախորդ դիմումը, ապա կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված։

ԱԺ նախագահը հրապարակեց նաև խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները։

ՀՀԿ խմբակցությունը երեկ գումարված խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, իսկ քարտուղար Գագիկ Մելիքյանին։ ԵԼՔ-ը՝  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին և քարտուղար Գևորգ Գորգիսյանին, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը այս ԱԺ-ում կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը կլինի Վահե էնֆիաջյանը։  Հայ հեղափոխական դաշնակցությունը ինչպես նախորդ այնպես էլ այս գումարման ժամանակ Աժ-ում կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը կշարունակի մնալ Աղվան Վարդանյանը։