Ստորագրահավաք ընդդեմ Արամ Աթեշյանի

Ստամբուլում գործող և հայերից բաղկացած «Միտք հարթակը» (Düşünce Platformu) Change.org կայքում հայերեն և թուրքերեն լեզուներով հանդես է եկել Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արք․ Աթեշյանի հրաժարականի պահանջով և Աթեշյանի դեմ ստորագրահավաք է կազմակերպել։

«Միտք հարթակն» իր տարածած հայտարարության մեջ չի ընդունում Արամ Աթեշյանի փոխանորդ լինելը, քանի որ Գարեգին արք․ Բեքչյանի տեղապահ ընտրվելուց հետո Աթեշյանը պետք է հրաժարական տար, ինչը տեղի չի ունեցել։  Հրապարակված տեքստում մի խումբ պոլսահայեր Աթեշյանին մեղադրում են Պոլսի պատրիարքի ընտրությունների անցկացումը խոչընդոտելու և պետական վարչամեքենան իր օգտին  ծառայեցնել փորձելու համար։

«Միտք հարթակը» Թուրքիայի հայությանը կոչ է անում համախմբվել պատրիարքի տեղապահ ընտրված Բեքչյանի շուրջ, որին, ըստ կանոնական օրենքի, վիճակված է կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունները։

Ստորև՝ «Միտք հարթակի» տարածած հայտարարությունը․

«Թուրքիոյ հայոց պատրիարքութիւնը բռնագրաւուած է։ Չէք տեսնե՞ր։

Բոլոր իրաւասութիւնները վերջացած ըլլալով հանդերձ, իր ոչ-կանոնական տիտղոսին յամառութեամբ փակած,

1700-ամեայ հնամենի եկեղեցւոյ մը ներքին գործերուն պետական վարչամեքենան կեղծիքով ու սուտերով ներքաշել փորձող,

բարերարութեան դիմակին տակ իշխանութեան ձգտող անիշխան անպատասխանատուներ խոչընդոտեցին ընտրական գործընթացը։

Ո՛չ խելք, ո՛չ խիղճ, ո՛չ մարդ, ո՛չ կրօնք, ո՛չ իրաւունք, ո՛չ ալ աւանդութիւն կը ճանչնան։

Տեղապահին ու ժողովուրդին առջեւ եկեղեցւոյ դուռը դրուած ամօթանքի շղթաները

այս հասարակութեան ոտքերուն անցուած ոտնակապեր են։

Բոլոր անոնք, որոնք պաշտպանեցին հասարակութեան պատիւը,

նաեւ այն պատասխանատուները, որոնք չկանխեցին կատարուած փաստերը՝

ՊԻՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԱՏԵԱՆԻՆ ՄԷՋ։

Անոնց թոռներն ալ որպէս դաս պիտի կարդան։

ԿՈՉ Կ՚ՈՒՂՂԵՆՔ

Արամ Աթէշեանին՝ հրաժարելու,

պատասխանատուներուն՝ առնելու անհրաժեշտ քայլերը, որպէսզի Արամ Աթէշեան հեռանայ իր բռնագրաւած աթոռէն ու ձեռնարկուի ընտրական գործընթացին,

համայնքային մարմիններու վարիչներուն՝ հեռու մնալու Աթէշեանին ապօրինաբար գրաւած դիրքը եւ այլեւս անգոյ տիտղոսը ճանչնալու միտող ամէն տեսակ գործողութենէ, եւ բոլորուելու տեղապահին շուրջ, որ յառաջ պիտի տանի ընտրական գործընթացը,

եւ վերջապէս որոշում կայացնելու կոչուած մեծագոյն մարմինը հանդիսացող մեր ժողովուրդին՝ այս կոչը ստորագրելով բարձրացնելու իր ձայնը։

Լսենք ձեր ձայնը, տեսնենք ձեր դիրքորոշումը»։

Մտքի հարթակ

Սա «Միտք հարթակի»՝ պատրիարքի ընտրությունների անցկացմանը միտված առաջին քայլը չէ։ 2016 հունիսին «Միտք հարթակի» նախաձեռնությամբ մի խումբ պոլսահայեր սև ծաղկեպսակ էին դրել պատրիարքարանի առաջ՝ հայտարարելով, որ իրենք ցանկանում են պատրիարք ընտրել։

2008 թ․ Կ․ Պոլսի նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո Հայոց եկեղեցու նվիրապետական այդ աթոռը չունի իր գահակալը։

Պոլսի պատրիարքի թափուր գահի թեմայի վերաբերյալ ՍիվիլՆեթի պատրաստած ֆիլմը: