Ադրբեջանում սահմանափակել են Facebook-ը, Skype-ը և Whatsapp-ը  

Ադրբեջանում Whatsapp-ը, Facebook-ն ու Skype-ը վերջին մի քանի օրերի ընթացքում հաճախակի ընդհատումներով են աշխատում, գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ն։

Չնայած ընդհատումների պատճառները դեռ հստակ չեն՝ Ադրբեջանի Ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գունդուզը հաստատել է, որ WhatsApp-ի և Skype-ի հաճախորդների միջազգային տրաֆիկն արդեն փակվել է:

«Ցավոք, Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բացատրություններ չի տալիս, սակայն քանի որ այդ նախարարությունը ոլորտը կարգավորող պետական մարմին է, ակնհայտ է, որ բջջային օպերատորները և ինտերնետի մայրուղային մատակարարը չէին կարող նման որոշում կայացնել առանց նախարարության թույլտվության։ Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ արտաքին հաղորդակցության այս արգելքը իրականացվում է այդ ընկերությունների կողմից»,- ասել է Գյունդուզը տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում։

Ադրբեջանական Minval.az կայքը հուշում է, որ այդ որոշումը կայացվել է, որպեսզի Բաքվում անցկացվող Իսլամական համերաշխության խաղերի ընթացքում կանխվի ահաբեկիչների՝ միմյանց հետ շփումը։

Սակայն, Գյունդուզը նշում է, որ քայլի ետևում կարող է լինել տնտեսական գործոնը։

«Շահագրգիռ կողմերի միջամտությունը չի բացառվում: Գաղտնիք է, որ ինտերնետի միջոցով անվճար զանգերը դուր չեն գալիս բջջային օպերատորներին»,- ասել է նա:

Եվ սա այն բանից մի քանի օր հետո, երբ Բաքվի քաղաքային դատարանը որոշեց աջակցել Կապի նախարարության կողմից մի շարք լրատվամիջոցների արգելափակումը, այդ թվում՝ Turan TV, Meydan TV ևԱզատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ Radio Azadlig-ը։

Մեկնաբանել