Մայիսի 19-ին Իրանում կայացած նախագահական ընտրություներում առջևում է գործող նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է BBC-ն։
26 միլիոն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքով՝ Հասան Ռոհանին ստացել է 14,6 միլիոն ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ 56-ամյա հոգևորական Էբրահիմ Ռայիսին, որը վայելում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի աջակցությունը, ստացել է 10,1 միլիոն ձայն։ Ընդհանուր քվեարկել է 40 միլիոն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների մոտ 70 տոկոսը։
Ռայիսին արդեն բողոքարկումներ է ներկայացրել՝ հայտարարելով ընտրախախտումների մասին։ Նա Ռոհանիի կողմնակիցներին մեղադրել է ընտրատեղամասերում պրոպագանդայի համար, ինչն արգելված է օրենքով։
Ընտրություններին քվեարկողների բարձր՝ 70 տոկոս մասնակցության պատճառով Իրանի իշխանությունները ստիպված են եղել հինգ ժամով երկարաձգել ընտրատեղամասերի աշխատանքը։
Կարդացեք նաև՝ Իրանի նախագահական ընտրությունները. ով ով է
Ո՞վ է Էբրահիմ Ռայիսին
Ռայիսին պահպանողական հոգևորական է և «սեյիդ». ըստ շիական ավանդույթի՝ այդպես են կոչվում նրանք, ում տոհմը անմիջապես սերում է Մուհամեդ մարգարեից։ Նա 56 տարեկան է, գիտնական-աստվածաբան և կոշտ միջոցների կողմնակից։ Ռայիսին 25 տարեկանում արդեն Թեհրանի գլխավոր դատախազի տեղակալն էր։ 1988թ. նա այսպես կոչված «մահվան հանձնաժողովների» չորս դատավորներից մեկն էր։ Այդ հանձնաժողովները ավելի քան 4 հազ. քաղբանտարկյալների մահապատժի են դատապարտել։ Իսկ 2010թ. Ռայիսին անձամբ պատասխանատու էր ինը ցուցարարների մահապատիժների համար:
Համարվում է, որ նրան աջակցում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին: Ռայիսին հաճախ չի հիշատակվում Իրանի պետական լրատվամիջոցներում։ Բայց նրա թեկնածությունը ակտիվորեն քննարկվում է Իրանի սոցիալական ցանցերում և Իրանից դուրս գտնվող պարսկական հեռուստաալիքներով:
Ո՞վ է Հասան Ռոհանին
Ռոհանիի քաղաքական բառապաշարի առանցքային բառը չափավորությունն է։
2013թ. նա ընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում՝ խոստանալով վերջ դնել երկրի միջազգային մեկուսացմանն ու ստեղծել ազատ հասարակություն:
Երկու տարի անց Իրանի կառավարությունը պատմական համաձայնագիր ստորագեց աշխարհի վեց տերությունների հետ, Իրանը համաձայնեց մասամբ կրճատել իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:
Քարոզարշավի ընթացքում Ռոհանին հենվում է բարեփոխականների աջակցության վրա՝ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի գլխավորությամբ, որին նրա իշխանության տարիներին (1997-2005) երբեմն անվանում էին «իրանական Գորբաչով»:
«Չնայած առկա խնդիրներին, բարդությանն ու ակնկալիքների բեռին, Ռոհանիի կառավարումը շատ հաջող է եղել։ Նրա օգտին քվեարկելով՝ մենք քվեարկելու ենք մտքի ազատության, արդարության, երկխոսության և քաղաքացիների իրավունքների պահպանման, սոցիալական արդարության օգտին»,- ասել է Խաթամին։
Նա նաև նշել է Ռոհանիի ձեռքբերումները գնաճի դեմ պայքարում․ նրա նախագահության տարիներին գնաճը կրճատվել է տարեկան 40%-ից մինչև 9.5%-ի։
Ռոհանին բարձրագույն կրթությամբ շիա աստվածաբան և իրավաբան է։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Շոտլանդիայի (Գլազգո) Կալեդոնիայի համալսարանում, տիրապետում է արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներին։