Էջմիածինը Պոլսի պատրիարքական խնդրում զորակցում է Գարեգին արք․ Բեկչյանին՝ ընդդեմ Աթեշյանի

Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Պոլսի պատրիարքական տեղապահ Տ․Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին և Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հորդորում է «ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար»։

Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ։

Ժողովին զեկույցով հանդես է եկել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ․ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը՝ ներկայացնելով պատրիարքությունում տիրող բարդ իրավիճակը։ Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն է հայտնել Հայոց պատրիարքությունում ստեղծված կացության առնչությամբ, երբ պատրիարքական ընտրյալ տեղապահը հնարավորություն չունի ձեռնամուխ լինելու իր պարտականությունների իրականացմանը։ Գերագույն հոգևոր խորհուրդը զորակցություն է հայտնել Պատրիարքական տեղապահին՝ «հորդոր ուղղելով, որպեսզի Պատրիարքության հոգևոր դասի և ազգայինների հետ գործակցության խաղաղ մթնոլորտի մեջ ջանքեր ներդրվեն պետական պատկան կառույցների հետ բարվոք լուծումներ գտնելու ստեղծված կացությանը»։
«Անդրադարձ կատարելով այս գործընթացում Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դրսևորած կեցվածքին՝ Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց հորդորել նրան, առաջնորդվելով Հայ եկեղեցու կարգերով և կանոններով, զորավիգ լինելու պատրիարքական ընտրյալ տեղապահին և ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը՝ պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

Մարտի 15-ին, հոգևորականության քվեարկության արդյունքում Պոլսի պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, պոլսահայ Գարեգին արք․ Բեկչյանը։ Նա ձայների ընդհանուր թվով առաջ է անցել պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք․ Աթեշյանից։ Սակայն անսպասելի զարգացում է տեղի ունեցել։ Բեքչյանի ընտրվելուց հետո Աթեշյանը մամուլի ներկայացուցիչներին է բաժանել Ստամբուլի նահանգապետարանի հայտարարությունը, ըստ որի՝ ընտրությունների գործընթացն օրինական չէ։ Նահանգապետարանը դա պատճառաբանում է հայ համայնքի տարաձայնություններով և այն փաստով, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդը մինչ ընտրությունները հրաժարական չի տվել։ Գարեգին Բեկչյանը հայտարարել է, որ պատվիրակություն է գնացել նահանգապետարան և առաջիկայում հարցը կպարզվի։

Թեմայի վերաբերյալ՝

Ստորագրահավաք ընդդեմ Արամ Աթեշյանի

Ոչ ոք չի կարող արգելել Պոլսի պատրիարքի ընտրության անցկացումը․ Գարեգին արք․ Բեքչյան

Պոլսո պատրիարքի թափուր գահն ու փոխանորդ Արամ Աթեշյանը․ անավարտ պատմություն

Մեկնաբանել