Կանգնեցնե՛նք դպրոցների առևտրայնացումը․ Ծնողների նախաձեռնության կոչը

Ապրիլի 15-ին ինքնաբուխ հավաքով ձևավորված «Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում կանգնեցնել դպրոցների առևտրայնացումը։ Հաղորդագրությունը՝ ստորև։

«Մայիսի վերջին և հունիսի սկզբին ավարտական 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում քննական շրջան է, և ծնողները, մեծ մասամբ իրենց նախաձեռնությամբ, հյուրասիրություն են կազմակերպում քննական հանձնաժողովների համար: Ժամանակն է արմատախիլ անել այս քաղքենի և տգեղ երևույթը. այն պատիվ չի բերում ո՛չ մանկավարժին, ո՛չ կրթական հաստատությանը և ո՛չ էլ նախաձեռնողներին:

Հասունացել է կրթական հաստատություններում դրամահավաքի և այլ անօրինական երևույթների դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պահը: Այդ քայլերի արդյունավետությունը կախված է ոչ այնքան Կրթության նախարարության շրջաբերականներից, որքան մեր՝ ծնողներիս ակտիվ և համախմբված ջանքերից:

Եկե՛ք հանուն մեր երեխաների՝ չարատավորենք այն միջավայրը, որտեղ նրանք կրթվում են, ուսուցչին շնորհակալ լինելը չարտահայտենք նվերներով (եթե դա ծաղիկ կամ բացիկ չէ) և քննությունների օրերին զանազան նյութական հատուցումներով: Մեր երկրում տիրող սոցիալական անարդարության և աղքատության պայմաններում ցուցաբերենք նաև համերաշխություն՝ չուռճացնելով արտադպրոցական միջոցառումների ծախսերը:

Հիշե՛նք, նվերները և դրամական օժանդակությունը բացահայտ կոռուպցիոն երևույթներ են և տեղ չունեն ժողովրդավարական հասարակություններում: Միայն բարեկիրթ և անկաշառ կրթական միջավայրում կարող է մեր երեխան ձևավորվել որպես ազատ ու ստեղծարար, իրավագիտակից, հանրային շահի հանդեպ նախանձախնդիր ու պատասխանատու քաղաքացի:

Միացե՛ք առողջ, արդար և բոլորի համար հավասար կրթական միջավայրի ձևավորմանն ուղղված մեր պայքարին: Նվերներով կախյալ մի՛ դարձրեք ուսուցիչներին, քանի որ դա նրանց հետ է պահում պետությունից արժանի վարձատրություն և սոցիալական արտոնություններ ակնկալելուց և պահանջելուց:

Մենք առաջարկում ենք համախմբված ու միասնական գործել։ Լուսանկարե՛ք, տեսանկարահանե՛ք նվերներն ու հյուրասիրությունները և ուղարկե՛ք Ծնողների նախաձեռնության էլ․ հասցեին ՝ [email protected]: Մենք խոստանում ենք հանրայնացնել դրանք։ Բացի այդ, բազմաթիվ ապացույցների առկայությունը մեզ կօգնի ավելի վճռականորեն պահանջելու գործելակերպի փոփոխություն։

Երաշխավորում ենք նյութը ներկայացրած անձի գաղտնիությունը և անանունությունը․ հրապարակման մեջ կնշվի միայն դպրոցի անունը և թե որ քննության ժամանակ է տեղի ունեցել տվյալ դեպքը»:

Նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ:

Մեկնաբանել